Daily Archives: 25/07/2013

ՄԱԴՐԻԴԻՑ ԵՐԿԻՆՔ/ ՌՈՋԵՐ ՎՈՒԼՖ

 

Մադրիդից երկինք

 

 

DE-MADRID-AL-CIELO-PARA-TODS-MIS-AMIGS-DE-FC-a29267610ՄԱԴՐԻԴԻՑ ԵՐԿԻՆՔ

Մադրիդի կենտրոնական էս փողոցները,

որ դու սովորեցրիր ինձ ոտքի տակ տալ:

Արենալ փողոցի էն սրճարանը,

ուր առաջին անգամ համբուրվեցինք:

Լավապիեսի արաբական էն ռեստորանը:

Էդ ամենի թախիծը զտարյուն:

Մետրոյի կենդանական ամայությունը

շաբաթ օրվա առավոտները:

Էնքան բան, որ էլ չեմ կարող անել:

Էնքան բան, որ քեզ հետ

առաջին անգամ անելը

ավերակներ է առհավետ թողել:

Մադրիդը քավարան է,

ուր ուրուներ են բնակվում,

իսկ մենք քավում ենք էդ ամբողջ

բախտից չօգտվելու մեր մեղքը:

 

ԻՐԱՎՈՒՆՔ

Իրավունք ունես

ազատ

արտահայտելու

այն ամենը,

ինչ քեզ թույլատրված է ասել:

 

 

ԱՐԴԵՆ ՈՒՇ ԳԻՇԵՐ Է

Արդեն ուշ գիշեր է,

ու լողափը դատարկ է:

Ծովը բախվում է

ժայռերին:

Սելիտրայով

ու հուշերով հագեցած

մի ջերմ հոսանք

գլուխս է ողողում:

Փակում եմ աչքերս:

Օդը ներշնչում:

Թողնում՝ տանի ինձ:

Ու հետո մտածում եմ,

ինչպես սովորաբար

նման դեպքերում,

Պրուստի մասին:

Բայց ես չեմ կարդացել

Պրուստին:

Հետո ինչ:

Կյանքը գեղեցիկ է:

Ո՞ւմ է պետք Պրուստը:

 

 

ՄԻԱՅՆԱԿ

Ահա թե ինչպիսին ես

միշտ ուզեցել

լինել

ու չես կարողացել,

մինչև որ

հանկարծ

դարձել ես

ու հիմա

էլ չես ուզում

լինել միայնակ

բայց իհարկե

ով չի ուզում

այն ինչ չունի:

 

© Թարգմանություն ` Հասմիկ Ամիրաղյան

 

Leave a comment

25/07/2013 · 6:10 PM