Daily Archives: 28/07/2013

ԳԻՇԵՐՎԱ ՇՈՒՉԸ/ ՖԵԴԵՐԻԿՈ ԳԱՐՍԻԱ ԼՈՐԿԱ

Aire nocturno tumblr_lum3j80kD41qdjto7o1_500

Համարժեք թարգմանություն

ԳԻՇԵՐՎԱ ՇՈՒՆՉԸ

 

Ես շատ եմ սարսափում

տերևներից անշունչ.

սարսափում մարգագետնից`

ցողով պատված.

գնում եմ ննջելու,

ու թե ինձ չարթնացնես,

հետդ ես կթողնեմ

իմ սիրտը սառած:

 

Այդ ի՞նչ ձայն է հեռու հեռվում.

դա սերն է…քամին զարկում է ապակուն,

իմ սերն է:

 

Ժանյակ հագցրի քեզ

քարերով այգաբացի,

Ի՞նչու ես ինձ լքում

այս ճանապարհին:

Թե շատ հեռու գնաս,

թռչնակն իմ կլացի.

խաղողենին կանաչ

գինի չի պարգևի:

 

Այդ ի՞նչ ձայն է հեռու հեռվում.

դա սերն է…քամին զարկում է ապակուն,

իմ սերն է:

 

Երբեք չես իմանա

թե առեղծվածը ձյան,

և թե որքան ուժեղ

կարող էի քեզ սիրել

այս այգաբացերին,

երբ շատ է անձրևում,

և երբ չորացած ճյուղին

թռչնի բույնն է քանդվում:

 

Այդ ի՞նչ ձայն է հեռու հեռվում.

դա սերն է…քամին զարկում է ապակուն,

իմ սերն է:

 © Թարգմանությունը ` Նունե Անտոնյանի

 

 Գեղարվեստական, ազատ թարգմանություն

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՄԵՂԵԴԻ
Մեռած տերևներն
ինձ ահ են բերում,
ահը դաշտերի
ցողերով լցված։
Կքնեմ հիմա,
ու թե չարթնացնես,
սիրտս քո կողքին
կգտնես սառած։
Այն ո՞վ է, սե՞րն է
իր հեռվից կանչում,
սեր իմ, քամին է
դուրսը հառաչում։
Մանյակները քո
հյուսել եմ լույսից ,
ինձ ու՞ր ես լքում
այս ճամփից առաջ.
թե գնաս, պիտի
թռչնակն իմ լացի,
գինի չդառնա
խաղողս կանաչ։
Այն ո՞վ է, սե՞րն է
իր հեռվից կանչում,
սեր իմ, քամին է
դուրսը հառաչում։
Դու չես իմանա,
ձյունե իմ թիթեռ,
քեզ է երազվում
լուսայգն իմ արթուն,
երբ անձրևն այսպես
թափվում է անվերջ,
և չոր ճյուղերից
բներն են կաթում։
Այն ո՞վ է, սե՞րն է
իր հեռվից կանչում,
սեր իմ, քամին է
դուրսը հառաչում։

© Թարգմանությունը` Ֆրունզիկ Կիրակոսյանի

Leave a comment

28/07/2013 · 9:53 PM