Daily Archives: 15/07/2013

ԲՈՐԽԵՍԸ ԵՎ ԵՍ/ ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ


Los dos mundos de Jorge Luis BorgesՄյուսին` Բորխեսին է ամեն ինչ պատահում: Ես քայլում եմ Բուենոս Այրեսի փողոցներով և կանգ եմ առնում, գուցե արդեն մեքենայաբար, ինչ-որ միջանցքի կամարն ու դուռը դիտելու. Բորխեսից լուրեր եմ ստանում փոստի միջոցով և նրա անունը կարդում պրոֆեսորների եռյակի ցուցակում կամ կենսագրական բառարանի էջերում: Սիրում եմ ավազե ժամացույցները, քարտեզները, 18-րդ դարի տեղեկագրությունը, ստուգաբանությունները, սուրճի համը, Ստիվենսոնի արձակը. մյուսն էլ նույն նախասիրություններն ունի, բայց այնպես է պարծենում դրանցով, որ այդ նախասիրությունները դառնում են դերասանի հատկանիշներ:

Չափազանցություն կլիներ ասել, թե մեր հարաբերությունները թշնամական են. ես ապրում եմ, ես ինձ թույլ եմ տալիս ապրել, որպեսզի Բորխեսը հյուսի իր գրականությունը, և այդ գրականությունն արդարացնում է ինձ: Հաճույքով խոստովանում եմ, թե մի քանի էջեր հաջողվել են, սակայն այդ էջերը չեն կարող ինձ փրկել, գուցեև այն պատճառով, որ դրանց մեջ լավագույնը պարտական է լեզվին կամ ավանդությանը: Բացի այդ, իմ ճակատագիրը վերջնականապես կործանվելն է, և ինձնից միայն մասնիկներ են գոյատևելու: Իհարկե ինձ հայտնի է նրա կեղծելու և վեհացնելու չարակամ սովորությունը, սակայն կամաց – կամաց նրան ամեն ինչ տրվում է: Սպինոզան ասում էր, թե ամեն ինչ ուզում է իր իսկ գոյությամբ պահպանվել. քարը հավերժորեն ուզում է քար լինել, վագրը` վագր:

Ես պետք է Բորխես լինեմ և ոչ թե ես ինքս( եթե իհարկե ես ինչ-որ մեկն եմ), սակայն ես ինքս ինձ ավելի քիչ եմ ճանաչում նրա գրքերում կամ ինձ կարող եմ ճանաչել այլ գրքերում կամ ինչ-որ կիթառի երաժշտության մեջ: Տարիներ առաջ ես փորձեցի նրանից ձերբազատվել և, մի կողմ թողնելով արվարձանների առասպելը` ժամանակի և անսահմանի մասին խաղեր պետք է հորինեմ:

Եվ այդպես, ողջ կյանքս փախուստ է և կորցնում եմ ամեն ինչ, և ամեն ինչ մոռացում է կամ էլ պատկանում է նրան` մյուսին:
Իրականում չգիտեմ, թե մեզնից որն է գրում այս էջը:

© Թարգմանությունը ` Հովհաննես Բոդուկյանի

Leave a comment

15/07/2013 · 9:54 PM

ՍԱ Է ՍԵՐԸ/ ԼՈՊԵ ԴԵ ՎԵԳԱ

top_gr_1748

Վհատվել, հանդգնել, կատաղած փրփրել.

երկրային, ազատ, մտագար, այրող,

հանգուցյալ, կենդանի, ապրեցնող, սպանող,

հավատարիմ, դավաճան, հանդուգն ու փախչող:
Չգտնել հանգիստ ու խաղաղություն.

երևալ ուրախ, տխուր, թշվառ, սնապարծ,

խիզախ, խուսափողական, զայրացած,

թերահավատ, բավարաված, վիրավորված:
Փախցնել հայացքը դեպի պարզ խաբեություն,

խմել թույնը քաղցր լիկյորով.

մոռանալ շահը, սիրել ցավը:

 

Հավատալ, որ երկինք կա դժոխքում,

կյանքն ու հոգի տալ խաբեությանը.

սա է հենց սերը, ով այն զգացել է, գիտի:

 

Իսպանիայի ‹‹ Դրամատուրգիայի հայր ›› Լոպե դե Վեգայի մասին ֆիլմի ավարտն ու Լոպեի ‹‹ Սա է սերը ›› բանաստեղծությունը / իսպաներեն լեզվով և հայերեն ենթագրերով /

 

 

© Թարգմանությունը ` Մերի Զոհրաբյանի

Leave a comment

15/07/2013 · 9:18 AM