Daily Archives: 23/07/2013

ԺԱՄԵՐ/ ԿԱՐԼՈՍ ՍԱԼԱՍԱՐ ԷՌԵՐԱ

ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻ

ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻ

Սեփական ագարակն ուներ, բայց քնում էր մակույկի մեջ…

Գիշերներն իջեցնում էր առագաստի կտորը մակույկի ձողի վրա՝ որպես վերմակ՝ գիշերային ցողից և թափառող աստղերից պատսպարվելու համար:

Քնելուց առաջ հիշողությունների գրկում նայում էր Հարավի Խաչին, ինչպես նայում է կողմնացույցի սպիտակ սուր ծայրին:

Այն ծովախորշում, որտեղ ձկնորսն ափ էր հանում իր մակույկը, կայծակնահարված ծառեր կային ու մաշված ժայռեր: Փայտե և քարե կերպարներ՝ քանդակված մակընթացությունից:

Քառասուն քայլ այն կողմ՝ իր ագարակն էր՝ մռայլ՝ 3 տարի ոչ ոքի կողմից բնակեցված չլինելու պատճառով:

Ձկնորսը մի կին ուներ, բայց մի օր կինը նրան զարմացրեց՝ համբուրելով Լաուրային՝ մոտակա բնակավայրից մի աղջկա և առանց պարզաբանումների, առանց խոսքերի ու տեսարանների հեռացավ՝ գնալով ծնողների տուն:

Ձկնորսը տեղափոխվեց իր մակույկ, որովհետև ագարակում…այլևս անելու ոչինչ չուներ:

Երե՜ք տարի…

Տեղատվության ցեխից աղտոտված ջրանցքները բարձրացող մասերում հակինթամաններ էին դնում՝ նման մարգարտախեցու:

Տանան երեք տարի սպասեց, որ Պաբլոն գար իրեն փնտրելու, բայց քանի որ չեկավ, Տանան ինքը գնաց նրան որոնելու:

Սպասումի, թախծի, խանդի երեք տարի: Ու հիմա եկել էր նա՝ արտասվելով ամոթից, զայրույթից ու նվաստացումից, որ ինքն էր որոշել գնալ նրան փնտրելու: Փնտրելու նրան կարծես նա էր իրեն կանչել, ներելու նրան կարծես նա ներողություն էր խնդրել, հանձնվելու նրան կարծես նա մեկնել էր ձեռքերը:

Պաբլոն թողել էր նրան հեռանալ առանց հարցեր տալու, առանց աղաչանքի, կարծես պարզաբանման մեկ խոսք ասեր…Բայց հիմա վերադառնում էր Տանան՝ վճռելով պարզել այդ անախորժությունը: Եկել էր նրան ասելու այն ամենն, ինչ մտածել էր նրա մասին այդ երեք տարվա ընթացքում: Եկել էր նրանից բացատրություն պահանջելու, ուժով նրանից քաշելու խոստովանություններ, արդարացումներ, խոստումներ, իսկ դրանից հետո, ելնելով իրերի  ընթացքից, պայմանականորեն մնալ նրա հետ կամ հեռանալ ընդմիշտ գուցե ծաղրող մի քմծիծաղով՝  նրան պատժելու համար:

Երբեմն վճռում էր մնալ, միայն թե նա միշտ աղաչեր, թեև թույլ կերպով, միայն թե նա միշտ ներողություն խնդրեր, թեկուզև դա լիներ կեղծիք: Բայց նա պետք է աղերսեր , թեկուզև ավելին չլիներ բացի մի բարեգութ հայացքից:

Երբեմն վճռում էր վիրավորել կամ նվաստացնել նրան՝ իր լռության մեջ բանտարկված հուսահատության դժոխքը սփոփելու միակ նպատակով, բայց նա զենքեր չուներ: Պաբլոն խառնել էր նրա կարգը, որը պատրաստել էր գրոհի համար: Եկել էր հաղթված, որովհետև այլևս  չէր կարող պայքարել իր հպարտության դեմ: Չափից շատ էր այն, որ սիրում էր ձկնորսին: Նա ինքն էլ հաշվի չէր առնում, թե ինչ է հետապնդում և ինչից է փախչում. իրականությունն այն էր, որ հանդիպումից առաջ նա արդեն պարտված էր: Պարտված սպասումի ու բացակայության քսանվեց հազար երկու  հարյուր ութսուն ժամերից:

Այնտեղից՝ ներսից՝ ջրանցքներից ու տիղմերից, գալիս էին կիզոնգոյի հնչեղ ալիքները:

Այդ կարճ լռությունների մեջ…

Երբ ծովի աղմուկը թաքնված է վարդագույն խխունջի լաբիրինթոսի մեջ:

Հիշողությունները հիշեցնում են ժամը:

Ագրեսիվ ու ամբարտավան՝ Տանան մտավ  մակույկը: Ձկնորսը մեղմորեն նայեց նրան՝ առանց տեղից վեր կենալու:

Տանան ոչինչ չասաց, մոռացավ այն ամենն, ինչ մտածել էր ասել: Նետվեց իր ամուսնու ոտքերի մոտ, նվաստացումներից ամենացավոտը…սկսեց համբուրել նրա ոտքերը: Հետո բարձրացրեց հայացքը և ժպտալով նայեց նրան՝ թախանձագին, արտասվալից աչքերով: Հետո հենեց գլուխը ձկնորսի կրծքին: Հոգնած էր, ուժասպառ:

Պաբլոն ձեռքով շոյեց նրա ճակատը, և նա քնեց:

Այնպես, ինչպես երբ դիպչում ենք զգայուն մի բույսի, որը ճանաչում ենք այստեղից, գեղեցիկ  մի անունով` միմոզա:

© Թարգմանությունը `  Մարինե Վարդանյանի

Leave a comment

23/07/2013 · 10:31 AM