Monthly Archives: October 2013

ԿԱԽԱՐԴՈՒՀԻՆ /Խուան Էդուարդո Սունյիգա

painting-in-the-rain-7

       Երբ տեղեկացա, որ պետք է գնայի հորեղբորս այցելելու, ես չէի կարող պատկերացնել, թե ինչն էր պատճառը, սակայն շատ ժամանակ չպահանջվեց իմանալու համար և նրան ճանաչողների համար դժվար կլիներ հավատալ դրան. թերևս իր կյանքի ընթացքում առաջին անգամ էր վախ ապրել և պահանջեց, որ ընկերակցեմ իրեն: Իրոք նրան վախեցրել էր մի բան, որն իր հետ տեղի էր ունեցել հայելու մոտով անցնելիս. ինքն իրեն տեսել էր առանց ձեռքերի:

Շտապ գնացի նրա մոտ, զարմացա, երբ լսեցի, որ ինձ կանչել էր իրեն ընկերակցելու համար. նրան, ով ուներ ծառայողներ և ոչ ոքի կարիքը  չուներ, քանզի վճռական ու համարձակ մարդ էր, ով բազմիցս ցուցադրել էր իր խիզախությունը, հատկապես ստրկավաճառության դեմ պայքարի ժամանակ:

Ես ընդունեցի նրա խնդրանքը և օրեր անց նաև իմացա, որ մեկ այլ հայելում իրեն տեսել էր առանց բերանի. արծաթեպատ փայլեցված ապակու մեջ չէին երևում նրա շուրթերը, որոնք նա համառորեն շարժում էր և չէր տեսնում  դեմքի վրա: Հասկանալի էր, որ մի խորհրդավոր, թերևս արդեն անխուսափելի վտանգ էր նրան սպառնում, այդ իսկ պատճառով նա ցանկացավ վստահել ինձ և համառոտ կերպով պատմեց տեղի ունեցածը: Մի խնջույքի ժամանակ հյուրերին զբաղեցնելու համար եկած երաժիշտների խմբում տեսել էր մի գնչուհու և խենթի պես սիրահարվել նրան: Գնացել էր թափառախումբ և պարտավորվել տալ նրանց որոշակի գումար՝ այնտեղ երկու օր ու երկու գիշեր մնալու համար, բայց ժամանակը լրանալուն պես ստիպված հեռացել էր. գնչուհին երևի թե հոգնել էր նրանից, և տղամարդիկ, թերևս, նրան կվռնդեին և կսպառնային, որ այլևս չվերադառնար: Նրա հպարտությունն ու մեծն պարոնի սովորությունները ոտնահարվել էին. զրկվել էր կնոջը տիրանալու քմահաճույքից: Ավելի ուշ իմացա, որ գնչուհին ծաղրել և արհամարհել էր նրան: Բանն այն է, որ այլևս չէր կարող վերադառնալ այնտեղ, որտեղ գնչուներն էին իրենց կառքերով, նրանց խարույկներն ու թովիչ երգերը, որ երգում էր գնչուհին:

Այդ ստորացումն ու սիրահարվածությունը հորեղբորս տարօրինակ որոշման պատճառը դարձան: Նա ապավինեց կախարդանքի ուժի, մի դյութանքի, որը կգրավեր և իր կամքին կենթարկեր գնչուհուն: Դրան հասնելու համար դիմեց նրան, ում երբեք չպետք է դիմեր. կախարդուհուն, ով ապրում էր ճահճուտներում:

Դեպի ծովափ տանող ճանապարհի աջ կողմում գտնվող  հարուստ բուսականությամբ մի վայր էր, որտեղ ոչ ոք  չէր լինում, և որից բոլորը փորձում էին խուսափել, որովհետև գիտեին, որ նա այնտեղ էր, և սարսափում էին նրա խորհրդավոր ուժից: Կախարդուհուն մահացու հմայություններ էին վերագրում, ինչի պատճառով իշխանությունները նրան ձերբակալել էին և երկու անգամ հրապարակայնորեն մտրակել. որոշ ժամանակ անցկացրել էր բանտում, սակայն վերադարձել էր մանկության տարիների խրճիթը:  Նրան միայն այցելում էին հուսահատ չբեր կանայք, կամ նրանք, ովքեր ցանկանում էին գրավել իրենց նկատմամբ անտարբեր տղամարդկանց, նրանք, ովքեր ցանկանում էին վրեժխնդիր լինել որևէ երկրպագուից: Սակայն ոչ ոք չէր խոսում կախարդուհու մասին, չնայած բոլորն էլ գիտեին նրա անունը՝ Ալեսիա:

Մի գիշեր հորեղբայրս գնացել էր նրա մոտ և պայմանավորվել. մինչ այդ երբեք ոչ մի տղամարդ չէր դիմել նրա օգնությանը: Կախարդուհին հորեղբորիցս գնչուհու իրերից էր խնդրել, և հորեղբայրս (չգիտեմ, թե ինչպես էր կարողացել հայթայթել այն) նրան տվել էր  կարմիր թաշկինակի մի կտոր, որն օգտագործում էր գնչուհին: Կախարդուհին նրանից նաև խնդրել էր մի մազափունջ, և հորեղբայրս իր անբաժան դաշույնով կտրել էր իր մազերից  մի փունջ: Թերևս սա էր նրա մեծագույն սխալը. օրեր անց նա ինքն իրեն հայելում տեսել էր առանց ձեռքերի, իսկ հետո` առանց բերանի, ավելի ուշ` նույնիսկ առանց աչքերի: Այդժամ հրամայեց կանչել ինձ և ասաց, որ ուզում է, որ իրեն ընկերակցեմ : Այդպիսով ես դարձա նրա տխուր վախճանի վկան:

Գիշերը միասին էինք դուրս գալիս և խարխափելով գնում էինք այդ կնոջ խրճիթ: Առաջին անգամ ինձ թողեց ձիերի մոտ, սակայն մթության մեջ և ցուրտ եղանակին մի քիչ սպասելուց հետո մոտեցա դռանը և ճեղքից ներս նայեցի: Այնտեղ բոցավառվող ջահով լուսավորված՝ նստած էր Ալեսիան` շրջապատված չոր բույսերի մեծ փնջերով. դեռևս երիտասարդ էր, շեկ վարսերը խառնիխուռն թափվում էին ուսերին, և թվում էր, թե հագին վանականի հագուստ է: Ես նկատեցի, որ, չնայած փնթիությանը և դեմքին մնացած հետքերին, նա գեղեցիկ էր` իր մեծ կապույտ աչքերով: Հորեղբայրս լուռ կանգնած էր, իսկ նա սևեռուն հայացքով նայում էր նրան:

Հաջորդ գիշեր լսեցի, որ Ալեսիան նրանից խնդրում է գնչուհուն պատկանող այլ կտոր բերել, որպեսզի կարողանա իրականացնել կախարդանքը, և օրեր անց տեսա, թե ինչպես հորեղբայրս նրան ինչ-որ բան փոխանցեց: Այդ անգամ կախարդուհին ավելի երկար խոսեց, և ինձ հիացրեց նրա ժպիտը, մի արագ շարժումով ետ տարավ հագի շապիկը, և տեսա, որ կեղտոտ և խիտ մազերին կտավատի ծաղիկներից հյուսված մի պսակ կար:  Դռան ճեղքից հետևում էի նրա շարժումներին. Նա ձեռքը մեկնեց հորեղբորս, վերջինս իր ձեռքն անշտապ դրեց կախարդուհու պարզած ափի վրա, և այդպես մնացին մի քանի ակնթարթ: Այդ պահին կախարդուհին ծիծաղեց: Կարծում եմ՝ համաձայնության գալու նշան էր: Հորեղբայրս լավ գիտեր, որ մի ոտքով դժոխքի սահմանին է: Վերադարձի ճանապարհին ձիավարելիս նա կծկված էր և գրեթե չէր խոսում, դեռ ավելին` ծերացած էր թվում:

Ամեն անգամ այնտեղ գնալիս ես ավելի ուշադիր էի լինում և լսում էի, որովհետև մի կողմից վտանգ էի կանխազգում, իսկ մյուս կողմից ինձ դրդում էր զզվելի և միաժամանակ հրապուրիչ Ալեսիայի տարօրինակ կերպարանքի նկատմամբ  հետաքրքրասիրությունս: Այդ ժամանակ հորեղբայրս ինձ պատմեց, որ ինքն իրեն մի հայելու մեջ էր նայել և չէր տեսել իր գլուխը: Այնտեղ, որտեղ գլուխը պետք է լիներ, դատարկ էր: Ես մտածեցի, որ կախարդանքը շուռ  է եկել նրա դեմ:

Վերջապես մի գիշեր տեղի ունեցավ անսպասելին: Խրճիթ մտնելիս հորեղբայրս դուռը գրեթե բաց թողեց, և ես հետևեցի նրան: Խրճիթի կենտրոնում կրակ էր վառվում, իսկ դրա վրա դրված անոթից ծխի հետ միախառնված գոլորշի էր բարձրանում. կախարդուհին գրեթե չէր երևում: Ալեսիան, ինչպես միշտ, նստած էր այնտեղ և հալված ձյութի նմանվող սև փայլուն հեղուկի մեջ ուղտափշի մանուշակագույն ծաղիկներ էր գցում: Ցածր ձայնով աղոթքի պես ինչ-որ բան էր արտասանում, որից հետո բացականչեց. ‹‹Նայի՛ր այնտեղ››: Հորեղբայրս կռացավ դեպի անոթը և հառաչեց. անկասկած, պատճառը գարշելի հեղուկի արտացոլանքն էր, որն էլ նրան ստիպեց գլուխն առնել ափերի մեջ, ետ գնալ և հենվել  խրճիթի պատին: Այդ ժամանակ կախարդուհին սկսեց խելագարի պես քրքջալ և շուտով, նույն դիրքով նստած, դեն նետեց մուգ գույնի շապիկը՝ կիսով չափ մերկացնելով մարմինը, տարածեց ձեռքերը և արհամարհանքով ծիծաղելով` գլուխն ակամայից ետ տարավ: Կարծես եռման ջուր թափվեց գլխիս. ոտքերս դողացին. զննեցի այդ անսովոր սպիտակ ու գրավիչ մարմինը, որը, սակայն, վախեցնում էր ինձ: Նույնն էլ պետք է որ հորեղբայրս զգար. տեսա, թե ինչպես էր դողում, ոտքերն էլ ծալվեցին և ընկավ ծնկների վրա` սևեռուն հայացքով նայելով Ալեսիային. հավանաբար արդեն կախարդված էր: Ալեսիան ոտքի կանգնեց. բարձրահասակ էր և ամրակազմ էր թվում, ևս մեկ անգամ հորեղբորս մեկնեց  ձեռքը՝ շարունակելով ծիծաղել, և երկուսն էլ մի քանի րոպե այդպես մնացին, որի ընթացքում ես չգիտեի՝ ինչ անել: Վերջապես հորեղբայրս ոտքի կանգնեց և կարողացավ երերալով դուրս գալ խրճիթից, իսկ կախարդուհին ինչ-որ բան բղավեց, և նրա ծիծաղը կոկորդից ելնող ծղրտոցի վերածվեց:  Ես էլ դուրս եկա, նա էլ` մեր ետևից. հանկարծ ջահը ձեռքին վեր պահած՝ հայտնվեց դռան մոտ: Տեսա, որ հորեղբորս գլուխն ու ձեռքերն անհետացել են, և այդ պատրանք թվացող մարմինը, որի մասին անգամ հիշելն ինձ վախեցնում է, մի քանի քայլ արեց, անփութորեն շրջվեց, նետվեց մոլախոտերի մեջ ու անհետացավ մթության խորքում:

Ալեսիայի մի շարժումից ջահը հանկարծ դիպավ թափթփված մազերին, կապույտ կրակ բարձրացավ նրա դեմքին, և քիչ անց նրա վարսերը զարդարվեցին խարույկի վերածված տերևներով և ծաղիկներով:

Ես անշարժ մնացի, ասես սյանը գամված` նայելով ջահը վեր պարզած ու բոցավառ վարսերով, մերկության մեջ չքնաղ այդ կնոջ մարմնին: Սակայն, միանգամից կոկորդային ճիչ արձակելով, նետվեց հորեղբորս կողմը: Մի պահ անց այլևս չէի լսում նրան ու չէի տեսնում նրա բոցավառ գլխի լուսարձակումը:

Չկարողացա վազել նրանց ետևից, ոչ էլ փրկել հորեղբորս: Սպասեցի, բայց ճահիճները սովորաբար չեն վերադարձնում նրանց, ում կուլ են տալիս մութ գիշերով, առավել ևս նրանց, ում ձգում է ճակատագրական հզոր այդ դյութանքը՝ ցանկությունը…

© Թարգմանությունը`  Լիլիթ Սազբանդյանի

 

Leave a comment

07/10/2013 · 9:05 AM

Դոն Կիխոտ/ Միգել դե Ունամունո

 

visions-of-quixoteՕ՜,Դոն Կիխոտ այն որ գիտեմ թե ով եմ ես

Քո շնորհիվ է, օ՜իմ ասպետ

Եվ Աստծո սերն է պատճառ հանդիսանում

Որ ես գիտեմ Իսպանիայի տեղն աշխարհում

 

Արևը դուրս էր  սահում Լա Մանչայի երկնից,

Երբ դուրս եկար երթի քո հարազատ հողից

Քո կատարած գործով, սխրանքներով պատիր

Մի շուք գցիր երկնի վրա այս լուսածիր:

 

Օ՛հ, հայելի թափառական դու ոգու

Օ՛հ, ասպետ դու մոլորված

Թափառեցիր կեղծիքի ճամփաներում

Սարքված ձեռքով` կախարդանքով օժտված:

 

Ու սոսկ երազ չէ կյանքը մեր,

Այլ կյանքը մեր խաբկանք է մի

Եվ փառք կտրվի լոկ նրան

Ով հրաշքով այն կբուժի:

 © Թարգմանությունը ` Նունե Անտոնյանի

Leave a comment

07/10/2013 · 8:24 AM

ԲԱՍԹԵՐ ՔԻԹՈՆ / ՌԱՖԱՅԵԼ ԱԼԲԵՐՏԻ

568

Five o’clock tea /նույն ժողովածու/

Դուք առաջինն անցեք,

համբուրում եմ Ձեր ձեռքը,

ոչ մի կերպ,

ոչ մի դեպքում:

Comtesse:

Votre coeur* մի թռչուն է,                                                                  *կոմսուհի, Ձեր սիրտը /ֆր./

քնքուշ թռչնակ՝ բանտված կրծքի վանդակում,

որ հառաչում է նուրբ բեղերի հանդեպ սիրուց

կրքոտ

որովհետև j’aime,

tu aimes,

il aime*,                                                           *ես սիրում եմ, դու սիրում ես, նա սիրում է /ֆր./

ախր մոռացել եք, որ ծովը մի տեսակ չեզոք խորություն է

ֆլիրտի համար,

ախր կոռեկտ չէր լինի Ձեզ հետ խոսելը ոսկեզօծ

ձվածեղի մասին

և համեմատելը Ձեր գինեգույն զգեստը

հալեցրած սուտակի հետ:

Հաճելի է,

ուրախ եմ,

բոլորս ուրախ ենք,

հուզված ենք,

շնորհակալություն,

խնդրեմ:

Դուք իրո՞ք կարծում եք, որ փիլիսոփայությունը նման է

ծխախոտի կամ գոլֆի շալվարի:

Champignons,

poil de carotte,

pommes de terre*.                                           *շամպինյոններ, շիկակարմիր, կարտոֆիլ /ֆր./

Օդը չափազանց մաքուր է, որ ուղարկեմ Ձեզ a la merde*,                         *գրողի ծոցը /ֆր./

իսկ ես, Madame, չափազանց հոգնած:

Adieu.

© Թարգմանությունը ` Հասմիկ Ամիրաղյանի

Leave a comment

04/10/2013 · 10:06 PM

Տխուր, վհատության մեջ / ՌՈՒԲԵՆ ԴԱՐԻՈ

walking-in-rain-painting-wallpaper-hd

Տխուր էի մի օր անչափ. թախծի շղարշով պարուրված

նայում էի ջրի հոսքին.. շատրվանից հոսում էր ցած.

դրսում գիշերն էր քաղցրիկ`արծաթե շնչով տոգորված.

լացում էր գիշերը. հևում էր գիշերը. հեկեկում  էր գիշերը:

 

Եվ վերջալույսն իր նուրբ քողի տակ էր առնում-տանում,

տարրալուծում արցունքը խորհրդավոր բանաստեղծի:

Եվ ես էի բանաստեղծն այդ ` խորհրդավոր ու հոգնատանջ,

որ խառնում էր լուռ հոգին իմ շատրվանի հոսքին:

 

© Թարգմանությունը `     Նունե Անտոնյանի

 


			

Leave a comment

04/10/2013 · 9:14 AM

ՄՈԴԵՌՆԻԶՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՌՈՒԲԵՆ ԴԱՐԻՈ. ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ռուբեն Դարիոն (իսպ.`  Rubén Darío. ծննդ. թթ. 1867 հունվարի 18-1916 փետրվարի 6)  համաշխարհային ճանաչում ձեռք բերած առաջին լատինամերիկյան պոետն է: Համարվում է մոդեռնիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը իսպանալեզու գրականության մեջ:

Ruben Dario

Ծնվել է Նիկարագուայում` Մետապա քաղաքում` Մանուել Գարսիայի և Ռոզա Սարմիենտոյի ընտանիքում: Բանաստեղծի ծնողները բաժանվում են, երբ նա դեռ նորածին էր, և փոքրիկի խնամքով են զբաղվում նրա խորթ տատիկն ու պապիկը, որոնց ապագա պոետն իր իսկական ծնողներն էր համարում:

Շատ վաղ հասակից ( 3 տարեկան ) սկսել է կարդալ, իսկ արդեն ավելի ուշ` գրել սեփական ստեղծագործությունները: Պահպանվել է 1879 թվականին գրված <<Մի արցունք>> ( Una lágrima ) սոնետը: Նրա ստեղծագործությունները տպագրվում են «El Ensayo» թերթում, և նա հայտնի է դառնում որպես <<փոքրիկ պոետ>>: 1882 թ.ին մեկնում է Սալվադոր, որտեղ ծանոթանում է նախագահ Ռաֆաել Զալդիվարուի հետ, որն էլ hետագայում դառնում է պոետի հովանավորը: Չնայած այն փաստին, որ բանաստեղծը Սալվադորում հասնում է հաջողությունների և ակտիվորեն մասնակցում  հասարակական կյանքին, Դարիոն հայտնվում է ֆինանսական ծանր կացության մեջ և վերադառնում հայրենիք, որտեղ ուժերն է փորձում թատերական ժանրում: Նրա «Cada oveja…» վերնագիրը կրող պիեսը մեծ ուշադրության է արժանանում հանդիսատեսի կողմից:

1893թ.-ին նշանակվում է Կոլումբիայի  հյուպատոս Բուենոս Այրեսում, որտեղ անցկացնում  է հինգ տարի` աշխատելով առաջատար արգենտինյան գրողների հետ:

“Նասիոն” վերնագիրը կրող թերթում նա ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում ֆրանսիական գրականության նորագույն ուղղությունները և նպաստում մոդեռնիզմի զարգացմանը: 1896 թ-ին գրված <<Հեթանոսական սաղմոսներ>> գրքում Դարիոն կանխագուշակում է գրականության մեջ դասական-ռոմանտիկ կարծրատիպերի ոչնչացումը:

1898 թվականին` իսպանոամերիկյան պատերազմի ավարտից անմիջապես հետո, Դարիոն Իսպանիա է մեկնում` որպես <<Նասիոն>> թերթի թղթակից: Կյանքի հետագա 17 տարիներն անց է կացնում Եվրոպայում` երբեմն այցելություններ կատարելով Ամերիկա:

Ռուբեն Դարիոն համարվում է Լատինական Ամերիկայի ամենամեծ բանաստեղծը: Նրա բանաստեղծությունները,որոնք սկիզբ դրեցին մոդեռնիզմին, առանձնանում են իրենց նուրբ լեզվով,երաժշտականությամբ ու առաձգականությամբ: Նա իր ազդեցությունն է թողել ոչ միայն ժամանակակից հեղինակների, այլև հետագա ստեղծագործողների վրա: Դարիոյի պոեզիայի լիրիկական ուժն ու խորությունը հաստատում են հետևյալ ժողովածուները` <<Թափառական երգը>> (El canto errante1907), <<Աշնանային պոեմը>> (El poema del otoño, 1910 ), <<Երգ նվիրված Արգենտինային>>  (Canto a la Argentina, 1910 ): Դարիոյի ստեղծագործությունների արժեքն այն է , որ նա ստեղծեց գրական նոր ուղղություն`համախմբելով ամբողջ իսպանալեզու աշխարհը և արմատապես փոխեց բանաստեղծական բառապաշարը ` հաստատելով  պոեզիայում մաքուր գեղագիտական ​​չափանիշներ:

© Թարգմանությունը `  Նունե Անտոնյանի

Leave a comment

04/10/2013 · 8:19 AM