Էլիոթ Ուայնբերգեր «ՕԿՏԱՎԻՈ ՊԱՍ»

Octavio-Paz

Հավանաբար Մեքսիկան ավելի, քան Չինաստանը, Կենտրոնական Թագավորություն է: Այժմյան քաղաքական պահին նրա կենտրոնությունը տեղադրված է հյուսիս-հարավային առանցքի վրա` հյուսիսի ամերիկացիների համար այն հարաբերականորեն հանգիստ, բավական բարեկամական բուֆերային պետություն է` «մեր» եւ Կենտրոնական Ամերիկայի միանգամայն անհասկանալի շրջապտույտի միջեւ, իսկ մեքսիկացիների համար Մեքսիկան` ազգ է, որ ներքաշվել է հյուսիսային իմպերիալիզմի եւ Հարավի հեղափոխության փակված երախի մեջ: Սակայն պատմականորեն Մեքսիկան միշտ եղել է Կենտրոնական Թագավորություն, գոյություն ունենալով օվկիանոսների միջեւ, Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Մինչեւ Կորտեսի ներխուժումը 1519 թվականին երկիրն ասես անդրօվկիանոսյան մշակութային օղակի` Չինաստան, Ճապոնիա եւ Հնդկաստան, Պոլինեզիա, Մեքսիկա, Պերու եւ Էկվադոր, արեւելյան սահմանն է, որը հազիվ թե երբեւէ մինչեւ վերջ կհասկացվի, բայց որը մշտապես դրսեւորում է իրեն Օվկիանոսից եկող զանազան ստեղծագործություններում: Իհարկե, Կորտեսի շնորհիվ Մեքսիկան դարձավ Իսպանական Կայսրության արեւմտյան ծայրամասը` իր լեզվով, կրոնով եւ կառավարությամբ, որ ամեն ինչում զիջում էին ացտեկ նախորդներին:

«Մեքսիկա» բառի միջուկում գտնվում է պորտը («կսի» նաուատլի լեզվով), եւ ահա Կենտրոնական Թագավորության պորտն էր Տենոչտիտլան քաղաքը, այսօրվա Մեխիկո-Սիթին, որը տառացիորեն կանգնեցվել է ջրի վրա, բայց ծով չի ճանաչում: Դա Կայսրության մայրաքաղաք էր, որ շողարձակում էր իրեն հրաբուխների եւ բուրգերի օղակից` տարածվող, ինքն իրեն կլլող արեւ, իր ողջ արվեստով եւ արյամբ կլանմանն ընծայված` այլ, երկնային արեւ:

Մեքսիկան (քսենոֆոբիայի զգացողությունը երբեք չի լքում եկվորին) մոլորակային մանդալայի կենտրոնն է: Հենց նրա ուրվագծերը, նրա փոխդասավորությունը մինչեւ խորքերը ջանում էր ըմբռնել Օկտավիո Պասը իր ողջ կյանքով եւ ստեղծագործությամբ: Միախառնումների մաեստրոն, նա փոխեց նրա նկարը, համընթաց ստեղծելով սեփական ինքնանկարը: Ծնված լինելով Մեխիկո-Սիթիի արվարձանում 1914 թվականին, Պասը սկսեց իր ուղին կենտրոնից, ընթանալով մեքսիկական մանդալայով երեք ուղղություններով: Արեւելք` որպես մարքսիստ` դեպի Իսպանիայի քաղաքացիական պատերազմը, որպես սյուրռեալիստ` դեպի 40-ականների Փարիզը: Հյուսիս` դեպի Երկրորդ համաշխարհայինի շրջանի Սան Ֆրանցիսկո եւ Նյու Յորք, երբ նա դասավանդում էր այնտեղի համալսարաններում: Արեւմուտք, Չինաստան, Ճապոնիա` 1952-ին, եւ վերջապես Հնդկաստան՝ 1962-ից մինչեւ 1968-ը, ուր նա Մեքսիկայի դեսպանի պաշտոնն էր զբաղեցրել:

ԱՄՆ-ից նա բերում է արդյունաբերական վերելքի տպավորությունները եւ հեռանկարը, որ բացում է հենց իր երկիրը պատմության հետնաբակերում` նացիոնալիզմի պաթոսով լեցուն: Եվրոպայից նա բերում է սերն առ պոեզիա, որպես «նոր ժամանակի թաքնաթաքուր կրոն», այն, որ խոսքի հեղափոխությունը հենց աշխարհի հեղափոխությունն է, եւ, որ երկուսն էլ չեն կարող գոյություն ունենալ առանց մարմնի հեղափոխության` կյանքը որպես արվեստ, որպես վերադարձ մարմնի եւ մտքի, մարդու եւ բնության, Եսի եւ ուրիշի առասպելական միասնությանը: Հնդկաստանից, բուդդիզմից եւ տանտրիզմից նա քաղում է կրքի հայտնությունը, որ աշխարհը խանձարուրում է պատրանքի քողերով, բայց նաեւ կրքի, որ աշխարհն ազատագրող ուժ է, դա նրա կրքոտ ինքնահրաժարման ժամանակն է` աշխարհը քայքայվում է, «միակ բանը, որ մնում է` միայն թափանցիկությունն է»: Նրան` «որ սիրում է լռությունը, բայց չի դադարում խոսել»` անդադար, անհագ հետաքրքրությամբ ներթափանցված միտքը` անընդհատ շարժման մեջ: Դրանում ինչ-որ բան կա ացտեկներից իրենց վաղնջական նիստուկացի միապաղաղությամբ եւ դաժանությամբ` նաուատլի արվեստագետը` նա, ով սրտով է տեսնում, տլայօլտեուանի արվեստագետը: Սիրտը, իոլոտլը, ծագում է օլլին բառից, որ նշանակում է՝ «շարժում»: Տաճարների կատարներին սրտերը կենդանի պոկվում էին, որպեսզի արեւին կեր դառնան` որպեսզի թույլ չտան, որ այն կանգ առնի: Ժամանակը պատկերանում էր պտտվող անիվի տեսքով, արեգակի առտնին աղացը: Ացտեկների մեծագույն սարսափը միայն ստասիսն էր` ահն այն բանից, որ արեւը, աշխարհը կարող են կանգ առնել: Իր ներմղմամբ եւ վարքով Պասը մասամբ պարտ է իր եռանդունությանը, բայց, այդուհանդերձ, ասես պատահաբար իր վարքով հիշեցնում է նախնիներին: Եթե Պասը ծնված լիներ Տենոչտիտլանում, նա անշուշտ կլիներ բանաստեղծ-արքայազններից մեկը, բայց, այդուհանդերձ, նա ինձ տեսանվում է ավելի շուտ որպես պոկտեկ` ուխտավորների խորհրդավոր միաբանության անդամ, որ դեգերում էին կայսրությունով մեկ Արեգակի Երկրի որոնումներում:

Սովորաբար Պասն ընկալվում է որպես լատինաամերիկացի սյուրռեալիստ: Այլ կերպ ասած, որպես տարաշխարհիկ եվրոպացի: Սակայն նա մեքսիկացի է մնում, չնայած այն բանին, որ ողջ կյանքում աշխարհաքաղաքացի է եղել, եւ երբեք` արմատական: Սուֆիստական լեգենդի հերոսի նման, Պասը գնում էր արտասահման, որպեսզի գտնի այն, ինչը մնացել էր հայրենիքում: Նա սինեստեզիա էր հայտնաբերում Ռեմբոյի «գունավոր» ձայնավորներում, այն բանի փոխարեն, որ վերագտնի դրանք ացտեկների «գունազարդ երգերում»: Նա վարժվում էր սեփական եսի շռայլման մեջ, դիմելով «ավտոմատիկ գրին» եւ ճապոնական ռենգային, սակայն ինքը, այդուհանդերձ, մինչեւ ուղնուծուծն ավանդույթից էր, որը բանաստեղծին իր ստեղծածից չէր տարբերում` ավանդույթից, որի շրջանակներում բանաստեղծը կարող էր ազդարարել` «Աստված ինձ ավետաբեր ուղարկեց: Եվ ես վերածվեցի բանատողի»: Նրա վերջին թեւավոր խոսքերը «Հիմն ավերակներին»-ից` «Բառերը, որոնք ծաղիկներ են, որոնք պտուղներ են, որոնք` գործք են», կարող էր գրել թե սյուրռեալիստը, եւ թե ացտեկական բանաստեղծական եղբայրության բանաստեղծագիրը: Նաուատլի քնարերգության մեջ այդ ձեւը կոչվում է կսպանկուիկատլ («կենաց ու ցիկլային ժամանակի հաղթանակը»), բանաստեղծն ու իր երգերը դառնում են ծառ, որ աճում է բանաստեղծության հետ, ծառի հյուսվածքները վերածվում են գրքի հյուսվածքների, որոնց մեջ տեղադրվում է բանաստեղծությունը, իսկ գրքի հյուսվածքները վերածվում են մատեի հյուսվածքների, համաշխարհային էներգիայի եւ իշխանության սիմվոլի:

Պասի համակվածությունը զանազան գոլորշիացումներով նույնպես համընկնում է նաուատլի ավանդույթին` ացտեկները հակված էին աշխարհը նկարագրելու երկու տեսանկյունով` պոեզիան ծաղիկ ու երգ էր, փառքը` մշուշ ու ծուխ, հաճույքը` քամի ու տապ, ինչպես ասում էր Էնջիլ Հարիբեյը, «այդ երկուսի միասնությունը շամփրում է կայծը, որ ըմբռնում է բերում»:

Պասի հանճարեղ տանտրիստական «Բլանկո» պոեմը շատ բանով պարտական է Մալարմեին եւ Փաունդի գաղափարագրական մեթոդին: Յուրաքանչյուր պատկեր ինքնաբավ է եւ դիսկրետ, ըմբռնելի (չինական գաղափարագրության նման) լոկ մյուս տողերի հետ փոխկապակցման մեջ, գրված եւ չգրված, յուրաքանչյուրը` կնիք, կնիքի ուժը, որ ձեւավորում է պատկերներն ու նշանակություններն ըստ իր հուժկու կորագծի` կարճ միացում, որը հանգեցնում է բանաստեղծական պայթյունի: Եվ, այդուհանդերձ, «Բլանկոն» հղացված եւ կատարված է որպես խիստ ացտեկական տեքստ, որպես քող: Նրա էկրանները, որ գրառված են նկարազարդ երգերով` ավելի շուտ նույնիսկ պատկերներով, քան գրով` ընկալվում էին որպես մեխանիկական ձեռնարկ` ընթերցողը տեքստ էր ստեղծում, տեքստը ստեղծում էր ինքն իրեն, բլանկո սպիտակ գինու նման, տարակերպ ընթերցումների բազում ինտենցիաներով:

Սյուրռեալիստները ելքը եվրոպական ռացիոնալությունից տեսնում էին սեփական հինավուրց պատմության վերականգնման եւ իրենց պահպանած բնիկ մշակույթների խորացման մեջ: Փնտրելով ազատագրում հետգաղութային գավառականության զսպաշապիկից, առավել օրթոդոքսալ, քան իր ծնողները, Պասը ձեռք բերեց Եվրոպան, որպեսզի այնտեղ հայտնաբերի Միջերկրածովքի հերետիկոսական ավանդույթը: Այստեղ առկա է հեգնանքի բավական մեծ չափաբաժինը` քանի դեռ Պասը գրում է Սադի եւ Ֆուրիեյի մասին, նրա ընկեր, ֆրանսիացի բանաստեղծ Բենժամին Պերեն, թարգմանում է մայաների «Չիլամ բալամ չոմայելա» գիրքը:

Սյուրռեալիստների նշանաբանը` «Ազատություն, սեր եւ պոեզիա», տարբեր չափով կիրարկելի էր դարաշրջանի առաջին կեսի արվեստագետների մեծամասնության համար: Այդ տղամարդիկ եւ կանայք իրենց ընծայաբերել էին երեւակայությանը, սոցիալական հեղափոխություններին, արվեստի փոխակերպություններին, ի վերջո` կյանքի եւ արվեստի միաձուլմանը: Անհավանական է, թվում էր այդ դարաշրջանն անցել է, որ մենք արդեն վաղուց մուտք ենք գործել նեղ մասնագիտական արտ-պրակտիկաների մեջ: Անշուշտ, կգան այլք, սակայն Պասն այսօր մնում է համարյա թե վերջին բանաստեղծը, ով հասցրեց ստեղծել աշխարհի իր, անկրկնելի քարտեզը:

© Թարգմանությունը ռուսերենից `  Վարդան Ֆերեշեթյանի

Աղբյուր՝ http://archive.168.am/am/articles/25459

Leave a comment

16/06/2013 · 2:48 PM

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s