ՀԱՏՎԱԾՆԵՐ ‹‹ՎԻՃԱԿԱԽԱՂ›› ՎԵՊԻՑ

Todos los julios el julioԱմենագեղեցիկ կանայք միշտ ճամփորդում են մյուս նավով, բախտի բան է:

Դալին խելքը գլխին տղա է, հասկանում է, թե ինչ է անում (գուցե չի էլ հասկանում, բայց ինչ տարբերություն), երբ մարդ է նկարում՝ կազմված բազմաթիվ դարակներից: Իմ կարծիքով շատ երևույթների վրա բռնակներ կան: ….Հարկավոր է ձգել բռնակը և տեսնել, թե ինչ կա դարակի ներսում: Ձգել՝ այսինքն տիրապետել, յուրացնել և դուրս գալ սովորականի շրջանակից:

Ինչո՞ւ սարդոստայնը կամ Պիկասոյի կտավը չեն կարող լինել այնպիսին, ինչպիսին որ ես, այսինքն, ինչու կտավը չի կարող բացատրություն տալ սարդոստայնին, իսկ սարդը չի կարող բնորոշել կտավի էությունը: Ի՞նչ է նշանակում լինել այնպիսին, ինչպիսին որ կաս:… Դիտարկելիս առարկաները մեծ կշիռ են ձեռք բերում, ութին գումարած ութ անում է տասնվեց և գումարած նա, ով հաշվում է:

Աշխարհի պատմությունը պսպղում է մարդկանց բազմությունը ցրող ցանկացած ոստիկանի համազգեստի պղնձյա կոճակներից որևէ մեկի վրա: Եվ այն պահին, երբ բոլորի հետաքրքրության կենտրոնը կդառնա այդ կոճակը (երկրորդը՝ վզից ներքև), նրա մեջ ամփոփվող և նրա ինքնությունը հաստատող կապերը կփոխակերպվեն մի ձգտման, որը գալիս է տարածության սարսափից, որի առջև անիմաստ է նույնիսկ երեսնիվայր ընկնելը: Կոճակից ծնունդ առնող փոթորիկը, որը սպառնում է կլանել բոլոր նրանց, ովքեր համարձակվում են նայել կոճակին և միայն հայելիով չեն սահմանափակվում , հայելիների մահացու  խաղի խորտակիչ հետևանքն է, որը ձգվում է հետևանքից մինչև պատճառը:  Երբ վեպերի վատ ընթերցողները շեշտում են վավերականության անհրաժեշտությունը, անհուսորեն նմանվում են այն ապուշին, որը «Կլոդ Բեռնար» նավով ճամփորդության քսաներորդ օրը մատը տնկելով նավախելի կողմը հարցնում է. “C’est-par-là qu’on-va-en-avant?”! (Մենք այստեղի՞ց ենք առաջ շարժվում: ֆր.)

Լոգանքային գահընդմիջության միջանկյալ այս պահը՝ չոր, զգեստավորված կյանքի արանքներում: Մերկացած՝ ազատվում է ժամանակից, նորից վերստանում մարմնի հավերժությունը…

– Հետաքրքիր է քաղաքին գետից նայելը, – ասաց Ռաոււլը: – Երևում է ոտքից գլուխ, իր ամբողջ ունեցած-չունեցածով: Թե չէ, ապրում ես նրա մեջ, լիովին մոռացած, թե ինչ տեսք ունի այն իրականում:

…ջնջել բոլոր բառերը և միայն տեսնել, թե ինչպես են այս փոքրիկ, չնչին հողակտորի վրայով՝ համաձայն իրենց չվացուցակի, սուրում գնացքների անվերջանալի շարասյուները: Իսկ հետո փոքր առ փոքր պատկերացնել Իսպանիայի, Իտալիայի, մի խոսքով ամբողջ աշխարհի գնացքները, որոնք հենց այս պահին՝ ժամը տասնութն անց երեսուներկու րոպեին գտնվում են մի ինչ-որ կետում, մտնում են ինչ-որ մի տեղ և դուրս գալիս ինչ-որ տեղից:

Բոլորի աչքերով նայելն է սպանում ժամանակը… Մարդկության պատմությունը յուրաքանչյուրիս՝ մեն-միայնակ նայելու ցավալի հետևանքն է: Ժամանակը ծնվում է աչքերում ընկալվածի մեջ:

…երեխայի կղկղանքի գույնի  այս գետի մեջտեղում կանգնած՝ կարելի է բազմաթիվ արդարացումներ հորինել: Բայց վրա է հասնում օրը, երբ դու քեզ համեմատում ես, օրինակ, հին հունական արձանների հետ… և ստիպված ես լինում ընդունել սեփական ոչնչության գիտակցումը: Ինձ զարմացնում է, – ծխախոտ հանելով ասաց նա, – թե ինչպես է, որ ճամփորդություններից մի քանիսը չեն ավարտվում ինքնասպանությամբ:

Կանանցից շատերն ապրում են միայն ներկայով, առանց մտածելու այն մասին, որ մի գեղեցիկ օր կորցնելու են որդիներին: Որդիներին և ուրիշ շատ բաներ ևս… Շախմատի տախտակի կողքին աճում է խաղից դուրս եկած զինվորների և ձիերի բլուրը, իսկ ապրել նշանակում է սևեռուն հետևել մյուսներին, որոնք դեռևս մնացել են խաղատախտակի վրա:

Ցավոք սրտի ես չափազանց երջանիկ մանկություն եմ ունեցել, ասում եմ ցավոք սրտի, որովհետև երջանիկ մանկությունը վատ նախանշան է հետագա կյանքի համար, այդպիսի մարդու երկար շալվարը շուտ է պատռվում:

Այո, մեզ նման մարդիկ գրեթե հենց այս նույն բառերով են խոսում երջանկության մասին: Օրինակ, ամուսնություն առանց ստրկության կամ էլ ազատ սեր առանց ստորացման և կամ մի այնպիսի աշխատանք, որ չխանգարի Շեստով կարդալուն, երեխա, որը մեզ չվերածի տան ծառայի:

– Այո, շատ գեղեցիկ է, – ասաց Պաուլան: – Միայն թե բոլոր աստվածային ու վիթխարի երևույթների նման փոքր-ինչ միապաղաղ է ու ձգված: Իսկական բազմազանություն միայն փոքրի մեջ գոյություն ունի: Ճիշտ չե՞մ ասում:
– Ահ, Ձեր մեջ դևերն են խոսում, – հարգալիր ասաց Պերսիոն: – Բազմազանությունը իսկական դժոխքի ծնունդ է:

…յուրաքանչյուր բանաստեղծ իր էությամբ գրականության թշնամին է: …Ըստ էության վեպերը քեզ դուր չեն գալիս, որ տանում են քթիցդ բռնած, կամ այլ կերպ ասած՝ ի տարբերություն պոեզիայի՝ ընթերցողների վրա ներգործում են ձևի միջոցով:

…սիրտը չկշռել արցունքի և քաղցի նժարների վրա:

Գիտե՞ք, թե աշակերտներիցս մեկն ինձ ինչ ասաց մի օր. «Սենյոր, եթե անցյալ դարում բոլորն այդպես քաջ ու վեհանձն էին, ապա այսօրվա այլանդակությունները որտեղի՞ց ծնվեցին :»

Գիտեմ, որ կիսաթմրած կյանք եմ վարում  ընդամենը Խորխեի ստվերն եմ և պտույտ եմ գալիս նրա չորսբոլորը ոտքի մատների վրա, ձեռք եմ, որը գիշերը բռնում է քնի մեջ վախեցած Խորխեի թաթիկը:

Մեդրանոն գիտակցում էր, որ բոլորովին ուրիշ դեմք է տեսնում, որ դա ոչ թե Բեթինայի դեմքն է, այլ աստառը, բոլոր տառապանքները, աշխարհի բոլոր տառապանքները ոչնչացրել են երբեմնի իր համբուրած դեմքի առօրեականությունը:

…ծառից այն կողմ անտառ չտեսնել է կոչվում… Հիմա նրանց կլքեն դժգոհ աստվածները, հիմա շները, ամանեղենը ու նույնիսկ ջրաղացքարերը կընդվզեն խեղճուկրակ, դատապարտված խամաճիկների դեմ և կթափվեն նրանց վրա, որպեսզի պատառ-պատառ անեն, և պարը մահով կեզրափակվի և պարային շարժումները կպատվեն ատամներով, ճանկերով ու մազերով, և հենց այս նույն անտարբեր երկնքի տակ կթափվեն անհուսորեն կորած կերպարները…

Տեսնել ինքդ քեզ առջևից ընթանալիս և իմանալ, որ դա որոշակի իմաստ ունի, սիրել և իմանալ, որ սերդ նույնպես իմաստ ունի, փախչել և իմանալ, որ ևս մի դավաճանություն չի նշանակում փախուստդ:

Կյանքը շատ դանդաղ ու սքողված է գործում և թույլ չի տալիս, որ խորքդ ամբողջովին հայտնաբերես միանգամից…

Շան նման սպանեցին Մեդրանոյին՝ չթողնելով, որ ինքն իր կյանքին տիրություն աներ, նույնիսկ իր մահն ընդունելու կամ մերժելու հնարավորություն չտալով նրան:

Դու ինձ դավաճանեցիր միանգամից ու հավերժորեն, իսկ ես, ավազ, պիտի քեզ առավել կատարելությամբ դավաճանեմ, օրեցօր, հետզհետե կորցնելով քեզ, մինչև որ հիշողությանս մեջ կմնաս մի գունաթափ լուսանկարի նման, մինչև որ Խորխեն կդադարի անունդ հիշատակելուց և Լեոնը չոր տերևների հորձանքի նման նորից կներխուժի հոգուս մեջ և ամեն ինչին անտարբեր նորից պար կբռնեմ ուրվականի հետ:

…երաժիշտը դեմք չունի և դեմքի փոխարեն դատարկություն է, սև ուղղանկյուն, երաժշտություն է առանց տիրոջ, կույր, անառիթ պատահար և մի նավ, որ սուրում է ընթացքով տարված և մի վեպ, որ մոտենում է ավարտին:

© Թարգմանությունը `  Հովհաննես Գրիգորյանի

Աղբյուր՝ http://hs-poetry.blogspot.com/2013/05/blog-post.html

Leave a comment

15/06/2013 · 2:15 PM

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s