«ՈՂՈՐՄԵԱ» / ԳՈՒՍՏԱՎՈ ԱԴՈԼՖՈ ԲԵԿԿԵՐ

Ողորմեա- Դավթի 50-րդ հանդիսավոր Սաղմոսը, որը եկեղեցին ճանաչել է որպես իր սխալն ընդունող և դրա համար Աստծո ողորմածությունից թողություն խնդրող մեղսագործ հոգու ամենախոր արտահայտություններից մեկը: Այս պաթետիկ Սաղմոսը պատարագի ընթացքում հնչում էր ամեն օր` բացի կիրակիից: Երաժիշտների համար գրավիչ տեքստ է եղել. Վատիկանի կապելլայի համար դրա խոսքերով մի խմբերգ է գրել Գրեգորիո Ալլեգրին(1582-1652), ինչպես և Տոմաս Բախը (1650-1714): Մոցարտի կյանքից մի ավանդություն կա, ըստ որի, քանի որ Ալլեգրիի երաժշտությունն արտագրելն արգելված էր, լսելով այն` Մոցարտը կարողանում է վերհիշել մեղեդին և գրի առնել:

Ողորմեա- Դավթի 50-րդ հանդիսավոր Սաղմոսը, որը եկեղեցին ճանաչել է որպես իր սխալն ընդունող և դրա համար Աստծո ողորմածությունից թողություն խնդրող մեղսագործ հոգու ամենախոր արտահայտություններից մեկը: Այս պաթետիկ Սաղմոսը պատարագի ընթացքում հնչում էր ամեն օր` բացի կիրակիից: Երաժիշտների համար գրավիչ տեքստ է եղել. Վատիկանի կապելլայի համար դրա խոսքերով մի խմբերգ է գրել Գրեգորիո Ալլեգրին(1582-1652), ինչպես և Տոմաս Բախը (1650-1714): Մոցարտի կյանքից մի ավանդություն կա, ըստ որի, քանի որ Ալլեգրիի երաժշտությունն արտագրելն արգելված էր, լսելով այն` Մոցարտը կարողանում է վերհիշել մեղեդին և գրի առնել:

           

Մի քանի ամիս առաջ, այցելելով Ֆիտերոյի հռչակավոր աբբայությունն ու պրպտելով դրա լքված գրադարանի հատորներից մի քանիսը, անկյուններից մեկում նոտաների բավական հին երկու-երեք տետր գտա. փոշու մեջ կորած էին ու նույնիսկ առնետների ատամների հետքն էին կրում:

Ողորմեա[1] էր:

Ես նոտաներ կարդալ չգիտեմ, բայց երաժշտությամբ այնքան եմ տարված, որ, առանց այն հասկանալու, հաճախ որևէ օպերայի պարտիտուր եմ վերցնում ու ժամեր շարունակ էջերն եմ թերթում` նայելով քիչ թե շատ համախմբված նոտաների կույտերին, ճառագայթներին, կիսաշրջաններին, եռանկյուններին ու բանալիներ կոչվող նշաններին, և այդ ամենը` առանց թեկուզ մի բան հասկանալու կամ որևէ օգուտ քաղելու:

Մոլուցքիս համաձայն` թերթեցի տետրերը, և առաջինն իմ ուշադրությունը գրավեց այն, որ թեև վերջին էջին գրված էր բոլոր ստեղծագործություններին բնորոշ լատիներեն finis[2] բառը, իրականում Ողորմեան ավարտված չէր, որովհետև երաժշտությունը միայն 10-րդ տանն էր հասնում:

Անկասկած, դա էր առաջինը, որ գրավեց իմ ուշադրությունը, սակայն այնուհետև, երբ մանրակրկիտ զննեցի տետրի էջերը, ինձ ավելի զարմացրեց այն, որ սովորաբար գրվող իտալերեն բառերի փոխարեն, ինչպես` maestoso, allegro, ritardando, piք vivo, a piacere[3], մանր ձեռագրով գերմաներենով գրված տողեր կային, որոնցից մի քանիսը կոչված էին հորդորելու այսպիսի խրթին բաներ. «ճռռում են… Ճռռում են ոսկորները, և պետք է թվա, թե դրանց միջից աղաղակ է ելնում», կամ այս մեկը. «Ստեղները ոռնում են` չկորցնելով ներդաշնակությունը, մետաղը որոտում է, բայց չի խլացնում, ուստի ամեն ինչ հնչում է, և ոչինչ չի խառնվում, և ամենը հեծկլտացող ու հառաչող մարդկությունն է», կամ, անշուշտ, ամենաինքնատիպը տան վերջում հուշում էր. «Նոտաները մսով ծածկված ոսկորներ են. անմար լույս, երկինքն ու դրա ներդաշնակությունը… Ու՜ժ… Ուժ և մեղմություն»:

-Գիտե՞ք` սա ինչ է,_ հարցրի ինձ ուղեկցող ծերուկին, երբ թարգմանված էր խելագարի խոսքեր թվացող այդ տողերի կեսը:

Այդ ժամանակ ծերունին ինձ պատմեց այն լեգենդը, որն այժմ ձեզ կներկայացնեմ:

 

                                                      I

Շատ տարիներ առաջ` մի անձրևոտ ու մութ գիշեր, այս աբբայության վանքի դուռը մի ուխտագնաց եկավ ու մի քիչ կրակ խնդրեց` հագուստը չորացնելու, մի կտոր հաց` քաղցը հագեցնելու և որևիցե օթևան` մինչև առավոտ սպասելու ու արևի լույսով ճանապարհը շարունակելու համար:

Նրա համար համեստ ընթրիք, վառ օջախ ու աղքատիկ անկողին պատրաստեց վանականներից մեկը, որը հանձն էր առել հոգալ ճանապարհորդի կարիքները, և երբ վերջինս թոթափեց հոգնածությունը, վանականը հարցրեց նրա ուխտագնացության նպատակի ու նպատակակետի մասին:

_Ես երաժիշտ եմ,_ պատասխանեց զրուցակիցը:_ Իմ ծննդավայրը շատ հեռու է այստեղից, և իմ հայրենիքում մի ժամանակ մեծ փառք եմ վայելել: Երիտասարդությանս տարիներին արվեստս գայթակղության զորավոր մի գործիք դարձրի և դրանով այնպիսի կրքեր բորբոքեցի, որոնք ինձ հանցանքի հասցրին: Ծերության օրերին ուզում եմ ի բարին ուղղել այն հատկություններս, որոնք չարիքին եմ ծառայեցրել` ազատում ստանալով նույն զենքով, որով ինձ շղթայել էի:

Քանի որ անծանոթի առեղծվածային խոսքերը բոլորովին էլ պարզ չթվացին վանականին, և վերջինիս մեջ սկսկում էր արթնանալ հետաքրքրասիրությունը` դրդելով ավելի շատ հարցեր տալ, զրուցակիցն այսպես շարունակեց.

_Հոգուս խորքում  ողբում էի իմ գործած սխալի համար, բայց երբ փորձում էի Աստծուց ողորմածություն խնդրել, զղջումս արժանի ձևով արտահայտելու խոսքեր չէի գտնում, մինչև որ մի օր աչքերս պատահաբար կանգ չառան մի սուրբ գրքի վրա: Բացեցի այդ գիրքը և էջերից մեկում տեսա իսկական ապաշխարանքի վիթխարի աղաղակը` Դավթի սաղմոսը, որն այսպես է սկսվում. Miserere mei, Deus! Այն պահից, ինչ կարդացի այդ տողերը, միակ մտածմունքս էր այնքան հրաշալի, այնքան վեհ երաժշտական ձև գտնել, որը կհամապատասխաներ մարգարե թագավորի ցավի հսկայական հիմնին: Դեռ այն չեմ գտել, բայց եթե կարողանամ արտահայտել այն, ինչ զգում եմ իմ սրտում, այն, ինչ աղոտ լսում եմ գլխիս մեջ, վստահ եմ, որ այնպիսի հրաշալի Ողորմեա կստեղծեմ, որի նմանը լսած չեն լինի մահկանացուները, այնքան սրտակեղեք, որ առաջին ակորդը լսելուն պես հրեշտակապետերը, արցունքն աչքերին ու Տիրոջը դիմելով, ինձ հետ միասին կասեն. «Ողորմեա՜», և Տերը կողորմա իր անզոր արարածին:

Պատմության այդ կետին հասնելով` ուխտագնացը մի պահ լռեց, ապա հոգոց հանելով նորից ձեռքն առավ պատմության կծիկը: Վանականը, աբբայության մի քանի անդամներ և վանքի ագարակների մի քանի հովիվ, որոնք շրջան էին կազմել կրակի մոտ, խորունկ լռության մեջ նրան էին լսում:

_Անցնելով,_ շարունակեց,_ ամբողջ Գերմանիան, ամբողջ Իտալիան և կրոնական երաժշտության համար դասական համարվող այս երկրի մեծագույն մասը` դեռ չեմ լսել այնպիսի Ողորմեա, որը կարողանար ինձ ներշնչանք հաղորդել, ոչ մեկը, ո՛չ մեկը, իսկ ես այնքան եմ լսել, որ կարող եմ ասել` լսել եմ բոլորը:

_Բոլո՞րը,_ նրան ընդհատելով` ասաց հովիվներից մեկը:_ Երևի դեռ չե՞ք լսել Լեռան Ողորմեան:

_Լեռան Ողորմեա՜ն,_ զարմանքով բացականչեց երաժիշտը…_ Դա ի՞նչ Ողորմեա է:

_Չասացի՞,_  կամացուկ ասաց գեղջուկը և շարունակեց խորհրդավոր տեսքով._  Ասածս Ողորմեան միայն պատահաբար են լսում նրանք, ովքեր ինձ պես օր ու գիշեր անասուններին են հսկում  մացառուտների ու ժայռերի մեջ: Դա մի ամբողջ պատմություն է, շատ հին պատմություն, բայց նույնքան իրական է, որքան անհավատալի է թվում:

Դեպքը պատահել է հորիզոնն աբբայության հովտից բաժանող  ամենաքարքարոտ լեռան վրա շատ տարիներ առաջ: Ասում եմ` տարիներ… Դարե՛ր առաջ լեռան վրա մի եկեղեցի կար, որը կարծեմ իր հաշվին մի սենյոր էր կառուցել, որպեսզի այն կտակեր որդուն, ում մեռնելիս զրկում է ժառանգությունից ` նրա չարության պատճառով: Մինչ այդ ամեն ինչ լավ էր, բայց բանն այն է, որ այդ որդին, որը, ինչպես կտեսնեք, երևի սատանայի ծնունդ էր, եթե ոչ ինքը սատանան, իմանալով, որ իր ունեցվածքը հոգևորականներին է պատկանելու, իսկ իր ամրոցը շուտով եկեղեցի է դառնալու, հավաքում է մի քանի ավազակների` հայրական տունը լքելուց ի վեր նրա վարած մոլորյալ կյանքի ընկերներին, և Ավագ Հինգշաբթի երեկոյան, երբ վանականները երգում են, այն պահին, երբ պետք է սկսեին կամ սկսել էին Ողորմեան, կրակի են տալիս վանքը, կողոպտում եկեղեցին ու ոչ ահել են նայում, ոչ ջահել. ասում են` ոչ մի վանականի ողջ չեն թողնում: Այդ վայրենությունից հետո ավազակները հեռանում են` իրենց գլխավորի հետ, հայտնի չէ` ուր, գուցե գետնի տակ են անցնում: Կրակը վանքից հետք չի թողնում, կռացած ժայռի վրա  եկեղեցուց դեռ այսօր էլ ավերակներ են մնացել, այնտեղից մի ջրվեժ է սկիզբ առնում, որը, քարից քար թափվելով, թափվում է աբբայության պատերը ողողող առվի մեջ:

_Սպասե՛ք,_ անհամբերությամբ ընդհատեց երաժիշտը,_ իսկ Ողորմեա՞ն:

_Համբերե՛ք,_ բառերը ծոր տալով շարունակեց հովիվը: _Ամեն ինչ` իր հերթին:

Որից հետո շարունակեց իր պատմությունը:

_Շրջակայքի ժողովուրդը հանցագործությունից մեծ աղմուկ է բարձրացնում. երկար գիշերների ընթացքում այն սարսափով հայրերից որդիներին ու որդիներից թոռներին է փոխանցվում: Բայց  դրա հիշատակն առավել արթուն պահողն այն է, որ ամեն տարի` նույն գիշերը, երբ հանցանքը կատարվել է, եկեղեցու կոտրած պատուհանների ետևից լույս է երևում, տարօրինակ երաժշտության ձայներ են լսվում` մռայլ ու զարհուրելի, որ մաս-մաս հասնում են օդի շերտերի միջով: Դրանք վանականներն են, որոնք, գուցե մահվան պահին դեռ անպատրաստ լինելով մեղքերից մաքրված ներկայանալու Աստծո դատարանի առաջ, քավարանից գալիս են, որ ողորմություն հայցեն` երգելով Ողորմեան:

Ներկաներն անվստահությամբ մեկը մյուսին նայեցին. միայն ուխտագնացը, որը պատմությունից զգալիորեն հուզված էր թվում, ոգևորված հարցրեց պատմողին.

_ Եվ ասում եք, որ այդ հրաշքը դեռ կրկնվու՞մ է:

_Կասկած չկա, որ երեք ժամից կսկսվի, քանի որ այս գիշեր հենց Ավագ Հինգշաբթի է, և աբբայության ժամացույցը հենց նոր ժամը ութը խփեց:

_Որքա՞ն է հեռավորությունը մինչև եկեղեցին:

_Հազիվ մեկուկես լիգա[4] լինի:

_Բայց ի՞նչ եք անում: Ու՞ր եք գնում այսպիսի գիշերով: Աստծուն հաճելի չի լինի,_ բացականչեցին բոլորը` տեսնելով, որ ուխտագնացը, վեր կենալով իր աթոռից ու վերցնելով անթացուպը, հեռանում է օջախից և ուղղվում դեպի դուռը:

_Ու՞ր եմ գնում: Լսելու այդ հրաշալի երաժշտությունը, լսելու մեծն, իսկական Ողորմեան, նրանց Ողորմեան, ովքեր այս աշխարհ են վերադարձել մեռյալների երկրից ու գիտեն, թե ինչ է նշանակում մեղքի մեջ մեռնելը:

Եվ այդ ասելով` անհետացավ ցնցված վանական եղբոր ու ոչ պակաս ապշած հովիվների տեսադաշտից:

Քամին ոռնում էր ու դռներ ճռնչացնում, ասես մի զորավոր ձեռք կռվեր դրանց հետ` կողափայտերը պոկելու համար. անձրևը հեղեղի պես էր թափվում` ծեծելով պատուհանների ապակիները, և ժամանակ առ ժամանակ կայծակի լույսը մի ակնթարթ լուսավորում էր պատուհաններից երևացող ամբողջ հորիզոնը:

Երբ անցավ ապշանքի առաջին պահը, վանականը բացականչեց.

_ Նա խենթ է…

_ Խենթ է,_ կրկնեցին հովիվները, թեժացրին կրակն ու խմբվեցին օջախի շուրջ:

      II

Մի քանի ժամ քայլելուց հետո խորհրդավոր անձնավորությունը, ում աբբայությունում խենթ հռչակեցին, հետևելով առվի հոսանքին, որի մասին նշել էր հովիվն իր պատմության մեջ, հասավ այն վայրը, որտեղ հառնում էին եկեղեցու սև ու տպավորիչ ավերակները:

Անձրևը կտրվել էր. ամպերը լողում էին մութ երամներով, որոնց սապատների միջից երբեմն հայտնվում էր գունատ ու երերուն լույսի թաքնված մի շող, իսկ օդը, ծեծելով ամուր հիմնասյուներն ու անցնելով ամայի սրահների միջով, ասես հոգոց հաներ: Այնուամենայնիվ, գերբնական կամ տարօրինակ ոչինչ չէր հուզում երևակայությունը: Նրան, ով ավելի քան մի գիշեր էր լուսացրել` չունենալով այլ տանիք, քան լքված աշտարակի ավերակները կամ միայնակ ամրոցը, նրան, ով իր երկարատև ուխտագնացության ընթացքում հարյուրավոր փոթորիկների էր դիմակայել, բոլոր այդ ձայները հարազատ էին թվում:

Ջրի կաթիլները, որ հոսում էին քանդված կամարների ճեղքերից և ժամացույցի սլաքի պես համաչափ ձայնով ընկնում գետնին, որմնախորշում դեռևս կանգուն քանդակների ոտքերի մոտ պատսպարած բվի ճիչը, սողունների աղմուկը, որոնք, փոթորկի պատճառով արթնանալով քնից, հանում էին տձև գլխիկներն իրենց քնարանի անցքերից կամ սողում էին խորանի տակ աճած վայրի հատապտուղների թփերի արանքով` եկեղեցու հատակը կազմող գերեզմանաքարերի մեջ, դաշտի, մենության ու գիշերվա բոլոր այդ տարօրինակ ու խորհրդավոր շշուկները հասնում էին ուխտագնացի ականջին, ով, նստած գերեզմաններից մեկի քանդված քարի վրա, անհամբերությամբ սպասում էր այն ժամին, երբ պետք է իրականանար հրաշքը:

Ժամանակն անցնում էր ու անցնում, և ոչինչ չէր կատարվում. այդ հազարավոր խառը ձայները շարունակում էին հնչել ու համադրվել հազարավոր տարբեր ձևերով, բայց դրանք միշտ նույնն էին:

«Իսկ եթե ինձ խաբե՜լ է»,_ մտածեց երաժիշտը, բայց այդ պահին մի նոր ձայն լսվեց, այդ վայրի համար անբացատրելի մի ձայն, ինչպիսին ժամացույցն է ունենում ժամը բոլորելուց մի քանի վայրկյան առաջ կամ գլորվող անիվները, ձգվող պարանը կամ խուլ պտտվող ու իր խորհրդավոր մեխանիկական արագությունը գործի դնելու պատրաստվող մեխանիզմը. և հնչեց մի զանգ… Երկուսը… Երեքը… Մինչև տասնմեկը:

Կործանված տաճարում ոչ զանգ կար, ոչ ժամացույց, ոչ էլ նույնիսկ աշտարակ:

Արձագանքի մեջ թուլանալով` դեռ չէր մարել վերջին զանգը, օդում դեռ լսելի էր դրա տատանման դողը, երբ քանդակները ստվերող գրանիտե ամպհովանիները, խորանի մարմարե աստիճանները, սրանկյուն նստարանները, երգչախմբի նախշազարդ ճաղաշարերը, քիվերի երեքնուկաձև ժանեզարդերը, պատերի սև հիմնասյուները, հատակը, գմբեթը, ամբողջ եկեղեցին հանկարծակի լուսավորվեցին, մինչդեռ չէր երևում ոչ մի ջահ, մոմ կամ կանթեղ, որ արձակեր այդ պայծառ լուսավորությունը:

Ասես կմախքի դեղնած ոսկորներից ֆոսֆորական գազ արտադրվեր` մթության մեջ փայլելով ու ծուխ արձակելով կապտավուն, անհանգիստ ու դողդոջուն լույսով:

Ամեն ինչ կարծես կենդանություն առավ, սակայն գալվանական շարժմամբ, որը մահվանն է  հաղորդում կյանքը նմանակող կծկումները. ակնթարթային այդ շարժումն ավելի զարհուրելի է, քան անհայտ ուժով դիակի շարժման իներցիան: Քարերը դասավորվեցին քարերի վրա, խորանը, որի քանդված մասերն առաջ անկարգ ցրված էին, անխախտ կանգնեց, ասես շինարարը հենց նոր էր նրան հասցրել հատիչի վերջին հարվածը, և, խորանի նման կանգնեցին կործանված ժամատները, քանդված խոյակներն ու վիթխարի ջարդված կամարների շարքերը, որոնց սյուները, հատվելով ու միահյուսվելով, ծիրանաքարե լաբիրինթոս էին ստեղծում:

Հենց որ տաճարը վերակառուցվեց, մի հեռավոր ակորդ լսվեց, որը կարելի էր շփոթել օդի գվվոցի հետ, սակայն դա հեռավոր ու ծանր ձայների խմբերգ էր, որոնք ասես դուրս էին գալիս հողի կրծքից ու հետզհետե բարձրանում էին` ամեն անգամ ավելի լսելի դառնալով:

Քաջասիրտ ուխտագնացն սկսում էր վախ զգալ, բայց վախի հետ մրցում էր անիմանալիի ու հրաշալիի հանդեպ նրա մոլուցքը, և դրանից շունչ առնելով` նա թողեց քարը, որի վրա նստած էր, խոնարհվեց անդունդի վրա, որի ժայռերի միջով, անդադար ու անսպասելի շառաչյունով թափվելով, իջնում էր հոսանքը, և նրա մազերը բիզ-բիզ կանգնեցին սարսափից:

Թիկնոցների ցնցոտիներով հազիվ փաթաթված, թաց վեղարներով, որոնց ծալքերը հակադրվում էին նրանց մերկ ծնոտներին ու սպիտակ ատամներին, գանգերին աչքերի մութ խորշերով` վանականների կմախքները եկեղեցու բազրիքներից անդունդն էին նետվում, դուրս էին գալիս ջրի խորքից և իրենց ոսկրոտ ձեռքերի երկար մատներով բռնելով ժայռերի ճեղքերից` մագլցում էին մինչև գագաթը` ցածր ու անդրշիրիմյան ձայնով, սակայն ցավի զարհուրելի արտահայտությամբ ասելով Դավթի սաղմոսի առաջին տունը.

  _ Miserere mei, Deus, secundum magnam misericordiam tuam![5]

Երբ վանականները հասան տաճարի սյունաշարին, բաժանվեցին երկու շարքի և մտնելով երգչախմբի հատվածը` ծնկի իջան, որտեղ ավելի բարձր ու հանդիսավոր ձայնով շարունակեցին հնչեցնել սաղմոսի տները: Նրանց ձայներին համահունչ էր երաժշտությունը. այդ երաժշտությունը հեռավոր շառաչյունն էր, որը, ցրելով փոթորիկը, երգելով հեռանում էր, դա օդի գվվոցն էր, որը հառաչում էր լեռան ծերպերում, դա ժայռերի վրա թափվող ջրվեժի միապաղաղ ձայնն էր, և հոսող ջրի կաթիլը, և թաքնված բվի ճիչը, և անհանգիստ սողունների շարժումը: Երաժշտությունն այդ ամենն էր և ավելին, ինչը չի կարելի բացատրել, ոչ էլ գրեթե ընկալել. մի բան, որը նման էր սաղմոսերգու թագավորի ապաշխարանքի վիթխարի հիմնի տներին նվագակցող երգեհոնի արձագանքին` նույնքան վիթխարի նոտաներով ու ակորդներով, որքան նրա ահավոր խոսքերն են:

Ծեսը շարունակվեց. այն կլանված ու զարհուրած դիտող երաժշտին թվում էր, որ ինքն իրական աշխարհից դուրս է և ապրում է երազի ֆանտաստիկ շրջանում, որտեղ բոլոր առարկաները տարօրինակ ու անկրկնելի տեսք ունեն:

Մի սարսափելի ցնցում նրան հանեց այն ապշանքից, որը տիրում էր նրա հոգու բոլոր մասնիկներին: Նրա նյարդերը դողացին մի ուժեղագույն երերման մղմամբ, ատամները իրար բախվեցին` ցնցվելով անդիմակայելի դողով, և ցուրտը թափանցեց նրա ոսկորների խորքը:

Այդ պահին վանականներն արտասանում էին Ողորմեայի ահեղ բառերը.

  _ In iniquitatibus conceptus sum: et in peccatis concepit me mater mea.[6]

Երբ հնչեց այդ տունը, և նրանց արձագանքը ցրվելով անցավ գմբեթից գմբեթ, մի հսկայական աղաղակ բարձրացավ, որն ասես ամբողջ մարդկությունից պոկված ցավի ճիչ լիներ` իր մեղքերը գիտակցելու համար. մի սարսափելի ճիչ, որն իր մեջ էր ներառել դժբախտության բոլոր ողբերը, հուսահատության բոլոր հեկեկանքները, անխղճության բոլոր անեծքները. դա հրեշավոր համերգ էր, մեղքի մեջ ապրողների և անարդարությունը գիտակցողների արժանի թարգմանիչ:

Երգը շարունակվեց` մերթ տխուր ու խորունկ, մերթ փոթորկի սև ամպը ճեղքող արևի շողի նման, որը սարսափի կայծակը փոխարինում է ցնծության կայծակով, մինչև որ հանկարծակի վերափոխման շնորհիվ եկեղեցին փայլեց` ողողված երկնագույն լուլսով, վանականների կմախքները մարմին առան, պայծառ լուսապսակը փայլեց նրանց ճակատների շուրջ, գմբեթը պայթեց, և նրա միջից երևաց երկինքը` արդարների հայացքներին տեսանելի բաց լույսի օվկիանոսի նման:

Սերովբեները, հրեշտակապետերը, հրեշտակները և թափորները փառաբանական հիմնով էին ուղեկցում այդ տունը, որը դեպի Տիրոջ գահավորակն էր բարձանում, ինչպես ներդաշնակ մրրկասյուն, ինչպես ձայն առած կնդրուկի հսկայական պարույր.

_ Auditi meo dabis gaudium et laetitiam: et exultabunt ossa humiliate.[7]

Այդ պահին շլացուցիչ պայծառությունը կուրացրեց ուխտավորի աչքերը, նրա քունքերն ուժգին թրթռացին, ականջները դժժացին, և նա անգիտակից ընկավ գետնին ու էլ ոչինչ չլսեց:

              III

Հաջորդ օրը Ֆիտերոյի աբբայության խաղաղ հոգևորականները, ում վանականը պատմել էր նախորդ գիշերվա տարօրինակ հյուրի մասին, տեսան, թե ինչպես ներս ընկավ անծանոթ ուխտագնացը` գունաթափ և հուզված:

_Ի վերջո, լսեցի՞ք Ողորմեան,_ հեգնական հնչերանգով հարցրեց նրան վանականը` թաքուն մի հպարտ հայացք նետելով իրենից բարձր կոչում ունեցողների վրա:

_ Այո՛,_ պատասխանեց երաժիշտը:

_ Եվ ի՞նչ կասեք:

_ Ես այն գրի կառնեմ: Ինձ ձեր տանը ապաստա՛ն տվեք,_ շարունակեց նա` դիմելով աբբային,_ ապաստան ու հաց` մի քանի ամսով, և ես ձեզ արվեստի անմահ գործ կթողնեմ, մի Ողորմեա, որը կմաքրի իմ մեղքերը Աստծո առաջ, կհավերժացնի իմ հիշատակը և միաժամանակ` այս աբբայությունը:

Վանականները, հետաքրքրասիրությունից մղված, աբբային խորհուրդ տվեցին, որ ընդունի խնդրանքը: Աբբան, խղճահարվելով և նրան նույնիսկ խենթ համարելով, ի վերջո տվեց իր համաձայնությունը, և երաժիշտը, տեղավորվելով վանքում, սկսեց իր աշխատանքը:

Զօր ու գիշեր աշխատում էր անսպառ ջանասիրությամբ: Գործի կեսին կանգ էր առնում, ու թվում էր` իր երևակայության մեջ ինչ-որ բան է լսում, և նրա բիբերը լայնանում էին, նա նստած տեղից վեր էր թռչում ու բացականչում.

_ Այսպես է. այո՛, այո՛, կասկած չկա… Այսպես է,_ ու շարունակում էր գրել նոտաները տենդագին արագությամբ, որը շատ անգամ էր աննկատելիորեն նրան դիտողներին հիանալու առիթ էր տվել:

Գրի առավ առաջին տները և մյուսները` մինչև սաղմոսի կեսը, սակայն երբ հասավ վերջինին, որը լսել էր լեռան վրա, այլևս չկարողացավ շարունակել:

  Մեկ, երկու, հարյուր, երկու հարյուր սևագիր արեց. ամենն ապարդյուն էր: Նրա երաժշտությունը նման չէր արդեն նոտագրված երաժշտությանը, և քունը փախավ նրա աչքերից, կորցրեց ախորժակը, տենդը տիրեց նրա գլխին, նա խելագարվեց ու ի վերջո մահացավ` չկարողանալով ավարտել Ողորմեան, որը` որպես մի տարօրինակ առարկա, հոգևորականները պահեցին նրա մահից հետո, և այն մինչև օրս մնում էր աբբայության գրապահոցում:

*

Երբ ծերուկն ամփոփեց իր պատմությունը, չկարողացա զսպել ինձ, որ նորից չնայեմ Ողորմեայի փոշոտ ու հինավուրց ձեռագրին, որը բացված էր տներից մեկի վրա.

  In peccatis concepit me mater mea…

Այս բառերն էին գրված այն էջին, որն աչքերիս առաջ էր և որը կարծես ծաղրում էր ինձ իր նոտաներով, բանալիներով և անգետների համար անհասկանալի երաժշտական խայծերով:

Դրանք կարդալ կարողանալու համար ամբողջ աշխարհը կտայի:

  Ո՞վ գիտի` արդյոք դա խենթություն չէ:    

      

© Թարգմանությունը ` Հասմիկ Ամիրաղյանի


[1] Ողորմեա- Դավթի 50-րդ հանդիսավոր Սաղմոսը, որը եկեղեցին ճանաչել է որպես իր սխալն ընդունող և դրա համար Աստծո ողորմածությունից թողություն խնդրող մեղսագործ հոգու ամենախոր արտահայտություններից մեկը: Այս պաթետիկ Սաղմոսը պատարագի ընթացքում հնչում էր ամեն օր` բացի կիրակիից: Երաժիշտների համար գրավիչ տեքստ է եղել. Վատիկանի կապելլայի համար դրա խոսքերով մի խմբերգ է գրել Գրեգորիո Ալլեգրին(1582-1652), ինչպես և Տոմաս Բախը (1650-1714): Մոցարտի կյանքից մի ավանդություն կա, ըստ որի, քանի որ Ալլեգրիի երաժշտությունն արտագրելն արգելված էր, լսելով այն` Մոցարտը կարողանում է վերհիշել մեղեդին և գրի առնել:

[2] finis- այս բառը գրվում էր լատինական ստեղծագործությունների վերջում` նշելով, որ դրանք ավարտված են:

[3] Կատարման ոճը ցույց տվող իտալերեն տերմիններ են:

[4] Երկարության միավոր. 5572,7մ:

[5] «Ողորմի՛ր ինձ, Աստուա՛ծ, քո մեծ ողորմութեամբ»: Սա երրորդ տունն է:

[6] «Անօրէնութեամբ յղիացաւ և մեղքերի մէջ ծնեց ինձ մայրն իմ»: Յոթերորդ տուն:

[7] «Ինձ ցնծութիւն և ուրախությիւն լսել տու՛ր և թող տառապեալ ոսկորներս ցնծան»: Տասներորդ տուն:

Comments Off on «ՈՂՈՐՄԵԱ» / ԳՈՒՍՏԱՎՈ ԱԴՈԼՖՈ ԲԵԿԿԵՐ

10/07/2013 · 11:18 AM

Comments are closed.