«Հնարամիտ ասպետ Դոն Կիխոտ Լամանչեցին» վեպի մասին

Դոն Կիխոտն իսպանացի գրող Միգել Սերվանտեսի «Հնարամիտ ասպետ Դոն Կիխոտ Լամանչեցին» (1605–15 թթ.) վեպի հերոսն է, որի հավատամքը բոլոր զրկվածներին ու կեղեքվածներին

պաշտպանելն է, տնանկներին, որբերին, աղքատներին ու թույլերին օգնելը, երկրի վրա ոտնահարված արդարությունը վերականգնելը: Նա օժտված է առողջ մտածողությամբ, իմաստուն դատողություններով, սրամիտ խոսքով:

Don-Quijote-Painting

Վեպում նուրբ հումորով է պատկերված Դոն Կիխոտը. նա նիհար է ու բարձրահասակ, կրում է հին, ժանգոտած ասպետական զենք ու զրահ, գլխին` պղնձե թաս` սաղավարտի փոխարեն:

Աղքատ ազնվական Դոն Կիխոտի կյանքն անհրապույր է ու տաղտկալի: Նրա միակ ուրախությունն ու սփոփանքն ասպետական վեպերի ընթերցանությունն է, թափառական ասպետների փոթորկալի արկածների պատմություններին ծանոթանալը: Չհավատալով, որ ասպետների ժամանակաշրջանն անցել է, որոշում է թափառական ասպետ դառնալ և իրագործել վաղեմի երազանքները: Դոն Կիխոտը, հեծած իր զառամյալ ձին՝ Ռոսինանտին, զինակից Սանչո Պանսայի հետ թափառելով երկրում, օգնում է թույլերին ու հալածվածներին, պատժում չարերին ու անիրավներին: Նա իր աշխարհազգացումով ու երևակայությամբ ապրում է ասպետական դարաշրջանում և պատկերացնում իրեն անցյալ կյանքում: Նա կռվում է աչքին չար հսկա թվացող հողմաղացի դեմ, առևանգողներից փրկում իր սրտի տիրուհուն, իրականում` տգեղ ու անճոռնի կնոջը՝ Դուլսինեային, պաշտպանում փոքրիկ հովվին: Սակայն կշտամբանք ու նախատինք, ծեծ ու ծաղրուծանակ են բաժին ընկնում Դոն Կիխոտին ու նրա ուղեկցին: Իրականությունը չընկալող այդ տարօրինակ մարդն ազնիվ է, արիասիրտ ու վեհանձն:

Դոն Կիխոտն այնպիսի նպատակներ է հետապնդում, որոնց իրականացումն անհնար է: Այդպիսի խառնվածքով ու բնավորությամբ մարդկանց այժմ էլ անվանում են «դոնկիխոտներ»:

Միգել դը Սերվանտեսն սկզբնական կրթությունն ստացել է Մադրիդում, այնուհետև տեղափոխվել է Իտալիա, ծառայել բարձրաստիճան հոգևորականի մոտ, ապա զինվորագրվել է Իտալիայում տեղակայված իսպանական զորամիավորմանը: Այդ տարիներին ուսումնասիրել է հունարեն, իտալերեն: 1571 թ-ին մասնակցել է Լեպանտոյի նշանավոր ծովային ճակատամարտին և ծանր վիրավորվել: 1575 թ-ին եղբոր հետ հայրենիք վերադառնալիս գերի է ընկել: 1580 թ-ին նրան հաջողվել է ազատվել գերությունից:

1580–87 թթ-ին Սերվանտեսը գրել է պիեսներ և «Նումանսիա» չափածո պատմահայրենասիրական ողբերգությունը: Նա գրել է նաև քնարական բանաստեղծություններ, պոեմներ, դրամատիկական երկեր, պատմվածքներ, վեպեր: Սերվանտեսի ստեղծագործությամբ է պայմանավորված իսպանական նոր շրջանի գրականության մեջ նովելի սկզբնավորումը: «Խրատական նովելներ» (1613 թ.) երկհատոր ժողովածուում արտացոլել է իսպանական կյանքի տիպական կողմերը, ծաղրել ազնվականությանը, պատկերել հասարակ մարդկանց տառապանքները: Սերվանտեսի ստեղծագործություններից հայտնի են «Բարքերն Ալժիրում» (հրատարակվել է 1784 թ-ին) դրաման, «Պեդրո դե Ուրդեմաշասը» (1615 թ.) կատակերգությունը, «Պերսիլեսի և Սիքիզմունդայի թափառումները» (1617 թ.) արկածային վեպը, «Նոր ութ կատակերգություն և ութ ինտերմեդիա» (1615 թ.) ժողովածուն և այլն:

Սերվանտեսի ստեղծագործության գլուխգործոցը «Դոն Կիխոտ» վեպն է, որը մտահղացել է 1602 թ-ին, բանտում:

Դոն Կիխոտի կերպարը հետաքրքրել է բազմաթիվ գրողների, արվեստագետների, մտածողների, քննվել է փիլիսոփայական, հասարակագիտական, իրավական, կրոնական, բարոյագիտական, գեղագիտական տեսանկյուններից: Ստեղծվել են բազմաթիվ գեղարվեստական, թատերական, գրական, երաժշտական գործեր, նկարահանվել կինոնկարներ:

Հայ կերպարվեստի արժեքավոր գործերից է Երվանդ Քոչարի «Դոն Կիխոտ»  (1951 թ.) գրաֆիկական կոմպոզիցիան:

«Դոն Կիխոտը» հայերեն է թարգմանել Պողոս Մակինցյանը (հրատարակվել է 1934 թ-ին):

Աղբյուր՝ http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1124

 

Leave a comment

15/06/2013 · 9:20 PM

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s