ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

rincón poeta_27052012 010Կենսագրություն թռչունների համար

Ծնվել եմ այն դարում, երբ մահացավ վարդը,
երբ շարժիչը արդեն ցրում էր հրեշտակներին:
Կիտոն դիմավորում էր փոստային վերջին դիլիժանսները,
ու նրանց հետևից վազում էին ծառերի շղթաները,
ցանկապատերն ու տները նոր թաղամասերի,
գյուղերի շեմերը,
ուր դանդաղաշարժ կովերը ծամում են լռությունը,
ու քամին շտապեցնում էր իր անկշռելի ձիերին:
Մայրս` փաթաթված մայրամուտից գործած գլխաշորով.
պահպանում էր երիտասարդությունը կիթառի խորքերում
ու միայն երեկոյան, երբեմն երևում էր  մեզ`
պարուրված երաժշտությամբ, լույսով ու բառերով:

Սիրում եմ անձրևի ջրագրությունը,
խնձորենիների դեղին լվերը
ու դոդոշներին, որ երկու անգամ, երեք անգամ հիշեցնում են
իրենց գեր փայտե զանգակները:

Օդի հսկա առագաստանավը մանևրում է անդադար:
Լեռնաշղթաների կատարները թվում են երկնքի ափ:
Մոտենում է փոթորիկը,
ու սլանում են հարձակվող գնդերը նրա,
ու  խփում է թմբուկը,
բայց հետո բարձրանում է արևը իր ոսկեգույն պահակախմբերով`
ստեղծելով աշխարհը` հողագործ ու թափանցիկ:

Տեսել եմ` ինչպես են մարդիկ գրկում գարին,
ինչպես են հեծյալներն անհետանում երկնքում,
ու վագոնները` բեռնված բառաչող անասուններով,
հեռանում են դեպի ափը, որ բուրում են մանգոյի պես:

Այնտեղ հովիտ է իր հասիենդաներով,
Այնտեղ արշալույսը պայթում է աքաղաղի կանլչի վազքով,
ու արևմտյան եզերքը, ու հուզվում է շաքարեղեգը,
ծածանում է իր խաղաղ դրոշները, կակաոն
թաքցնում է իր գաղտնի ուժը զարդատուփերում,
արքայախնձորը հագնում է բույրի զրահները,
ու բանանները հրաժարվում են իրենց
մետաքսե պատյաններից:

Ամեն ինչ դարձել է չհոգնող փրփրաբաշ ալիք,
ինչպես անհամար փրփուրները ծովի:
Տարիները անցնում են անշտապ`
հյուսելով վարսերը նրանց,
ու հիշողությունն արդեն, ինչպես ջրաշուշան,
երկու ալիքների միջև խեղդվածի տեսք ունի:

Կիթառն առաջվա պես դագաղ է երգի համար,
ու ճչում է աքաղաղը` վիրավոր գլխով:
Երկրային բոլոր հրեշտակները գաղթել են,
նույնիսկ շագանակագույն հրեշտակը կակաոյի:

Աշխարհագրություն

Աշխարհագրությու՜ն, դու եղել ուսուցիչն իմ երազանքների:
Ընթերցում էի կապույտ գիրքը ծովերի ու գետերի
իմ աներևակայելի ճամփորդությունների ժամանակ:
Ուսումնասիրում էի կորուսյալ լեռների
բարձրավանդակները` իրենց ժայռոտ բներով:
Ուսումնասիրում էի անհայտ անտառները,
ուր աճում էինթաքուն բույսերն անանուն:

Ես խարիսք էի գցում ծաղիկների կղզիների մոտ`
որպես նոր Ոդիսևս` տատսկների մեջ մոլորված,
որոնումներում սիրո, որը չի մեռնում,
ծաղկող գավաթ`մշուշի մեջ փայլող գինով,
որ մաքրել է ժամանակը:

Աշխարհագրությու՜ն, տվեցիր ինձ քո ծովածոցերը,
որ ննջում են ալիքների մեջ,
ու ամպերի քո քարտեզները երկնային
ճամփորդությունների համար:
Սովորեցրիր տեսնել, որ հորիզոնը, գանձարան է`
մինչև վերջին սահմանները գանձերով,
բայց թռչող ձկները խեղդեցին ջրերում իրենց
կորուսյալ այբուբենն աշխարհի,
որ թաղված է նրանում:

Երազանքների ուսուցիչ , Աշխարհագրությու՜ն,
տուր ինձ այժմ ամենավեհը բոլոր շնորհներից,
տար ինձ դեպի դեռևս չհայտնագործված աշխարհամաս,
ուր ծաղկում է սերը,
ինչպես բույսն անանուն:

Ոչինչ չի օգնում կղզուն

Ի՞ նչը  կօգնի, խրվել կիթառի մեջ, ինչպես նավակ,
միայնության կանոեի1 մեջ,
ամեն ինչ լի է միայնությամբ,
լուսնի հինինով` արևադարձային տենդի դեմ,
փախչել այդ սողունից, ու հետապնդում է մեզ,
օրերի խավար հոսքում սպասում ենք աղետին:

Ոչինչ չի օգնի տերևներից ու փետուրներից ծնված պսակավոր կղզուն,
որի ավազում ջուրը դառնում է քայլաձև,
թույլատրելով` գտնել կապարե մետաղադրամներ`
ձուլված կեսօրին,
որոնց վրա մահը դրոշմել է իր պատկերը:

Ոչինչ չի օգնի քե°զ, վա°րդ,
որ քո առանցքի կրակն ես անշտապ տաշում,
ոչինչ` ադամանդը` հանքային իղձը փայլի,
ոչինչ` մրսող վրձինները, փշոտ փաթաթուկները թխկու,
որ պատել են ծանր, քաղցր շղարշը երեկոյի:

Ոչինչ չի օգնի, երկի°ր, քո գույնզգույն քարերին,
երբ երկինքը պահպանում է լռությունը ձգվող,
ու գետը քիմքի տակ կրկնում է անընդմեջ
անձրևի ու ստվերի նույն հում սիլլաբները :

Ոչինչ չի օգնի քե°զ, ձի°,
ու փախչում ես թափառող կրակից,
որ սլանում ես քամու մեջքին:

Ոչինչ չի օգնի քե°զ, զա°նգ,
երկնքի թրի հարվածներից, նույնիսկ պատյանը քո:

երկնքի թրի հարվածներից, նույնիսկ պատյանը քո:

Զու°ր է լուսարձակը.
փոթորիկը կխեղդի նրան անդունդի եզրին,
զու°ր են մենության գորշ համազգեստներով
մարդկանց տոները որբանոցներում,
կամ սանդուղքը, որի աստիճանները
գողանում է մութը:

Ոչինչ չի մնա քե°զ, կիթա°ռ, ոչինչ,
քանզի խեղդվում ես մեղեդու ալիքներում,
ու մեր օրը սպասում է մեզ` կանգնած փողոցում:

Ոչինչ մերը չէ

Ամեն օր նույն ծառը` շրջապատված
իր կանաչ շատախոս ընտանիքով,
ամեն օրը լացն է մանկան` ժամանակի
տարուբերվող ճոճանակին` ստվերում:

Գետը անշտապ բաժանում է թափանցիկ քարտեզները:
Լռությունը քայլում է դեպի հաջորդ հնչյուն,
սերմը բացում է կոպերը տիղմի մեջ`
զգայուն թերթիկներով:

Ոչ ոք չգիտի` ինչու են ապրում թռչունները`
ո °չ քո շիշը գինով, ո°չ լիալուսինը,
ո°չ կակաչը, որ այրվում է իր բոցում,
ո°չ կինը տավիղով` երջանիկ ստրկուհին:

Երբ անձրև է,մենք հագնում ենք մեզ ենթարկվող ուռկաններ`
անտեսանելի ու բարի իրեր,
զարդարում ենք մեզ թեթև աճյուններով աղավնիների,
ծիածաններով ու հրեշտակներով:

Ողողում ենք ժլատ ոսկին օրվա`
հաշվելով հատիկները, իսկ վիրավոր արևմուտքը
այրում է իր նավերը, ու մոտենում է գիշերը`
սև ցեղերի նավապետը:

Դու խասում ես այդժամ, երկի°նք,
վառվում է քո վեհ գիշերային քաղաքը,
քո ամբոխներն անցնում են բոցավառ երթով
ու լռությամբ նայում են մեզ:

Բոլոր ձևերը երկրային ու անցողիկ են.
պատանին ձգվել է անկողնում, ինչպես արձան,
կնոջ կուրծքը նման է երկսիրտ թռչունի,
նենգ մահը` կարիճի տեսքով:

Մահը ծածկում է երկիրը սև արկերով,
ուր խմբվել են հրեշավոր սարդերը:

Մահացածները վարդապետներ են ստորգետնյա վեհաժողովից,
ի՞նչ մահը`կորցնել ամեն ինչ աշխարհու՞մ,
թե՞ գտնել քո հինավուրց հայրենիքը:

Հագեցել ես տարիներից ու կանանցից,
թե  ցանկան Աստված` կծնկես,
միայն հիշողությունը երկրային իրերի,
կմնա քո դատարկ ափերի ջերմության մեջ`
արդեն անօգուտ:


Անապատը ներսում

Ամպերի գլխարկը
չի սազում ակացիային:

Զայրացած ճանճը թռչում է
դեպի տիղմը` իր ամրոցը,
պարում է ավերակների վրա
ցողի աշխարհի:

Ակացիան փակվում է իր մեջ`
լսելով շնչառությունը:
Երկրի ընդերքում փնտրում է սեփական
սիրտը մամուռից, սիրտը խխունջներից:

Նրա ծեր ու դեռ չխաչված ձեռքերը
նվիրում են բյուր ձվակերպ դրամներ,
որ մարդիկ գնեն իրենք երկինքը:

Թռչունը ավետում է ներկան մրգի,
ապակե վանկով հարցնում է ` ոչի՞նչ:

Ծմում են դառը տերւը կյանքի կոկայի`1
Ինչի՞ն եմ սասում: ինչ- որ ժամանակ
Մի արտույտ էր ապրում իմ կրծքում,
այսօր` ավազե մեծ գերեզման է այնտեղ:

Բոլոր անպտուղ տարիները
թաղված են պառկած ժայռի տակ:

Չվերծանված  պետրոգլիֆները2
Քո խոր ընկած աչքերում են.
օ՜ , ապշեցնող նշան սահմանադրության:

Պտտվում է քամին`
թափառող  աստվածը փոշու`
դառնալով կակտուս, ավազների վարդ:

Թռչունը համառորեն
նույն հարցն է տալիս,
որին ոչ ոք չի պատասխանում:

Ծիծեռնակները

Ես կարող եմ խոսել վաղը:
Այսօր դիմավորում եմ ծիծեռնակներին:
Առաջին անձրևից թրջված փետուրներով
նրանք բերում են թարմ նորություններ
իրենց երկնային բներից:
Լույսը փախչում է` փնտրելով, թաքնվելով:
Պատուհանները լարված թերթում են էջերը,
արագորեն հանգչում են` թափառող փնթփնթոցներով:
Գիտակցությունս երեկ բարեբեր եզերք էր,
այսօր`լերկ ժայռ:
Ենթարկվում եմ լռությանը,
քանզի հասկանում եմ ճիչը թռչունների,
դաժան ճիչը վախի,
երբ լույսը խեղդվում է առաջին անձրևի մեջ:    

Մերկ աղջիկը

Ժամանակի զարկերակի հարվածը.
դու ես գլխավորում,
ինչպես ուրախության տաճարը`
հմայքի շքերթը:

Հոտառության ձկնորսը
նետում է իմ հիշողության մեջ
իր եռաժանին:

Բուրմունքի փուշը
երազից երազ
խրվում է իմ մեջ:

Զովության վերնազգեստը
տամկացնում է մաշկս,
ծովաքարը շոյում է
մրգի փափկությամբ:

Տաք ձեռքերի խաչը
զսպաշապիկն է փետուրներից
ու ձյունից:

Քո մարմնի խարույկից վեր
երգում է հրեշտակը`փակված թևերով:


Կատարյալ կյանք

Ճագա°ր, երկչո°տ եղբայր, իմ ուսուցի°չ և փիլիսոփա°,
կյանքդ սովորեցրեց ինձ լռել:
Մենությանդ մեջ ոսկե հանք ես տեսնում,
չի հուզում քեզ տիեզերքին հավերժ ընթացքը:

Իմաստության փոքրի °կ որոնող, ինչպես գիրք
Թերթում ես համեստ բարի կաղամբը
ու հետևում ես ծիծեռնակների թռիչքներին,
ինչպես սուրբ Սիմոնը` նստած իր մութ քարանձավում:

Քո բարի Աստծուն խնդրի °ր երկնային պարտեզի մասին,
որտեղ կաղամբի գլուխները հախճապակե
երանության մեջ են,
որտեղ քաղցր ջուր կա քո քնքուշ մռութի համար,
ու աղավնիների թռիչք` քո գլխավերևում:

Ապրում ես իրագործված սրբության բույրի մեջ:
Սուրբ Ֆրանցիսկի գոտին կհպվի քեզ
մահվանդ օրը. երեխաների հոգիները
կխաղան երկնքումէ երկար ականջներիդ հետ:

Երկրային տուն

Ապրում եմ խաղաթղթե տնակում,
ավազե տնակում, օդեղեն դղյակում
և անցկացնում եմ րոպեները` սպասելով
անկումին պատերի, հարվածին կայծակի,
երկնային փոստին` վերջին նախազգուշացումով,
դատավճռին, որ թռչում է իշամեղվի թևերին,
հրամանին, որ արյունոտ մտրակի պես
տարածում է քամու հետ հրեշտակների մոխիրը:

Այնժամ կկորցնեմ երկրային իմ տունը
ու նորից կարթնանամ մերկ,
ձկներն ու աստղերը վաղ առավոտյան
կելնեն երկինք` բացված արահետով:

Ամենը, ինչ եղել է`գույն, թռչուն, անուն,
կրկին կդառնա միայն մի բուռ գիշեր,
ու թվերի, փետուրների մնացորդներին,
սիրո մարմնին` հյուսված մեղեդուց ու պտղից,
կիջնի վերջապես, ինչպես երազ, ինչպես ստվեր,
փոշի առանց հիշողության:


Արշալույսի ափը

Փրփրոտ ալիքների գիրքը,
մեկնաբանում էր առագաստը:

Քնաթաթախ ծովախորշում օրորվում էր
լուսինը` ինչպես նավաստու գլխարկ:

Ծովը հանդարտ պտտում էր
Խճանկարով վիտրաժը:
Քամին նուրբ մագաղաթով
փաթաթում էր նավակայմը:

Մինչ գիշերային բրիգանտինան,
արշալույսի ափից սուզվեցին շողերը`
գտնելով ակնթարթը ճշմարտության:

Երկնքի եզերքին կղզիները նման են նավերի:
Ամպ-նավակում խաղախ օրորվում էր աստղը:


Տիեզերքի նախաճաշը

Չորս մերկափոր ժամ
ձմերուկը առավոտի
բաժանում են չորս կտորի:

Վերևում բացվում է կապույտ աչքը:
Երկրի զավակներն ուսումնասիրում են
շաքարի վարդապետարանը:

Գիշերային թատրոնի թավշից
բացվում են պատուհանները
աչքերը լցված են արցունքով:

Չի լռում, չի դադարում
հոգնեցնող երգը ժամացույցի
հավերժական դատարկություններից մեկում;

Վերածվելով օդ ու ջրի` ձմերուկե երկնքում
հալչում են շաքարե աստղերը:

Լավ լվացված աշխարհը այժմ
դաշտի կտորների հետ
ուտում է լույսը գդալով:

Լա Կորունյա

Կուզենայի լինել հաջողակ.
տնակ ծովի ափին
և հարսնացու` Լա Կորունյայից:

Նստել ջրի մոտ և ուղղակի
նայել`ինչպես է փայլում առագաստը,
ինչպես են լողում աստղերը:

 

Սանտանդեր 

Չի հասկացել հոգին քամու,
չի շոյել մաշկը ծովի,
ով չի ապրել Սանտանդերում:

Երկու շարքով շարված ծառեր.
թրջվում է փողոցը Պերեդայի:
Երկինքը փայլում է ձկան պես:


Լա Պալիս 

Գուժում է ճերմակ ալիքը,
որ Ռե  կղզու վրա
գերեվարված է լուսինը:

Հորիզոնում ծուխ է բարձրացել.
շեփորները երգում են այն մասին,
որ աշխարհը միասնական է ու բազմադեմ:

Նյու Յորքը գիշերով
Նեղ աստիճանների նման
հասել են մինչև լուսին
սյուները երկնաքերների:

Իսկ թորանոթներում պատուհանների
երեկոն բոց է դարձնում
մարդկային հույսը:

© Թարգմանություն ` Նաիրա Համբարձումյան

Աղբյուր՝ http://www.nairahambardzumyan.com/index.php?option=com_content&view=article&id=121%3A2012-06-04-21-06-04&catid=52%3A2010-11-10-20-06-41&Itemid=99&lang=hy&showall=1

Advertisements

Leave a comment

15/06/2013 · 1:53 PM

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s