Daily Archives: 14/07/2013

(RIMAS ) LXIV և LXXX բանաստեղծական հանգեր/ քառյակներ

j8f7euLXIV

 

Ինչպես գծուծն է թաքցնում իր գանձը,

պահպանում էի ցավը իմ,

նրան ուզում էի ապացուցել , որ կա հավերժը,

նրան, ով հավերժական սեր էր ինձ երդվում:

 

Բայց, զուր եմ այսօր կանչում և լսում՝

ինչպես է ժամանակը նրան սպառում ու ասում.

–         Էհ, թշվա՜ռ հողակտոր,

անգամ տառապել չես կարող հավե՜րժ:

 LXXX

Օդ, որ համբուրում է, սիրտ, որ լալիս է,

ցավի և կրքի արծիվ,

հնազանդ խաչ, հոգի, որ ներում է.

դա ես եմ:

 

Սիրո օձ, դավաճան ծիծաղ,

դահիճ պատրանքի և լույսի,

անուշաբույր դաշույն, դաժան համբույր.

դա դու ես:

© Թարգմանությունը ` Մերի Զոհրաբյանի

Leave a comment

14/07/2013 · 9:11 PM

(RIMAS ) XI , XXXVIII և LXIX բանաստեղծական հանգեր/ քառյակներ

bc3a9cquerXI

– Ես կրակոտ եմ, ես թխահեր եմ,

խորհրդանիշն եմ կրքի:

Իմ հոգու մեջ վայելքի տենչանքներ են:

Ինձ ես փնտրում:

– Ո°չ, ուրիշ մեկի:

– Ճակատս ճերմակ, գանգուրներս ոսկի,

կարող եմ օժտել քեզ անվերջ բերկրանքով,

իմ մեջ գանձեր կան գորովանքի,

ինձ ես կանչում:

– Քեզ չէ, ո°չ:

– Ես մի երազ եմ, անհնարին եմ:

Սին մշուշե ու լուսե մի ուրու:

Շոշափելի չեմ: Ես անմարմին եմ:

Չեմ կարող սիրել քեզ

– Օ, ե՜կ, եկ դու:

 

XXXVIII

Հառաչանքները օդ են և օդով են հեռանում,

արտասուքները ջուր են և ծովին են խառնվում,

ասա՛ ինձ, կի՛ն, երբ սերը մոռացվում է,

գիտե՞ս, թե ուր է այն գնում:

LXIX

Կայծակ է պայթում, երբ աշխարհ ենք գալիս,

ու դեռ դրա փայլը չանցած՝ արդեն մահանում ենք.

կյանքն այդքան վաղանցուկ է:

Ընկնում ենք փառքի ու սիրո հետևից.

դրանք երազի ստվերներ են, որ մենք դարանում ենք:

Մահն արթնացում է:

© Թարգմանությունը ` Հասմիկ Ամիրաղյանի

Leave a comment

14/07/2013 · 9:06 PM

(RIMAS ) VI , XXI և XXX բանաստեղծական հանգեր/ քառյակներ

Rima XXI

Rima XXI

 

VI

Որպես զեփյուռն է արյունը  թարմեցնում՝

պարուրելով մարտի դաշտը մթամած.

բույրերով լեցուն` անուշահոտ ու ներդաշնակ,

պատված  լռությամբ գիշերվա տարտամած,

որպես ցավի ու քնքշանքի խորհրդանիշ

անգլիացի երգչի սոսկալի ողբերգության՝

քնքուշ Օֆելիան է՝առանց գիտակցության,

ծաղիկ հավաքելով` երգում ու անցնում:

XXX

Արցունքի կաթիլ էր հանգած իր աչքերին,

և խոսքեր թողության իմ շրթունքներին,

հպարտությունը խոսեց. մաքրեց արցունքը նրա,

շուրթերս էլ արտաշնչեցին խոսքերը զղջման:

Ես իմ ճամփան ունեմ. նա`իր.

բայց փոխադարձ մեր սերը հիշելու պահին

ասում եմ տակավին. ‹‹ Ինչու՞ այդ օրը լռեցի ››.

նա ել կասի. ‹‹ Ինչու՞ արցունք  չթափեցի ››:

© Թարգմանությունը ` Նունե Անտոնյանի

XXI

Ի՞նչ է պոեզիան, ասում ես ու գամում

Իմ աչքերին աչքերդ երկնագույն:

Ի՞նչ է պոեզիան… Դու մի՞թե չգիտես.

Պոեզիան… դու ես:

© Թարգմանությունը ` Հասմիկ Ամիրաղյանի

Leave a comment

14/07/2013 · 10:20 AM

ԲԵԿԿԵՐԻ ՌՈՄԱՆՏՒԶՄԸ /‹‹Համբույրը››, ‹‹Լուսնի շողը›› լեգենդներ/

1011200_582179428472186_1799794722_nԳուստավո Ադոլֆո Կլաուդիո Դոմինգես Բաստիդան` նույն ինքը` Գուստավո Ադոլֆո Բեկկերը, ծնվել է 1836 թվականին Սևիլիայում: Իսպանացի այս պոետը համարվում է իսպանական ուշ ռոմանտիզմի ամենավառ ներակայացուցիչներից մեկը` չնայած որ ստեղծագործել է գրական մի ժամանակաշրջանում, որը,  հիրավի ռեալիստական էր:

Բեկկերին մեծ ճանաչում և հռչակ են բերել նրա լեգենդներն ու  բանաստեղծական քառյակները, որոնք երկու  սիրող սրտերի սիրային իսկական առհավատչյա են:

Ստորև կներկայացվեն Բեկկերի ‹‹Համբույրը››, ‹‹Լուսնի շողը›› լեգենդների և բանաստեղծական շարքերից  մեկի շուրջ կատարած վերլուծություններ՝ տեքստի մեկնաբանության շրջանակներում՝ յուրաքանչյուր անգամ կապ հաստատելով և զուգահեռներ անցկացնելով ռոմանտիզմի հետ, որովհետև անհնար է խոսել բեկկերյան ստեղծագործությունների մասին` առանց անդրադառնալու ռոմանտիկական գրականության առանձնահատկություններին:

Ռոմանտիզմը հիմնականում կապվում է 18- 19 –րդ դարերի հետ՝ իր արտահայտությունը գտնելով արվեստի բոլոր ճյուղերում՝ գրականություն, գեղանկարչություն, երաժշտություն, որն իր հերթին կապված էր սոցիալ- տնտեսական, պատմաքաղաքական իրադարձությունների հետ. ֆեոդալական հասարակարգի փլուզում և բուրժուազիայի հաստատում: Վերջինս իր հանգուցալուծմանն է հասնում ֆրանսիական բուրժուական պատերազմում (1789- 1794), որով էլ , վերջապես, ամրապնդվում է բուրժուազիայի տիրապետությունը:

Սա , ի դեպ, ազդում է ոչ միայն Ֆրանսիայի, այլև՝ եվրոպական մի շարք երկրների վրա, այդ թվում նաև Իսպանիայի:

Բնականաբար, ֆեոդալ- պալատական աշխարհի, մշակույթի, սոցիալ- քաղաքական և այլ հարաբերությունների փլուզումը չէր կարող իր դրոշմը չթողնել հասարակության գիտակցության և մտածողության ձևավորման վրա: Նրանք, ովքեր հարում էին նախկին ֆեոդալական հասարակարգին, չեն ընդունում բուրժուական միջավայրը, ինչը նրանց մոտ  առաջացնում է վախ և տագնապ ցանկացած նորի նկատմամբ.  միստիկա, պեսիմիզմ, անհագ ձգտում դեպի անցյալ, հիվանդագին ֆանտազիա. սրանք են այս շրջանի մարդու բնորոշ  գծերը:

Ինչ վերաբերում է ռոմանտիկներին, ապա վերջիններս ակտիվ պայքար են մղում լուսավորականության փիլիսոփայության, ռացիոնալիզմի, այսինքն՝ բանականության պաշտամունքի դեմ:

Բուրժուազիան, փաստորեն, մարդկանց ազատելով ֆեոդալիզմից, միևնույն ժամանակ նրանց դարձրեց ‹‹բուրժուազիայի ստրուկն ու հպատակը››: Իր աշխատություններում Էնգելսը գրում է, որ հեղափոխության առաջաբանում հռչակված ‹‹եղբայրությունը›› ի վերջո վերածվեց առևտրի և փողի մրցակցության:

Ի տարբերություն գրական մյուս ուղղությունների՝ ռոմանտիզմը չունի հստակ սահմանում, այնուամենայնիվ, գրականագիտական բոլոր աղբյուրներում նշվում է, որ ռոմանտիզմը ծագեց  ի հակադրություն կլասիցիզմի և լուսավորականության ռացիոնալիզմի՝ վեր հանելով արվեստագետի լիակատար ազատության գաղափարը:

Ռոմանտիզմի գերագույն նպատակը իդեալն է, որն անիրագործելի է կյանքում, բայց նրան հնարավոր  է հասնել արվեստի միջոցով:

Ռոմանտիզմը չպետք է դիտել որպես միայն զգացմունքի գրականություն, ճիշտ հակառակը, այն զգացմունքի և բանականության միահյուսում է: Խորապես հիասթափված բուրժուական հասարակարգից և գորշ իրականությունից՝ ռոմանտիզմի ներկայացուցիչներն իրենց համար ստեղծում են ցանկալի, գեղեցիկ և իդեալական պատկերներ:

Գրականության լեզուն դառնում է ավելի պարզ և խոսակցական, պատմելաձևը դառնում՝ ավելի սրտամոտ, գործողությունը սալոններից և պալատներից տեղափոխվում է բնության գիրկ:

Ռոմանտիկական գրականության բոլոր ժանրերը լի են քնարականությամբ, ամեն ինչ վերածվում է բանաստեղծության, համեմատության համար կարելի է ուսումնասիրել Բեկկերի թե՛ արձակ, թե՛ չափածո  ստեղծագործությունները, որոնք պոետիկական արժեք են ներկայացնում:

Հենց ռոմանտիկական շրջանում է, որ մեծ ուշադրություն է դարձվում լեգենդներին, միջնադարյան գրականության այնպիսի ժանրերին, ինչպիսիք են ՝ բալլադները և ռոմանսները:

Բեկկերի ստեղծագործությունների մեջ նկատելի են ընդհանրություններ Էդգար Ալլան Պոյի սարսափի գրականության հետ, որի հիմքերը գալիս են 18- րդ դարում Բրիտանիայում զարգացող գոթական գրականությունից, որի ուսումնասիրության կենտրոնում կյանքն է իր սև և մռայլ գույներով՝ մահ, մեկուսացում, օտարացում, ուրվականներ, այսինքն՝ Բեկկերի ստեղծագործություններում նկարագրվող ‹‹գոթական եկեղեցիների, շիրիմների  և գրությունների›› մասին հիշատակությունները   պատահական չէին:

Բեկկերի ստեղծագործությունների վրա իր ուրույն ազդեցությունն է թողել նաև գերմանացի պոետ Հայնրիխ Հայնեն, ով, անշուշտ, համարվում է գերմանական դասական գրականության գագաթնակետը, հայնեական շնչով բռնկված պոեզիայից Բեկկերը վերցնում է ստեղծագործության սիրային մոտիվը, սեր, որ միշտ երևում է մռայլ գույներով, այն երջանկության աղբյուր չէ, այլ՝ ցավի: Ռոմանտիկներն անդրադառնում են նաև ‹‹ներերաժշտությանը››, ներքին երաժշտություն, որ հնչում է ցանկացած բնական երևույթի և մարդկային կյանքի մեջ՝ տերևների խշշոց, ջրվեժի աղմուկ, թռչունների դայլայլ: Ահա այստեղ է , որ Բեկկերը շարունակ ականջ է դնում տերևների աղմուկին, և թվում է նրան, թե լսում է իր երազանքների կնոջ ոտնաձայները, շատ հաճախ մոռանում է ժամանակի մասին ու  մնում ականջալուր՝  թափվող ջրի շիթերի աղմկոտ զրույցին:

Ռոմանտիկները հավատում են, որ երաժշտությունը ‹‹նկարում››, ‹‹ պատկերում›› է զգացմունքները գերմարդկային ձևով, այն մարդուն տանում է մի անծանոթ աշխարհ, որը ոչ մի կապ չունի իրական աշխարհի հետ: Continue reading

Leave a comment

14/07/2013 · 10:01 AM