Daily Archives: 30/07/2013

ԵՐԵԿՈՆ ԿՏՈՒՐՆԵՐԻ ՎՐԱ/ ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ

 

ԵՐԵԿՈՆ կտուրների վրա Ընկնում ու Ընկնում է... Ո՞վ է տվել նրան Թռչնի թևեր, որ գա:

ԵՐԵԿՈՆ կտուրների վրա
Ընկնում ու
Ընկնում է…
Ո՞վ է տվել նրան
Թռչնի թևեր, որ գա:

ԵՐԵԿՈՆ ԿՏՈՒՐՆԵՐԻ ՎՐԱ

 

Lentisimo

 

ԵՐԵԿՈՆ կտուրների վրա

Ընկնում ու

Ընկնում է…

Ո՞վ է տվել նրան

Թռչնի թևեր, որ գա:

 

Եվ լռությունն այս, որ լցնում է

Ամենը,

Աստեղային ո՞ր երկրից է

Եկել մենակ:

Եվ ինչու՞ այս մշուշը

            (դողուն փետուր),

Անձրևի համբույրը

            (զգայական)

 

Ընկավ լուռ (և առհավետ)

            կյանքիս վրա:

 

 

ԸՆԿԵՐ

 

            1

 

ԸՆԿԵ՛Ր, վերցրու՛ քեզ հետ այն, ինչ ուզես:

Զննի՛ր ամեն անկյունը աչքերով:

Թե ցանկանաս, հոգիս կտամ ես քեզ`

Ճերմակ փողոցներով ու երգերով:

 

            2

 

ԸՆԿԵ՛Ր, ստիպի՛ր, որ գիշերով գնա

Տենչանքը հաղթելու` անպետք ու հին:

 

Եթե ծարավ ես, իմ կուժից խմի՛ր:

 

Ընկե՛ր, ստիպի՛ր, որ գիշերով գնա

Տենչանքս, որ վարդի ամբողջ այգին

Ինձ պատկանի:

           

            Ընկե՛ր,

Եթե քաղցած ես, կիսենք իմ հացը:

 

 

ԱՇՆԱՆ ԹԻԹԵՌԸ

 

ԹԻԹԵՌԸ թևում,

Մերթընդմերթ արևից այրվում է:

 

Թռչում է, խայտում, բոցկլտում է

Եվ մի պահ նստում

Տերևին, որ նրան օրորում է:

 

Ասում էին ինձ. _Չունես ոչինչ:

Հիվանդ չես: Քեզ թվում է:

Եվ ես էլ չէի ասում ոչինչ:

Եվ հունձքը անցյալում է:

 

Մի ձեռք է շնչահեղձ լցնում

Այսօր աշխարհը Աշունով

Տերևաթափ է իմ հոգում:

 

Ասում էին ինձ. _Չունես ոչինչ:

Հիվանդ չես: Քեզ թվում է:

 

Դա ժամանակն էր հասկերի:

Հիմա արևը

Կազդուրվում է:

 

Ամեն ինչ կյանքում, ընկերնե՛ր, հեռանում է:

Անցնում է կամ մահանում է:

 

Եվ վարդն է մեռնում, որ պոկում ես:

Բերանն էլ, որ քեզ համբուրում է:

 

Ջուրը, ստվերը, բաժակը

Անցնում են կամ մահանում են:

 

Անցավ հասկերի ժամանակը:

Արևը հիմա կազդուրվում է:

 

Նրա գաղջ լեզուն օղակում է ինձ:

Նա էլ է ասում. _Քեզ թվում է:

 

Թիթեռը թևում,

Թեթև թևում ու

Անհետանում է:

 

 

© Թարգմանություն ` Հասմիկ Ամիրաղյան

 

Leave a comment

30/07/2013 · 8:36 PM