ՀՐԱԺԵՇՏԻ ՆԱՄԱԿ

gabriel-garcia-marquez-0503Բոլորին հայտնի և համացանցում բավական հանրահայտ դարձած «Հրաժեշտի նամակ մարդկությանը»-ը, որի հեղինակային իրավունքները վերագրում են Մարկեսին, իրականում նա չի գրել: Խառնաշփոթ իրավիճակը բնութագրելով, գրողը իր զարմանքն  է հայտնել այն բանի առթիվ, որ այդքան մարդիկ շփոթության մեջ են ընկել:

Այն գրել է մեքսիկացի  Ջոնի Վելչը:

Այնուամենայնիվ, այս խոսքերը շատ լայն տարածում գտան Հայաստանում և աշխարհում, այնպես որ, ևս մեկ անգամ ներկայացնենք հայտնի  հրաժեշտի նամակը  2 տարբեր թարգմանություններով՝ 

 «Հրաժեշտի նամակ»

1. Թարգմանությունը՝ Վ. Խանումյանի

Եթե Աստված գեթ մի պահ մոռանար, որ ես միայն մի կտորե խամաճիկ եմ և կյանքի մի պատառիկ նվիրեր ինձ, հավանաբար չէի ասի այն ամենն ինչ մտածում եմ, բայց ի վերջո կմտածեի այն ամենն ինչ ասում եմ:

Կարժևորեի առարկաները, ոչ թե նրա համար, թե ինչ արժեն, այլ թե ինչ են նշանակում:

Կքնեի քիչ, կերազեի շատ, հասկանալով, որ ամեն րոպե, երբ փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Կքայլեի, երբ մյուսները կանգնած են, կարթնանայի, երբ մյուսները քնած են: Կլսեի մյուսներին, երբ խոսում են և կվայելեի մի շոկոլադե պաղպաղակ…

Եթե Աստված ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, ես համեստ կհագնվեի և բացահայտորեն ի ցույց կդնեի արևին ոչ միայն մարմինս, այլև հոգիս…
Աստվա՛ծ իմ, եթե ես սիրտ ունենայի, կգրեի իմ ատելությունը սառույցին և կսպասեի, որ դուրս գար արևը: Վան Գոգի երազով աստղերի վրա Բենեդետտիի պոեմներից մեկը կնկարեի, և Սեռռատի երգերից մեկը կլիներ այն սերենադը, որը կձոնեի լուսնին: Իմ արցունքներով կջրեի վարդերը, զգալու համար նրանց փշերի ծակոցների ցավը և նրանց թերթիկների վառ կարմիր համբույրը…

Աստվա՛ծ իմ, եթե ես կյանքի մի պատառիկ ունենայի, մի օր անգամ չէի անցկացնի առանց ասելու մարդկանց, որ սիրում եմ, սիրում եմ նրանց: Կհամոզեի յուրաքանչյուր կնոջ և տղամարդու, որ իմ սիրելիներն են և կապրեի սիրահարված սիրուն…

Մարդկանց կապացուցեի, թե որքան են սխալվում, երբ մտածում են, որ դադարում են սիրահարվել ծերանալուն զուգընթաց, առանց իմանալու, որ երբ արդեն էլ չեն սիրահարվում, ծերանում են: Երեխային ես թևեր կտայի, բայց կթողնեի, որ նա ինքնուրույն թռչել սովորեր: Ծերերին ցույց կտայի, որ մահը ոչ թե ծերության հետ է գալիս, այլ մոռացության: Այնքա¯ն բան եմ ձեզնից սովորել, մարդի՛կ… Հասկացել եմ, որ ամբողջ աշխարհն ուզում է ապրել սարի գագաթին, առանց հասկանալու, որ իսկական երջանկությունը սարը բարձրանալու ձևի մեջ է: Հասկացել եմ, որ երբ նորածինն իր փոքրիկ բռունցքով առաջին անգամ սեղմում է իր հոր մատը, այն միշտ բռնած է պահում:

Հասկացել եմ, որ մարդն իրավունք ունի մյուսին վերևից նայել միայն այն ժամանակ, երբ օգնել է նրան վեր բարձրանալ: Այնքան բան կա, որ կարողացել եմ սովորել ձեզնից, բայց իրականում դրանց մեծ մասն ինձ պետք չի գա, որովհետև երբ ինձ փակեն այս ճամպրուկի մեջ, դժբախտաբար արդեն մահացած կլինեմ:

Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես: Եթե իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ քեզ քնելիս տեսնում, քեզ պինդ կգրկեի և կաղոթեի Աստծուն, որ ինձ քո հոգու պահապանը դարձնի: Եթե իմանայի, որ սա վեջին անգամն է, երբ քեզ տեսնում եմ դռնից դուրս գալիս, քեզ կգրկեի, կհամբուրեի և քեզ կկանչեի նորից, որ ավելին տամ: Եթե իմանայի, որ սա վերջին անգամն է, երբ լսում եմ քո ձայնը, կձայնագրեի քո ամեն մի բառը, որպեսզի կարողանայի էլի ու էլի լսել այն, անվերջ… Եթե իմանայի, որ սրանք վերջին րոպեներն են, որ քեզ տեսնում եմ, կասեի «ես սիրում եմ քեզ», առանց ենթադրելու, հիմարաբար, որ դա արդեն գիտես:

Միշտ կա վաղը, և կյանքը մեզ մեկ այլ հնարավորություն է տալիս ինչ-որ բան ավելի լավ անելու, սակայն եթե ես սխալվում եմ, և այս օրն այն ամենն է, ինչ մեզ մնացել է, կցանկանայի ասել քեզ, թե ինչքան եմ քեզ սիրում, որ երբեք քեզ չեմ մոռանա:

Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ կգա վաղը, լինի նա երիտասարդ թե ծեր: Այսօր կարող է լինել վերջին օրը, որ տեսնում ես նրանց, ում սիրում ես: Դե ինչ, էլ մի սպասիր, արա դա այսօր, որովհետև եթե վաղը էլ երբեք չգա, անշուշտ կափսոսես, որ այդ օրը մի ժպիտի, մի գրկախառնության, մի համբույրի համար ժամանակ չես գտել, և որ շատ զբաղված էիր, կատարելու համար նրանց վերջին ցանկությունը: Կողքիդ պահիր այն մարդկանց, ում սիրում ես, բարձրաձայն ասա, որ շատ ունես նրանց կարիքը, սիրիր և լավ վարվիր նրանց հետ, ժամանակ գտիր ասելու համար նրանց՝ «ցավում եմ», «կներես», «խնդրում եմ», «շնորհակալություն» և սիրո այն բոլոր բառերը, որ գիտես:

Ոչ ոք քեզ չի հիշելու քո թաքնված մտքերի համար: Աստծուց ուժ և իմաստություն խնդրիր որպեսզի արտահայտես դրանք: Ցույց տուր ընկերներիդ, թե որքան կարևոր են նրանք քեզ համար:

****

Եթե Աստած գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ:

Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից: Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են, չէի քնի, քանի մյուսները քնած են: Ես կլսեի, երբ մյուսները խոսում են և կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը:

Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ պարգևեր, ես ավելի համեստ կհագնվեի, կպառկեի արևի շողերի տակ և նրա ջերմությանը ի ցույց կդնեի ոչ միայն մարմինս, այլև` հոգիս: Տեր Աստված, եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը: Ես կնկարեի Վան Գոգի երազով Բենեդետտիի պոեմի աստղերի վրա և Սերրատի երգը սերենադի պես կնվիրեի լուսնին: Ես արցունքներով կջրեի վարդերը, որպեսզի զգամ նրանց փշերի ծակոցների ցավը և թերթիկների համբույրը:

Տեր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի, ոչ մի օր չէի անցկացնի` առանց ասելու իմ սիրած մարդկանց, որ ես նրանց սիրում եմ: Ես կհամոզեի ինձ թանկ յուրաքանչյուր մարդուն իմ սիրո մեջ և կապրեի` սիրահարված…սիրուն: Ես կբացատրեի բոլորին, ովքեր մոլորության մեջ մտածում են, թե դադարում են սիրահարվել ծերանալուն զուգընթաց, որ ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել:

Երեխային ես թևեր կնվիրեի, բայց կթողնեի, որ ինքնուրույն սովորի թռչել:
Ծերերին ես կհամոզեի, որ մահը ծերության հետ չի գալիս, այլ մոռացության:
Ես ձեզանից այնքան բան եմ սովորել, մարդիկ, ես հասկացել եմ, որ ամբողջ աշխարհը ուզում է ապրել սարերում, չհասկանալով, որ իրական երջանկությունը սարը բարձրանալու մեջ է:

Ես հասկացել եմ, որ այն պահից, երբ նորածինը իր փոքրիկ բռունցքում սեղմում է հոր մատը, այլևս երբեք այն բաց չի թողնի: Ես հասկացել եմ, որ մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ:

Այնքան բան կա, որ ես դեռ կարող էի ձեզնից սովորել, մարդիկ, սակայն սովորածս ինձ դժվար թե պետք գա, որովհետև երբ ինձ դնեն այդ ճամպրուկի մեջ, ես, ցավոք սրտի, արդեն մահացած կլինեմ:

Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես:

Եթե ես իմանայի, որ ես այսօր քեզ վերջին անգամ եմ տեսնում քնած, ես քեզ պինդ կգրկեի և կաղոթեի Աստծուն, որ ինձ քո պահապան հրեշտակը դարձնի:

Եթե ես իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ տեսնում, թե ինչպես ես դուրս գալիս դռնից, ես քեզ կգրկեի, կհամբուրեի և նորից կկանչեի, որպեսզի ավելին տամ: Եթե ես իմանայի, որ քո ձայնը վերջին անգամ եմ լսում, կձայնագրեի ամենն, ինչ ասում ես, որպեսզի էլի ու էլի լսեմ, անվերջ: Եթե ես իմանայի, որ սրանք վերջին րոպեներն են, որ ես քեզ տեսնում եմ, ես կասեի. «Սիրում եմ քեզ» ու հիմարի պես չէի մտածի, որ դու դա գիտեիր:

Միշտ կա վաղը և կյանքը մեզ ամեն ինչ ուղղելու ևս մեկ հնարավորություն է տալիս, սակայն եթե ես սխալվում եմ և այսօրը այն ամենն է, ինչ մեզ մնացել է, ապա ես կուզեի քեզ ասել, թե ինչքան ուժեղ եմ քեզ սիրում ու որ երբեք չեմ մոռանա քեզ: Ոչ պատանին, ոչ ծերը չեն կարող վստահ լինել, որ իրենց համար վաղը կգա:

Այսօրը կարող է լինել վերջին օրը, որ դու տեսնում ես սիրելիներիդ: Այնպես որ մի սպասիր ինչ-որ բանի, այսօր արա այն, ինչ մտածել ես, որովհետև եթե վաղը երբեք չգա, դու կափսոսաս այն օրվա համար, երբ ժամանակ չգտար մեկ ժպիտի, մեկ անգամ գրկելու, մեկ համբույրի համար, երբ դու չափազանց զբաղված էիր` վերջին ցանկությունը իրականացնելու համար: Ոգևորիր հարազատներիդ, շշնջա նրանց ականջին, թե ինչքան պետք են նրանք քեզ, սիրիր նրանց և գուրգուրանքով վարվիր, ժամանակ գտիր, որ ասես «կներես», «խնդրեմ», «շնորհակալություն» և սիրո այն բոլոր բառերը, որ գիտես:

Ոչ ոք քեզ չի հիշելու մտքերիդ համար: Աստծուց իմաստնություն և ուժ խնդրիր, որ ասես այն, ինչ զգում ես: ցույց տուր ընկերներիդ, թե ինչ կարևոր են նրանք քեզ համար:

Եթե դու չասես այդ ամենը այսօր, վաղը կլինի նույնը, ինչ երեկ: Եվ եթե դու չանես դա երբեք, ոչինչ նշանակություն չի ունենա:

Աղբյուրներ՝

http://msargsyan.wordpress.com/2012/12/01/%D5%A3%D5%A1%D5%A2%D6%80%D5%AB%D5%A5%D5%AC-%D5%A3%D5%A1%D6%80%D5%BD%D5%AB%D5%A1-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AF%D5%A5%D5%BD-%D5%B6%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF-%D5%B4%D5%A1%D5%B0%D5%BE%D5%A1%D5%B6%D5%AB%D6%81/

http://www.hartak.am/arm/index.php?id=3902

 

Leave a comment

15/06/2013 · 7:56 PM

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s