Daily Archives: 20/07/2013

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ/ ՖԱԿՈՒՆԴՈ ԿԱԲՐԱԼ

 

© Mikhael Tarasov

© Mikhael Tarasov

Քեզ ասել եմ,

          ասում եմ

                  և միշտ ել կասեմ,

քանի որ սերը հավերժ է.

Օրինակ ասում եմ.

Քեզ սիրում եմ հիմա, երբ շոգ է,

և երեկ ,որ անձրևում էր,

ամպամած առավոտներին

և գրկաբաց  գիշերներին:

Սիրում եմ քեզ:

Սիրում եմ

կանգնած,պառկած,

արթուն և քնած,

սիրում եմ քեզ ժամը մեկին, երկուսին,

ժամը երեքին և ժամը հավերժին…

Սիրում եմ քեզ:

Սիրում եմ քեզ տանը և սիրում եմ ճանապարհին,

սիրում եմ քեզ

հետո,

        առաջ

            և հենց հիմա:

Սիրում եմ քեզ:

Սիրում եմ քեզ, որովհետև ինձ ես սիրում,

որովհետև սերդ հայտարարելուց չես վախենում,

սիրում եմ քեզ ,որովհետև քո մեջ եմ սկսվում և վերջանում,

սիրում եմ քեզ, որովհետև իրար մեջ ենք մեզ գտնում և կորցնում….

Ասենք՝ սիրում եմ քեզ իմ բոլոր էություններով՝ ներառյալ ինքս ինձ:

 Չնայած,սիրելի´ս,դու գիտես,որ երբ ասում եմ` սիրում եմ քեզ, Աստված է այդ, որ քեզ գեղեցկացնում է սիրով, և ես այդ գեղեցիկ առաջադրանքի հանձնառուն եմ, այսինքն` ամեն անգամ երբ ասում եմ ‹‹սիրում եմ քեզ››, նա է քեզ ասում ‹‹սիրում եմ ››:

 

 © Թարգմանությունը ` Մերի Զոհրաբյանի

Leave a comment

20/07/2013 · 10:04 PM

ԻՍԿԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴԸ/ ՄԻԳԵԼ ԴԵ ՈՒՆԱՄՈՒՆՈ

images (7)

Խուլիայի գեղեցկության հռչակը տարածվել էր ողջ գավառով, որը եզրափակվում էր Ռենադայի հնագույն քաղաքով. այսպիսին էր Խուլիան` իր առանձնահատուկ գեղեցկությամբ մայրաքաղաքի ճարտարապետական գանձերի մեջ` որպես մի կենդանի և թարմ արձան:

–           Գնում եմ Ռենադա,- ասում էին ոմանք,- տեսնելու տաճարը և Խուլիա  Յանյեսին:

Գեղեցկուհու աչքերում դժբախտության չարագուշակ մի բան կար: Նրա պահվածքը փոթորկում էր բոլոր նրանց, ովքեր նայում էին նրան: Ծերունիները սկսում էին տխրել, երբ տեսնում էին նրան անցնելիս, քանզի Խուլիան կին էր, որ իր հետևից քարշ էր տալիս  բոլորի հայացքները, իսկ ջահելներն այդ գիշեր ուշ էին քուն մտնում:

Սակայն Խուլիան, գիտակցելով իր իշխանության ուժը, միաժամանակ  զգում էր նաև ահավոր գալիքի ծանրությունը: Մի ձայն` գիտակցության խորքից դուրս պրծած մի ձայն, թվում էր, թե նրան ասում էր.

–           Քո գեղեցկությունը մի օր քեզ կկործանի:

Բայց Խուլիան զվարճանում էր, որպեսզի չլսեր այն:

Տեղի գեղեցկուհու հայրը` դոն Վիկտորինո Յանյեսը, ով իր նախնիների հին և խիստ կասկածելի բարքերի կրողն էր, վերջնականապես աղջկա հետ էր կապել ֆինանսական դժվարություններից փրկվելու իր բոլոր հույսերը: Նա առևտրական էր, իսկ առևտուրը գնալով վատթարանում էր: Նրա վերջին և ամենամեծ գործարքը` վերջին խաղաթուղթը, որ մնացել էր խաղալու, աղջիկն էր: Նաև մի որդի ուներ, բայց նրան կորած էր համարում, և երկար ժամանակ էր, որ չգիտեր, թե նա որտեղ է ապրում:

–           Մեզ այլևս ոչինչ չի մնում, քան Խուլիան,- շարունակ ասում էր կնոջը: – Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կամուսնանա, կամ կամուսնացնենք նրան: Եթե որևէ հիմարություն անի, իսկ ես վախենամ, որ կանի,ապա մենք կորած ենք:

–           Իսկ դու  ի՞նչն ես համարում հիմարություն:

–           Նորից քոնն ես կրկնում: Ախր ես միշտ էլ ասել եմ, որ դժվար ես գլխի ընկնում, Անակլետա՛:

–           Բայց ի՞նչ անեմ, Վիկտորինո՛: Դու՛ ինձ լուսավորիր, քանի որ այստեղ քիչ թե շատ տաղանդավորը դու ես:

–           Այն, ինչ պետք է անել, հազար անգամ ասել եմ, որ հսկես Խուլիային և նրան արգելես դուրս գալ այն հիմար փեսացուների հետ, որոնց վրա իրենց ժամանակը, գեղեցկությունը և նույնիսկ առողջությունն են վատնում Ռենադայի կանայք: Ես չեմ ուզում  ոչ մի սիրաբանություն, ոչ էլ ուսանող փեսացուներ:

–           Ես ի՞նչ կարող եմ անել:

–           Այն, ինչ կարելի է անել, նրան հասկացնելն է, որ մեր բոլորի՝ իմ և քո ապագան, բարեկեցությունը և պատիվը… չե՞ս հասկանում:

–           Հասկանում եմ:

–           Ո՛չ, չես հասկանում: Պատիվը, լսու՞մ ես, ընտանիքի պատիվը կախված է նրա ամուսնությունից: Անհրաժեշտ է, որ նա հասկանա դա:

–           Խե՜ղճ աղջիկ:

–           Խե՞ղճ: Պետք է դադարի ման գալ անհեթեթ թեկնածուների հետ և վերջ դնի այդ անմիտ սիրավեպերը կարդալուն, որոնք նրա գլուխը բարբաջանքով են լցնում:

–           Բայց ի՞նչ ես ուզում, որ նա անի:

–           Որ ողջախոհ լինի և ինքն իրեն հաշիվ տա, թե ինչ գեղեցկության տեր է և օգտվի այդ գեղեցկությունից:

–           Բայց ես … նրա տարիքում…

–           Դե լավ, Անակլետա՛, բավական է հիմարություններ դուրս տաս: Այլևս բերանդ  չբացես անհեթեթություններ դուրս տալու համար: Դու… նրա տարիքում… Դու… նրա տարիքում… Մտածի՛ր, որ այդ ժամանակ քեզ հետ ծանոթացա:

–           Դժբախտաբար, այո՛:

Եվ գեղեցկուհու ծնողներն առանձնանում էին՝ հաջորդ օրը, սակայն, վերսկսելով նույն խոսակցությունը:

Իսկ խեղճ Խուլիան տառապում էր` հասկանալով իր հոր հաշվարկների ահավոր խորությունը. «Ինձ ուզում է վաճառել,- ինքն իրեն ասում էր,- իր խայտառակ գործերը փրկելու համար, թերևս բանտից փրկվելու համար»:

Եվ ըմբոստին հատուկ բնազդով՝ ընդունեց իր առաջին փեսացուին:

–           Ի սեր աստծու, աղջի՛կս, լսի՛ր ինձ,-  ասում էր  նրան մայրը, – ես արդեն գիտեմ, թե ինչ կա, նրան տեսել եմ տան շուրջը պտտվելիս և քեզ ինչ-որ բան ակնարկելիս և գիտեմ, որ նրանից նամակ ես ստացել և պատասխանել նրան:

–           Իսկ ի՞նչ անեմ մայրի՛կ: Ապրեմ ստրկուհու՞, թե՞ գերուհու պես, մինչև կգա այն սուլթանը, որին  հայրս կվաճառի ինձ:

–           Այդպիսի բաներ մի՛ ասա, աղջի՛կս:

–           Մի՞թե չեմ կարող մյուս աղջիկների պես փեսացու ունենալ:

–           Կարող ես, բայց պաշտոնական փեսացու:

–           Իսկ ինչպե՞ս կարելի է իմանալ` պաշտոնական է, թե ոչ: Որպեսզի հասնեն միմյանց սիրելուն , նախ հարկավոր է շփվել:

–           Իրար սիրե՜լ… Իրար սիրե՜լ…

–           Արի ու տես, որ, այո՛, պետք է սպասել գնորդի:

–           Ո՛չ քեզ, ո՛չ էլ հորդ հետ հնարավոր չէ: Այդպիսին եք Յանյեսներդ: Վա՜յ էն օրվան, որ ամուսնացա:

–           Դա հենց այն է, որ ես չէի ցանկանա մի օր ստիպված լինել ասել:

Նման  պահերին մայրը նրան մենակ էր թողնում: Իսկ Խուլիան, դեմ գնալով ամեն ինչին, հանդգնեց իջնել ներքնահարկի մուտքի պատուհանի մոտ` խոսելու իր առաջին փեսացուի հետ:

§Եթե հայրիկը մեզ այստեղ բռնացնի- մտածում էր, – նա ընդունակ է իմ հանդեպ ցանկացած բարբարոսության: Բայց ավելի լավ, այդպես հայտնի կդառնա, որ ես զոհ եմ, և որ նա ցանկանում է շահարկել իմ գեղեցկությունը¦:

Իջավ պատուհանի մոտ և առաջին ժամադրությանն իսկ  Էնրիկեին` այդ նորաթուխ կնամոլին պատմեց իր ընտանիքի մութ և թշվառ բարքերի մասին: Եկել էր նրան փրկելու, նրան փրկագնելու: Եվ Էնրիկեն, չնայած շշմած էր Խուլիայի գեղեցկությունից, զգաց, որ  հոգին ծառս էր եղել: §Ինչպես  երևում է, այս աղջնակին ողբերգություն է սպասվում, սիրավեպեր է կարդում¦,- մտածեց նա:

Եվ հենց որ նրան հաջողվեց այնպես անել, որ ամբողջ Ռենադայում իմանային, թե ինչպես տեղացի սրբագործված գեղեցկուհին իրեն ընդունեց իր պատուհանի տակ, սկսեց պատրվակ փնտրել պարտավորությունից հրաժարվելու համար: Եվ շատ շուտով գտավ այն: Մի առավոտ Խուլիան այլայլված, արտասուքից կարմրած և փայլող  աչքերով իջավ և նրան ասաց.

–           Ա՜խ, Էնրիկե՛, այլևս հնարավոր չէ հանդուրժել, սա ո՛չ տուն է, ո՛չ էլ ընտանիք, սա դժո՛խք է: Հայրս տեղեկացել է մեր հարաբերությունների մասին և կատաղած է: Պատկերացրու՛, որ  անցած գիշեր նա նույնիսկ ծեծեց ինձ, որովհետև փորձեցի պաշտպանվել:

–           Ա՜յ քեզ բարբարոս:

–           Դա դեռ ամենը չէ: Նա ասաց, որ դու  պետք է հանդիպես իրեն:

–           Դե ու՞ր է, թող գա: Այդ էր մնում պակաս: §Պետք է վերջ դնել սրան, այս մարդակերն ընդունակ է ցանկացած դաժանության, եթե նա տեսնի, որ ես պատրաստվում եմ իրենից խլել իր գանձը, և քանի որ ես չեմ կարող նրան իմ թակարդը գցել, ապա…¦- ինքն իրեն հազիվ լսելի ձայնով ասաց Էնրիկեն:

–           Ասա՛, Էնրիկե՛, դու սիրու՞մ ես ինձ:

–           Ա՜յ քեզ հարց, այն էլ` հիմա:

–           Պատասխանի՛ր, սիրու՞մ ես ինձ:

–           Ամբողջ հոգով և սրտով:

–           Իսկապե՞ս:

–           Իսկապես:

–           Ինձ համար պատրա՞ստ ես ամեն ինչի:

–           Այո՛:

–           Դե ուրեմն, փախցրու՛ ինձ, տար՛ ինձ: Պետք է փախչենք, բայց հեռու, շատ հեռու, որտեղ հայրս չի կարող գալ:

–           Հանդարտվի՛ր, փոքրի՛կ:

–           Ո՛չ, ո՛չ, փախցրու՛  ինձ, եթե սիրում ես, փախցրու՛ ինձ: Գողացի՛ր  հորիցս նրա գանձը, որպեսզի նա չկարողանա վաճառել այն: Ես չեմ ուզում վաճառված լինել, ուզում եմ գողացված լինել: Փախցրու՛  ինձ:

Սկսեցին ծրագրել փախուստը: Հաջորդ օրը, որ նշանակված էր փախուստի համար, Խուլիան արդեն պատրաստել էր ուղեբեռը և նույնիսկ գաղտնի զգուշացրել էր մեքենայի վարորդին, բայց  Էնրիկեն չերևաց:

§Վախկո՛տ, ավելին, քան վախկոտ, ստո՛ր, ավելին, քան ստոր, – մահճակալին փռված և կատաղությունից կրծոտելով բարձը` ինքն իրեն կրկնում էր Խուլիան,- և դեռ ասում էր, թե ինձ սիրում էր: Ո՛չ, ո՛չ, չէր սիրում, իմ գեղեցկությունն է սիրում: Ո՛չ էլ դա: Նրա ուզածը ողջ Ռենադայի առաջ գլուխ գովելն էր, որ ես` ոչ ավել, ոչ պակաս, քան Խուլիա Յանյեսս, նրան ընդունել եմ որպես փեսացուի: Իսկ հիմա կշարունակի պատմել, թե ինչպես իրեն առաջարկեցի փախչել: Ստո՛ր, ստո՛ր, ստո՛ր, ինչպես հայրս, ստո՛ր, ինչպես ցանկացած տղամարդ¦:

Խուլիան ընկավ խորը հուսահատության մեջ:

–           Այժմ տեսնում եմ, աղջի՛կս, որ ամեն ինչ վերջացած է և փառք եմ տալիս Աստծուն դրա համար: Բայց լսի՛ր, հայրդ իրավացի է, եթե այսպես շարունակես, ընդամենը կվարկաբեկես քեզ:

–           Եթե շարունակեմ ինչպե՞ս:

–           Այդպես` ընդունելով առաջինին, ով քեզ կկամենա: Պչրուհու հռչակ ես ձեռք բերել:

–           Եվ ավելի լավ, մայրի՛կ, ավելի լավ: Այդպես շատերը կգան: Հատկապես քանի դեռ ես չեմ կորցրել Աստծու կողմից ինձ տրված պարգևը:

–           Ա՜խ, ա՜խ, իրոք որ հորդ կտորն ես, աղջի՛կս:

Եվ իսկապես, դրանից քիչ անց որպես փեսացու ընդունեց այլ թեկնածուի, որին նույն խոստովանություններն արեց և հոգին խռովեց, ինչպես Էնրիկեինը: Միայն թե Պեդրոն ավելի սառնասիրտ էր: Հենց նույն կանխամտածված քայլերով էլ նրան առաջարկեց փախչել:

–           Լսի՛ր, Խուլիա՛,- ասաց նրան Պեդրոն,- ես դեմ չեմ, որ փախչենք, ավելին, ինձ անչափ դուր է գալիս այդ գաղափարը: Ի՛նքդ պատկերացրու: Բայց փախչելուց հետո ու՞ր ենք գնալու, ի՞նչ ենք անելու:

–           Դա հետո կերևա:

–           Ո՛չ, ո՛չ, չի երևա: Դրա մասին հիմա պետք է մտածենք: Այսօր և որոշ ժամանակ ես չեմ կարողանա քեզ պահել իմ տանը, գիտեմ, որ մեզ չեն ընդունի… Իսկ ինչ վերաբերում է քո հորը… Ինչ որ կերպ ասա` ինչ ենք անելու փախուստից հետո:

–           Ի՞նչ, մի՞թե հետ ես դառնալու:

–           Ի՞նչ ենք անելու:

–           Չե՞ս վախենա:

–           Ի՞նչ ենք անելու, ասա՛:

–           Դե՛ … ինքնասպան ենք լինելու:

–           Դու գժվե՞լ ես, Խուլիա՛:

–           Գժվել եմ, այո՛, գժվել` հուսահատությունից, զզվանքից, հորս նկատմամբ սարսափից, որ ուզում է վաճառել ինձ: Իսկ եթե դու գժվեիր իմ սիրուց, ինքնասպան կլինեիր ինձ հետ:

–           Բայց, նկատի՛ր, Խուլիա՛, որ դու ուզում ես, որ ես գժվեմ քո հանդեպ սիրուց և ինքնասպան լինեմ քեզ հետ, բայց դու չես ասում, որ ինքնասպան կլինես ինձ համար, այլ` հորդ և տանդ հանդեպ զզվանքից, իսկ դա նույնը չէ:

–           Ա՜խ, ի՜նչ լավ ես դատում, բայց սերը չի դատում:

Եվ կրկին խզեցին հարաբերությունները:

Խուլիան մտածում էր. §Սա էլ ինձ չէր սիրում, սա էլ: Սիրահարվում են իմ գեղեցկությանը, ոչ թե ինձ¦: Եվ դառնորեն արտասվում էր:

–           Տեսնու՞մ ես, աղջի՛կս,-  ասում էր նրան մայրը,- Մի՞թե քեզ  չէի ասում: Հիմա մեկ ուրիշի հերթն է:

–           Եվ կգան հարյուրը, մայրի՛կ, հարյուրը, մինչև որ գտնեմ իմին, նրան, ով կազատի ինձ ձեզնից, որ ուզում եք վաճառել ինձ:

–           Դա հո՛րդ ասա:

Եվ գնաց դոնյա Անակլետան` իր սենյակում մեն- մենակ արտասվելու:

–           Լսի՛ր, աղջի՛կս,- ի վերջո խոսեց Խուլիայի հայրը, – անցած լինի այս երկու թեկնածուներիդ հետ պատահածը, ես անհրաժեշտ միջոցներ ձեռք չառա, բայց զգուշացնում եմ, որ այլևս նման  հիմարություններ չեմ հանդուրժի:

–           Դեռ մի բան էլ կա,- հեգնանքով բացականչեց աղջիկը` մարտահրավեր նետող հայացքով նայելով հոր աչքերին:

–           Ի՞նչ կա,- սպառնալից հարցրեց հայրը:

–           Նոր թեկնածու է հայտնվել:

–           Նո՞ր: Ո՞վ է:

–           Ո՞վ: Իբր գլխի չե՞ս ընկնում:

–           Դե վե՛րջ տուր կատակներիդ, ստիպում ես ինձ կորցնել համբերությունս:

–           Ոչ ավել, ոչ պակաս, քան ինքը` Ալբերտո Մենենդես դե Կաբուերնիգան:

–           Ինչպիսի՜ բարբարոսություն,- բացականչեց հայրը:

Դոն Վիկտորինոն անխոս գունատվեց: Դոն  Ալբերտո Մենենդես դե Կաբուերնիգան շատ հարուստ ագարակատեր էր` անբարոյական, կանանց հարցում քմահաճ մեկը, ով փող չէր խնայում նրանց նվաճելու համար. ամուսնացել և բաժանվել էր կնոջից: Արդեն երկրորդ անգամ ամուսնացրել էր նրան` ճոխ օժիտ տալով:

–           Ի՞նչ կասես այդ առիթով, հայրի՛կ: Լռու՞մ ես:

–           Դու խելքդ թռցրել ես:

–           Ո՛չ, ես չեմ գժվել, ո՛չ էլ ջերմում եմ: Նա շրջում է մեր պատուհանների տակ, թափառում տան շուրջը: Ասե՞մ նրան, որ գա՝ քեզ հետ գին սակարկելու:

–           Ես գնամ, հակառակ դեպքում այս ամենը վատ կավարտվի:

Վեր կենալով` հայրը դուրս եկավ տնից:

–           Փոքրի՜կս, փոքրի՜կս:

–           Մայրի՛կ, ես վստահեցնում եմ քեզ, որ նրան թվում է, թե դրանում ոչ մի վատ բան չկա, կարող ես վստահ լինել, որ նա պատրաստ է վաճառել ինձ դոն Ալբերտոյին:

Խեղճ աղջկա կամքը կոտրված էր: Նա հասկանում էր, որ նույնիսկ առևտրական գործարքն իր համար փրկության պես մի բան կլիներ. ամենակարևորը` փախչել տնից, հորից, ինչ գնով էլ լիներ:

Այդ ժամանակ մի §հնդկացի¦՝ Ալեխանդրո Գոմես անունով ինչ-որ մեկը, ով Ամերիկայի հարավում մեծ հարստության տեր էր, Ռենադայի մոտակայքում գնեց մի արոտավայր: Ոչ ոք ստույգ չգիտեր նրա ծագման կամ նախնիների մասին, ոչ ոք չէր լսել նրա ծնողների, բարեկամների, նրա գյուղի և ոչ էլ մանկության մասին: Միայն գիտեին, որ մանուկ ժամանակ ծնողները նրան տարել էին Կուբա, իսկ հետո` Մեքսիկա, և որ այնտեղ չգիտես, թե ինչպես էր կուտակել հսկայական, ֆանտաստիկ այդ կարողությունը, խոսքը  հազարավոր դուրոների մասին էր, և երբ հազիվ էր լրացել նրա երեսունչորս տարին, նա որոշել էր վերադառնալ Իսպանիա` այնտեղ բնակվելու հաստատուն մտադրությամբ:

Ասում էին, թե Ալեխանդրոն այրի էր, երեխաներ չուներ, և ընդհանրապես նրա շուրջ հյուսվում էին ամենաֆանտաստիկ լեգենդները: Մարդիկ, որոնց բախտ էր վիճակվել շփվել Ալեխանդրոյի հետ, նրան համարում էին հավակնոտ, ապագայի հանդեպ մեծ ակնկալիքներով, շատ եսասեր, համառ և չափազանց ինքնամփոփ մարդ:

Ալեխանդրոն պարծենում էր իր անհայտ ծագմամբ և սովորաբար ասում էր.

–           Եթե փող ունես, ապա բոլոր դռները բաց են քեզ համար:

–           Ո՛չ միշտ և ո՛չ բոլորի համար,- պատասխանում էին նրան:

–           Իհարկե, ոչ բոլորի համար, միայն նրա համար, ով ինքնուրույն է կարողացել փող կուտակել: Ինչ-որ մեկը, ով ժառանգել է այդ փողերը,  լինի  կոմս, թե նրբակազմ ինչ-որ դուքս, շատ առաջ չի գնա, որքան միլիոններ էլ որ ունենա: Բայց ե՛ս … Ե՛ս … Ե՛ս, որ կարողացել եմ ինքնուրույն ստեղծել այդ փողերը, իմ այս ձեռքերով: Ե՛ս…

Լսել էր պետք, թե նա ինչպես էր արտաբերում այդ §ես¦-ը: Սեփական §ես¦-ի ինքնահաստատման մեջ նա բացահայտում էր սեփական էությունը:

–           Ես հասել եմ այն ամենին, ինչին իսկապես ցանկացել եմ հասնել: Եթե ես ցանկանամ, կարող եմ նախարար դառնալ, բանն այն է, որ ես դա պարզապես չեմ ուզում:

Ալեխանդրոյին պատմեցին Խուլիայի` Ռենադայի անպարսավ, անթերի գեղեցկության մասին:

–           Պետք է տեսնել այդ գեղեցկությունը,- ինքն իրեն ասաց նա:

Իսկ հետո, երբ տեսավ նրան. §Պետք է նվաճել նրան¦:

–           Գիտե՞ս, հայրի՛կ, – մի անգամ ասաց Խուլիան,- այն խորհրդավոր Ալեխանդրոն, նա, որի մասին  վերջերս շարունակ խոսում են, այն Ալեխանդրոն, որ գնել է Կարբադեխոն…

–           Այո՛, այո՛, ես գիտեմ, թե խոսքն ում մասին է: Եվ ի՞նչ են խոսում նրա մասին:

–           Դու գիտե՞ս, որ նա նույնպես սիրահետում է ինձ:

–           Եթե դու ծաղրում ես ինձ, Խուլիա՛…

–           Ո՛չ, ո՛չ, ես ես լուրջ եմ խոսում, նա սիրահետում է ինձ:

–           Մի՛ ծաղրիր ինձ:

–           Ահա նրա նամակը:

Ծոցից հանելով մի նամակ` աղջիկն այն շպրտեց հոր դեմքին:

–           Եվ ի՞նչ ես պատրաստվում անել, – հարցրեց հայրը:

–           Իսկ ինձ ի՞նչ է մնում անել: Ասե՞մ նրան, որ հանդիպի քեզ հետ, որպեսզի համաձայնության գաք գնի հարցում:

Դոն Վիկտորինոն խեթ-խեթ նայեց դստերը և դուրս եկավ` առանց որևիցե բառ արտաբերելու:

Մի քանի օր տանը թագավորում էին մռայլ լռությունը և զսպված զայրույթը: Խուլիան իր նոր փեսացուին գրեց սարկազմով և քամահրանքով լի պատասխան մի նամակ և շուտով նրանից ստացավ ևս մեկ նամակ. մեծ, պարզ, անկյունաձև տառերը վկայում էին վճռական մարդու ձեռագրի մասին:

Ալեխանդրոն գրում էր.

§Ամեն ինչ կավարտվի այնպես, որ Դուք իմը կլինեք: Ալեխանդրո Գոմեսը  կարողանում է հասնել իր ուզածին, նա հասնում է իր առջև դրած նպատակներին¦:

Նամակը կարդալուց հետո Խուլիան ինքն իրեն ասաց. §Նա իսկական տղամարդ է, հավանաբար նա կլինի իմ փրկիչը, կամ էլ ես կփրկեմ նրան¦:

Մի քանի օր հետո  Վիկտորինոն կանչեց դստերը, առանձնացավ նրա հետ և համարյա ծնրադիր և արցունքն աչքերին՝ նրան ասաց.

–           Լսի՛ր, աղջի՛կս, հիմա ամեն ինչ` մեր ապագան և իմ պատիվը  կախված են քո որոշումից: Եթե դու մերժես Ալեխանդրոյին, ապա կարճ ժամանակ հետո ես այլևս չեմ կարողանա թաքցնել իմ կործանումը, սնանկությունը և նույնիսկ իմ…

–           Մի՛ շարունակիր:

–           Այո՛, այո՛, ես չեմ կարողանա թաքցնել, քանի որ մոտենում է վերջնաժամկետը, և ինձ կբանտարկեն: Մինչ այսօր ինձ հաջողվել է խույս տալ բանտից քո շնորհիվ: Ես նրանց քո անունից եմ դիմել: Քո գեղեցկությունն է եղել իմ ապավենը: §Խե՜ղճ աղջիկ¦,- ասում էին մարդիկ:

–           Իսկ եթե ես ընդունե ՞մ նրա առաջարկությունը:

–           Լավ, ես քեզ կասեմ ողջ ճշմարտությունը: Նա գիտեր իմ վիճակի մասին, նրան ամեն ինչ  հայտնի է, հիմա ես կարող եմ ազատ շնչել միայն նրա շնորհիվ: Նա մարել է իմ բոլոր պարտքերը, նա ազատել է ինձ…

–           Լավ, ես գիտեմ, մի՛ շարունակիր: Հիմա ի ՞նչ:

–           Հիմա ես կախված եմ նրանից, մենք բոլորս ենք կախված նրանից, ես ապրում եմ նրա հաշվին, դու նույնպես:

–           Այսինքն դու արդե ՞ն վաճառել ես ինձ:

–           Ո՛չ, ես չեմ վաճառել, նա ինքն է գնել մեզ:

–           Այսինքն այսպես թե այնպես ես արդեն նրա՞ն եմ պատկանում:

–           Ո՛չ, նա  ոչինչ չի  պահանջում, ոչինչ չի խնդրում:

–           Ինչպիսի՜ մեծահոգություն:

–           Խուլիա՛:

–           Այո՛, այո՛, ես ամեն ինչ հասկացա: Իմ անունից  ասա՛ նրան, որ Continue reading

Leave a comment

20/07/2013 · 12:18 PM

ՈՒՆԱՄՈՒՆՈՅԻ ԿՅԱՆՔՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՂԻՆ

Miguel_Unamuno2

   «Միգել դե Ունամունոյից հնարավոր չէ  առանձնացնել որևէ  համակարգ կամ որևէ համապատասխան ուսմունք: Նա մի թեմայից մյուսն է անցնում և ամեն անգամ  մեզ ցույց է տալիս մի փայլուն դրվագ»,- ասում է գրաքննադատ, Ունամունոյի ստեղծագործությունների ուսումնասիրողը`Ջուլիան Մորիասը, ապա պարզաբանում,- Սակայն մի ներքին ամբողջություն է զգացվում նրա այդքան բազմերանգ  ստեղծագործություններում»[1]: Ինքը` Ունամունոն իր մասին կասի.«Գրել սկսելուն պես սկսեցի զարգացնել մի քանի հիմնահարցեր»[2]:

Հասկանալ, ըմբռնել Ունամունոյի ստեղծագործությունների իմաստը, ինչպես յուրաքանչյուր անվանի գրողի  և մտածողի, անհնարին է առանց ուսումնասիրելու նրա  ազգային արմատները,  ժողովրդի մշակութային կյանքը, երկրի ընդհանուր պատմությունը և այն ժամանակահատվածի, երբ նա ապրել  և ստեղծագործել է:

Ընդհանուր գաղափարների ձգտումները, անհանգստությունը հայրենիքի ճակատագրի  համար, միավորեցին Պիո Բարոխային, Խասինտո Բենավենտեյին, Ռամոն դե Վալիե-Ինկլանին, Անտոնիո Մաչադոյին, Խուան Ռամոն Խիմենեսին  և իհարկե Միգել դե Ունամունոյին. և այսքան տարբեր  ատեղծագործող անձիք ստացան ընդհանուր անվանում ` «1898-ի Սերունդ»:

«Սեր և ատելություն  Իսպանիայի հանդեպ. այսպես կարելի  է  անվանել այդ դարաշրջանի գեղարվեստական  և փիլիսոփայական  շատ գործերի ոգին»[3]:  Միգել դե Ունամունոն  ստեղծում է «երկու պատմությունների» կոնցեպցիա` հստակ սահմանագիծ տանելով «միջպատմության»` ժողովրդի իրական, ծանր կյանքի, և պաշտոնական  պատմության միջև, ներկայացնելով այն  իբրև իրադարձությունների տարեգրություն:

Ազգային պատմությունը և բնավորությունը, ըստ Ունամունոյի մարմնավորվել են նաև «1898 սերնդի»  այլ գրողների մոտ, ինչպես Սերվանտեսի հայտնի  վեպում` վեպ, որն ինքը Ունամունոն անվանում էր Աստվածաշունչ:Գրեթե յուրաքանչյուր իսպանալեզու գրող «Դոն Կիխոտ»-ը  մեկնաբանել է որպես միֆ, և այդ մեկնաբանությունը մտածելու տեղիք է տվել ` երբեմնի հզոր պետություն լինելու պատճառների մասին, ինչպես նաև հանդիսացել է այս կամ այն  գրողի  գաղափարական զարգացման չափանիշը:

Ռոբերտ  Լուիս Սթիվենսոնի այն պնդումը, որ «գրական կերպարը` դա բառերի շարան է»[4], «Ալոնսո Կիխանոն` դա բառերի այն շարան է, որ գրել է Սերվանտեսը` հավերժության համար»[5],  սակայն «Դոն Կիխոտը»  բաղկացած է ոչ միայն  Սերվանտեսի գրած բառերից:  Դրա ապացույցներից մեկը կարելի է գտնել  Միգել դե Ունամունոյի գրքերից մեկում «Դոն Կիխոտի և Սանչոյի կյանքը»[6]: Սա  1905 թվականի, այն գիրքն է, որում Ունամունոն վերաիմաստավորում է  իր համար թանկ կերպարների  գաղափարները` բավականին բնորոշ տվյալ ժամանակաշրջանին. «Դոն Կիխոտի  հերոսական խենթության  մեջ, մտածողը  նկատում է անզուսպ ձգտում դեպի անմահություն,  իսկ նրա խանդավառության մեջ`  իսպանացիների ազգային կրոնը որը բախվում է քաղքենու  բութ ողջամտության հետ: Իսպանական ժողովրդին մարմնավորող Սանչոյի մեջ նա առանձնացնում է  հերոսական խանդավառության զարմանալի դյուրըմբռնումը , որը կարող է հենարան ծառայել ժողովրդական հումանիտար իդեալների հավատքի համար »[7]:

Սերվանտեսի հերոսների կերպարները ուղեկցել են Ունամունոյին իր ողջ  կյանքի ընթացքում և գրողի կարծիքով հանդիսանում են, «միջպատմության» վառ  պատկերավորումն և պատահական չէ, որ հրաժարվելով  անցյալի  պատրանքից Ալոնսո Բարին` հենց ժողովրդի  աննկատ  կյանքում է գտնում ինքն  իրեն:

« Միջպատմության»  գեղարվեստական իմաստավորումն է դառնում  գրողի առաջին վեպը` «Պատերազմ խաղաղության մեջ» (1897)` նմանվելով, ինչպես երևում է  վերնագրից, XIX դարի գրող Լ. Տոլստոյի պատումին, ում Ունամունոն բարձր էր գնահատում և  ում գաղափարներին հետևել է  մինչև կայնքի վերջ:

  XX դարում գրականություն է ներթափանցում  մի նոր ուղղություն, որը տեղ է գտնում համաշխարհային շատ  գրողների ստեղծագործություններում: Այն ստանում է «ինտելեկտուալ» անվանումը:  Որպես տերմին առաջին անգամ օգտագործվել է  գերմանացի  գրող` Թոմաս Մաննի կողմից, ով էլ համարվում է դրա հիմնադիրը:  Նկատելով 1914-23 թվականների  պատմական բեկումնային շրջանի  ազդեցությունը շատ գրողների ստեղծագործությունների վրա, նա հասկանում է, որ մտավորականությունը կարիք ունի ըմբռնելու նոր ժամանակաշրջանի  գաղափարները: Իրականում այս ուղղության զարգացումը  կապված է  այն հոգևոր ճգնաժամի հետ և այն իրադարձությունների, որոնք տեղ են գտել  XX դարի պատմության մեջ. I Համաշխարհային պատերազմը, ֆաշիզմի հաղթանակը,  II Համաշխարհայինը և այլն: Եվ հենց սա էր որ ձևավորում էր  կյանքի փիլիսոփայությունը, էկզիստենցիալիզմը, գեղարվեստականի և  փիլիսոփայության  միավորումը: Գերմանացի մեծ գրող Թոմաս Մաննը ասել է, որ այս պրոցեսը ջնջում է  արվեստի և գիտության միջև եղած սահմանները և իրականն առանձքային դարձնելով իր ստեղծագործություններում, գրողը ստեղծում է մի գիրք, որը կարող է կոչվել «ինտելեկտուալ» արձակ: Սկիզբ առնելով Գերմանիայից, այս ուղղությունը իր հետ  բերում է նաև «փիլիսոփայական արձակ» և էկզիստենցիալիզմ հասկացությունները: «Փիլիսոփայական արձակը» հենց փիլիսոփայական բովանդակություն ունեցող գործեր են, որոնք, սակայն, արտահայտվում են որոշակի գեղարվեստական գաղափարներով. հերոսները` ինքնազարգացող կերպարներ չեն, այլ հեղինակի մտքի ներկայացուցիչներ, իսկ բովանդակությունը իր մեջ պարունակում է որոշակի փիլիսոփայական ըմբռնումներ: Այդպիսի հեղինակներ են` Մ.դե Ունամունոն (Իսպանիա), Կամյու, Սարտր (Ֆրանսիա), Հաքսլի (Անգլիա) և այլն:  Իսկ էկզիստենցիալիզմը, որը բխում է «փիլիսոփայական արձակից», դառնում է XX դարի կարևոր գրական ուղղություններից մեկը: Դրա հիմնական գաղափարն է` «գոյությունը» (լատ.` exsistentia):  Մարդու ազատության խնդիրների լուծումները դառնում են էկզիստենցիալիզմի հիմնական և  առաջնային  թեմաները: Եվ գրողների համար  մարդու իդեալական անկախությունը, առաջին հերթին դառնում է անձի ազատությունը հասարակությունից:

Չնայած այն բանին, որ «ինտելեկտուալ արձակը» սկիզբ է առել  Գերմանիայում, այն լայն տարածում է գտել նաև ամբողջ Եվրոպայում` Ֆրանսիայում, Իտալիայում, Անգլիայում և իհարկե Իսպանիայում:

Իսպանիայում էկզիստենցիալիզմի հիմնադիրն է համարվում Միգել դե Ունամունոն: Նրա  արձակը սկսում է զարգանալ «98ի սերնդի» ձևավորման հետ միասին: Լինելով  մեծ հայրենասեր և ունենալով քաղաքացու բարձր պատասխանատվության  զգացում, նա և իր ժամանակակիցները չէին կարող չներկայացնել այն ցավը, վախը և հիասթափությունը, որ զգում էին Իսպանիայի համար ծանր և ողբալի ժամանակաշրջանում` առաջ քաշելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մարդու տեղը այս կյանքում, կյանքի իմաստը, մահվան և անմահության գաղափարները:

«Բոլոր վեպերը, հորինված գործերը և պոեմները, երբ բուռն են, ապա դրանք ինքնակենսագրական են: Որովհետև… ո՞վ եմ ես, ո՞վ է այն մարդը որ գրվում է Միգել դե Ունամունո: Երևի…իմ կերպարներից մեկը, իմ ստեղծածներից և ագոնիստներից մեկը….,- Continue reading

Leave a comment

20/07/2013 · 12:02 PM