Daily Archives: 09/07/2013

ՏԱՆԳՈ/ ՄԱՐԻՈ ԲԵՆԵԴԵՏՏԻ

art

Այնքան հարբած էր, որ հասավ ոչ թե  S, այլ X գծելով: Տունը (նրա տունը) դատարկ էր, մութ, լքված: Գուցե դա էր պատճառը, որ անվնաս հասավ մինչև ճոճաթոռը: Փակեց, բացեց, փակեց աչքերը: Այն, ինչ ուրվագծվեց երազ չէր, այլ արտասովոր պարտեզ: Մոր հետ կամ առանց մոր: Դա կախված էր նրա կոպերի լարվածությունից: Եթե մոր հետ էր, մայրը դա ցույց էր տալիս մեղադրական  շեշտով  և ծաղրող ծամածռությամբ: Կարիք չկար, որ խոսեր: Նա լավ գիտեր՝ ինչի մասին է խոսքը: Դեռ մանուկ հասակից արհամարհել էր մորը, ջանասիրաբար անտեսել, անուշադրության մատնել: Նրանց միջև չեն եղել կամուրջներ, միայն՝  զառիվայրեր, սողանքներ, անդունդներ: Դրա համար էլ մայրը երկու կանաչ աչքերի փոխարեն երկու մոխրագույն ատելություն ուներ:

Նա բացեց աչքերը: Շոյեց վիրավոր կոպերը, պղտոր հայացքը հառեց դիմացի պատին, որն սկսեց օրորվել չափավոր ռիթմով: Նկարն այնտեղ էր. ամրակազմ տղամարդու հնագույն մի կերպար՝ ժապավենաձև փողկապով, ալևոր գանգուր մազերով, կարճատեսի ակնոցով: Նորից փակեց աչքերը, և տղամարդը հայտնվեց մի անհավանական տարածության մեջ. այնտեղ չկար ժապավենաձև փողկապ ու ոչ էլ ակնոց: Նա, երբ սթափ էր, ունակ էր անգիր ասելու այդ մարդու բոլոր բանաստեղծությունները: Բայց հիմա բանաստեղծություններն մեկուսացել են մոռացության մեջ:Կիսաքուն մարդը նրան նայում էր պահանջկոտ  հայացքով՝ շարունակ ինչ-որ բան պահանջելով, թեկուզև դա լիներ երկու բանաստեղծություն, մեկ քառյակ, հասարակ մի սոնետի էստրամբոտ: Բայց նա հետ էր քաշվում, թաքնվում, ոչինչ չէր ուզում իմանալ օտար ներշնչանքի մասին: Այդ պահին տղամարդն իր ձեռքի մեջ սեղմում էր մի մտրակ.  նա հրաշքով բացում է աչքերը:

Նկարն էլ չկար, և պատն էլ այլևս չէր շարժվում: Ինչքան տեղին կլիներ նրա համար մի բաժակ դառը սուրճը, բայց ինչպե՞ս հասնել սրճեփին, միացնել գազօջախը, չթափել ջուրը, որ կանչում է ծորակից:

Առաջին անգամ զղջաց իր հարբածության համար: Նորից փակեց աչքերը խթանող որևէ բան գտնելու համար: Թմրությունն ուշ պատեց նրան, բայց երբ պատեց, դա կարծես մի անսպասելի փոխհատուցում լիներ: Նրա դիմաց՝ ձեռքերի մոտ, Դորիտան էր՝ այնքան գրավիչ, որքան  երբեք չէր եղել, կիսաբաց բերանով ու ինչ-որ բանի սպասելիս, վարդագույն շապիկով, որ սահում էր նրա կրծքից՝ ավելի փքուն, քան դա անցած ժամանակաշրջաններում էր: Ցանկացավ ինչ-որ բան ասել, բայց չկարողացավ: Դորիտան անշարժացրել էր նրան իր գեղեցկությամբ: Ցանկացավ երկարել ձեռքը նրա ձախ կրծքին, բայց այն անէացավ մատների մեջ: Continue reading

Leave a comment

09/07/2013 · 8:13 PM