Daily Archives: 29/07/2013

ՆԵՐԲՈՂ ԽՆԴՈՒԹՅԱՆԸ/ ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ

neruda2 (2)

Օ՜, Խնդություն,

Դու տերև՜ ես կանաչ,

Իմ լուսամուտի գոգից նե՜րս ընկած,

Արևի շո՜ղ ես,

Տան պատի վրա.

Փղի կա՜նչ ես դու շեփորահարող

Եվ ոսկու հատիկ՝ լույսի տակ փայլող:

Երբեմն

Բոց ես՝ բռնկված հանկարծ.

Սակայն, անկասկա՛ծ

Եվ, ամենի՛ց շատ _

Հա՛ց հանապազօր,

Հույսի կատարու՛մ,

Ու հատուցված պարտք:

Անսալով փուչ ու սուտ խորհուրդների,

Խնդությու՛ն,

Ես քեզ արհամարհե՜լ եմ.

Ինձ կածաննե՜րն են գերել վշտերի,

Եվ երբեմն ես կյանքին նայել եմ

Սև ակնոցներով

Անցա՜ծ-գնացա՜ծ բանաստեղծների…

Սև երիզո՜վ եմ պատել ես հաճախ

Նույնիսկ իմ տեսած ծաղկունքը շռայլ

Եվ դառնահա՜մ է եղել համբույրը

Սիրուհուս մեղրո՜տ շուրթերի վրա:

Եվ, թեև վա՜ղ է դեռ այս գործն անել,

Թու՛յլ տուր, խնդությու՛ն, իմ մեղքը քավե՜լ…

Ես կարծում էի,

Այն ժամանա՛կ եմ ես օգնում մարդկանց,

Երբ կտրատվու՜մ է իմ սիրտը ցավից.

Երբ, տառապանքի արճիճե հովտում,

Թրջվու՜մ եմ վշտի սև անձրևներից

Եվ, վա՛րդը թողած,

Վերքի՜ն եմ միայն իմ ձեռքը դնում,

Կամ ուրիշների հոգսը բաժանում…

Ի՜նչ հիմարություն…

Մոլորվա՜ծ էի ես մինչև այսօր,

Եվ քե՛զ եմ կանչում հիմա,

Խնդությու՛ն:

Դու հարկավոր ես ինձ

Հողի՛ նման.

Կրակի՜ նման,

Որ վա՜ռ է պահում բոցը օջախի.

Սուրբ ու մաքուր ես

Դու հացի նման.

Կարկաչող՝

Ինչպես ջու՛րը գետակի.

Եվ մեղվի նման

Քաղցրություն տվո՜ղ…

Ների՜ր, խնդությու՛ն,

Պատանի էի ես մի լռակյաց,

Եվ կարծում էի,

Թե բարիքը քո

Անպատշա՜ճ է իմ երազկոտ հոգուն…

Հիմա,

Երբ դու խենթ հեղեղի նման,

Իմ սի՜րտն ես խուժել,

Ես գիտեմ,

Որ դա սխա՜լ էր անգութ.

Եվ հին ու անկյանք գրքերից փրկված,

Հանդիպում եմ քեզ իմ ամե՛ն քայլին…

Իմ ուղեկի՜ցը դարձիր,

Խնդությու՜ն,

Որ մենք միասին,

Անցնենք տնից տուն,

Անցնենք գյուղից գյուղ,

Եվ, աշխարհով մեկ

Միասին սուրանք _

Առած իմ խոսքը,

Աստղերի ցոլքը

Եվ ալիքների փրփու՛րը վայրի…

Ես քեզ կբաշխեմ մարդու՛ն, աշխարհի՛ն.

Չէ՞ որ ես գիտեմ,

Որ իմ խնդությամբ

Ես պարտական եմ արա՜ր աշխարհին.

Եվ ո՛չ ոք, ո՛չ ոք թող չզարմանա,

Որ ես ուզում եմ բաժանել մարդկանց

Քո ողկույզները. _

Ես պայքարի մեջ հասկացա միայն,

Որ իմ գլխավոր պարտքն է աշխարհում

Լինել խնդության ավետաբերը, _

 

Եվ երգո՜վ եմ իմ պարտքը կատարում…

 

© Թարգմանությունը՝ Գևորգ Էմինի /նյութը տրամադրել է Արտաշես Էմինը/

Leave a comment

29/07/2013 · 9:57 PM