Daily Archives: 22/07/2013

ԿՈՄՍ ԼՈՒԿԱՆՈՐԸ / ԽՈՒԱՆ ՄԱՆՈՒԵԼ

Դոն Խուան Մանուելի հավանական դիմանկարը, որը գտնվում է Մուրսիայի տաճարում.  XV դար. Իսպանիա:

Դոն Խուան Մանուելի հավանական դիմանկարը, որը գտնվում է Մուրսիայի տաճարում.               XV դար. Իսպանիա:

ՀԱՏՎԱԾ ԴՈՆ ԽՈՒԱՆ ԴԵ  ՄԱՆՈՒԵԼԻ «ԿՈՄՍ ԼՈՒԿԱՆՈՐԸ» ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ

ԽՐԱՏԱԿԱՆ ՆՈՎԵԼՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻՑ

35

Թե ինչ պատահեց շատ կատաղի և ըմբոստ կնոջ հետ ամուսնացած երիտասարդին

 

Մի անգամ կոմս Լուկանորը խոսում էր Պատրոնիոյի հետ և ասաց նրան.

_ Պատրոնիո՛, իմ ծառաներից մեկն ինձ պատմեց, որ իրեն առաջարկել են ամուսնանալ մի շատ հարուստ և իրենից ավելի ազնվատոհմիկ կնոջ հետ, և այդ ամուսնությունն իրեն շատ ձեռնտու կլիներ, եթե մի խնդիր չլիներ: Իսկ խնդիրը սա է. նրան պատմել են, որ դա աշխարհի ամենակատաղի և ըմբոստ կինն է: Հիմա խնդրում եմ՝ ինձ խորհուրդ տաք, թե նրան ինչ ասեմ. ամուսնանա՞ այդ կնոջ հետ, թե՞, իմանալով նրա բնավորությունը, չամուսնանա:

_ Սենյո՛ր կոմս,_ ասաց Պատրոնիոն,_ ժամանակին մի բարի արաբի որդի է ապրել. եթե Ձեր ծառան նրա նման է, խորհու՛րդ տվեք, որ ամուսնանա, բայց եթե նման չէ, ապա թող չամուսնանա:

Կոմսը խնդրեց նրան, որ պատմի, թե վերջինս ինչպիսին է եղել:

Պատրոնիոն ասաց, որ ինչ-որ քաղաքում մի բարի մարդ էր ապրում, որը որդի ուներ՝ հրաշալի մի երիտասարդ, բայց այնքան հարուստ չէր, որ իրագործեր իր սրտի կամեցած բոլոր մտադրությունները: Այդ պատճառով նա մեծ մտահոգության մեջ էր, որովհետև կամքը կար, իսկ կարողություն չկար:

Նույն այդ քաղաքում տղայի հորից ավելի ազնվատոհմիկ և հարուստ մի ուրիշ մարդ էր ապրում, որն ընդամենը մի դուստր ուներ: Վերջինս նշված երիտասարդի հակապատկերն էր. որքան երիտասարդի պահվածքը բարեկիրթ էր, այնքան այդ բարի մարդու դստեր պահվածքը վատն էր ու անհնազանդ: Դրա համար աշխարհում ոչ մի տղամարդ չէր ցանկանում ամուսնանալ այդ դևի հետ:

Մի օր այդ լավ երիտասարդը եկավ հոր մոտ և ասաց, որ ինքը լավ գիտի. այնքան հարուստ չէ, որ կարողանա պատվավոր կյանք վարել, ու քանի որ կա՛մ պետք է զրկանքներով լի թշվառ կյանք ապրի, կա՛մ լքի քաղաքը, լավագույն լուծումն իր կարծիքով ամուսնությունը կլիներ, որի միջոցով կհաղթահարեր այդ իրավիճակը: Հայրն ասաց, որ իր սրտով կլինի, եթե նա կարողանա համապատասխան կին գտնել: Այդ ժամանակ որդին ասաց, որ եթե հայրն ուզում է, թող իր համար խնդրի այն բարի մարդու դստեր ձեռքը: Այդ լսելով՝ հայրն ապշած մնաց ու հարցրեց, թե դա ինչպես է մտքով անցել. չէ՞ որ այդ աղջկան ճանաչող այնպիսի տղամարդ չկա, որը, ինչքան էլ աղքատ լինի, ցանկանա նրան կնության առնել: Որդին, սակայն, խնդրեց գլուխ բերել այդ ամուսնությունը: Եվ այնքան պնդեց, որ հայրը, որքան էլ զարմացած էր, համաձայնեց:

Այսպիսով՝ նա գնաց այն բարի մարդու մոտ (նրանք լավ ընկերներ էին) և ամեն ինչ պատմեց իր որդու մասին՝ խնդրելով, որ նա համաձայնի աղջկան կնության տալ, քանի որ իր որդին համարձակվում էր ամուսնանալ նրա հետ: Երբ բարի մարդը լսեց ընկերոջ խոսքերը, ասաց.

_ Աստծու՜ սիրուն, եղբա՛յր, եթե ես այդպիսի բան անեի, շատ կեղծ ընկեր կլինեի: Ախր Ձեր որդին լավն է, ու ես մեծ վատություն արած կլինեի, եթե թույլ տայի նրա դժբախտությունը կամ մահը, որովհետև վստահ եմ, որ, աղջկաս հետ ամուսնանալով, նա կամ կմեռներ, կամ մահը կյանքից կգերադասեր: Ու մի՛ մտածեք, թե Ձեր խնդրանքը մերժելու համար եմ ասում, որովհետև եթե ուզում եք, ես հաճույքով կտամ նրան Ձեր որդուն կամ յուրաքանչյուրին, ով նրան կտանի իմ տնից:

Ընկերը պատասխանեց, որ շատ երախտապարտ է նրա խոսքերի համար, և խնդրեց թույլ տալ այդ ամուսնությունը, քանի որ դա էր իր որդու կամքը:

Այդպես նրանք ամուսնացան, և նորահարսին իր ամուսնու տուն տարան: Իսկ արաբները սովորություն ունեն. նորապսակների համար ընթրիքի սեղան են պատրաստում և նրանց մինչև հաջորդ օրը տանը մենակ են թողնում: Այդպես էլ արեցին, բայց խնամիներն ու բարեկամները շատ էին վախենում՝ սպասելով, որ մյուս օրը փեսային մահացած կամ հյուծված կգտնեն:

Տանը մենակ մնալով՝ նորապսակները սեղանի մոտ նստեցին, և նախքան հարսը կհասցներ ինչ-որ բան ասել, փեսան սեղանի շուրջ նայեց, տեսավ շանը և կատաղությամբ ասաց.
_ Շու՛ն, մեզ լվացվելու ջու՛ր բեր:

Շունը դա չարեց: Իսկ տղան սկսեց գազազել և ավելի մեծ կատաղությամբ հրամայեց, որ իրենց լվացվելու ջուր բերի: Իսկ շունը դա չարեց: Երբ տղան տեսավ, որ շունն իր ասածը չի անում, ցասումով վեր կացավ սեղանի մոտից, թուրը բռնեց և ուղղվեց դեպի շունը: Continue reading

Leave a comment

22/07/2013 · 9:15 PM