Նրա մեծ հաջողության երեկոյի մասին/ ԷԼԻՍԵՈ ԴԻԵԳՈ

Դիվերտիսմենտներ գրքից

Նրա մեծ հաջողության երեկոյի մասին

Սոպրանո, կոլորատուրային սոպրանո Կարմեն Մարիա Պելեասը քարացել էր բեմեզրին, հիմա նա կերգի, այսօր նրա մեծ հաջողության երեկոն է: Ներկած բեղերով և լաքած ճիտքակոշիկներով իմպրեսարիոն երաշխավորում էր. «Գրողը տանի, Կարմեն, մեծ հաղթանակ է լինելու»: Կարմեն Մարիան, շողշողուն և երիտասարդ` կուրացած բեմեզրի լուսարձակներից` երգում է: Օ՜հ Կարմեն, երգիր, երգիր:

Եվ Կարմենը բառաչում և ծլվլում է` կոտորում է իրեն: Վերջին ակորդի հետ ծավալվում է ծափահարությունների փոթորիկը: Կարմեն Մարիան խոնարհվում է, այդ տաք ալիքից օրորուն՝ շտկվում է: Լույսերը մարում են, խավարի ուղղաձիգ պատը, բանալով ընդարձակ, անմարդ դահլիճի երախը` ծիծաղից ուժասպառ իմպրեսարիոն պտտում է հրեշային թմբուկի բռնակը` ծափահարությունների համար նախատեսված հրեշավոր ապարատը:

Կարմեն Մարիան ուզում է փախչել, բայց զգում է, թե ինչպես են իրեն կաշկանդում չծալվող հոդերը:Նա զննում է ինքն իրեն` ինչ սարսափելի պառավ է:

Սափորի մասին

«Օ Աստված իմ,- ասում է սենյորա Անիսիան, իր կոկիկ ձեռքերով հավաքելով իր մոխրագույն մազերը: -Կրիստոբալի մոտ նորից ջղաձգումներ են»: Այդպես էլ կա` Կրիստոբալի վիթխարի, անճոռնի մարմինը, որ բազկաթոռի մեջ այնպես է լարվել, որ հաստ կապույտ քուղերի տակից երակները դուրս են պրծել, մարմինը, գիշերվա հանդիման, բացված պատուհանի դիմաց քարացել է: Սենյորա Անիսիան հուշիկ մոտենում է նրան: «Ախ, Կրիստոբալ, որդյակսգ»,- քնքուշ շշնջում է նա: Իսկ նա, ամբողջովին ինքն իր մեջ խորասուզված, հանկարծ թուլանում է: Քրտինքի ծանր կաթիլները ծորում են նրա դժգույն դեմքի վրայով: «Ահ,- լսվում է նրա թույլ, անհեթեթ ձայնը: -Չէ՞ որ այն ինձ մոտ էր»: Հեծկլտոցը խեղդելով՝ նա նորից շրջվում է պատուհանի կողմը:

9a4887f9584d87645a21d7fc9a4165afbc5f6c135153201

«Ի՞նչը, ե՞րբ, տղաս»,- հարցնում է սենյորա Անիսիան: «Բռնակը,- շշնջում է Կրիստոբալը, հենված լուսամուտագոգին,- իմ սափորի բռնակը»: Նա հասակով մեկ կանգնում է, նայելով պատուհանից անդին ծավալվող խավարին, և իր բարալիկ ձայնով վանկարկում է.

«Սա երազ է: Երազ: Եթե ես կարողանայի հիշել իմ սափորը, նրա քաշը, գույնը, նրա կավի սառնությունը, եթե ես կարողանայի հիշել այն ամբողջությամբ, ապա նրան այլևս ոչինչ չէր մնա, ոչինչ չէր մնա»:

Եվ Կրիստոբալը, խուլ փնթփնթալով, փլվում է բազկաթոռի վրա: «Գնամ հորդ ետևից»,- վախեցած շշնջում է սենյորա Անիսիան, լքելով Կրիստոբալին, որ քարանում է չարագուշակ ոսկեգույն լուսնի ներքո: «Կրիստոբալ»,- խիստ կանչում է նրան դռների արանքում հայտնված հայրը: Քանի որ Կրիստոբալը չի պատասխանում, նա մոր ուղեկցությամբ մտնում է ներս: Կրիստոբալն անշարժ է: Նրա դեմքի վրա պաղել է անվրդով ժպիտը: Իսկ ձեռքերի մեջ կավե սափոր է: Լուսնի լույսը խաղում է նրա սև-կարմիր եզրանախշի վրա, շողշողում է սափորի ներսի էմալի վրա: «Ոնց որ թե սա այն սափորն է, որ նա կորցրել էր փոքր ժամանակ,- շշնջում է սենյորա Անիսիան: -Որտե՞ղ ես դու այն գտել, Կրիստոբալ»:

Բայց լռած Կրիստոբալն այլևս երբեք չի պատասխանի:

Կարմիր գլխարկի մասին

Դոնյա Էնգրասիա, Աստված սիրեք: Ձեր տարիքում էլ մարդ կանաչ փետուրներով, քամուն խտուտ տվող, կարմիր նշաձև գլխա՞րկ առնի: Արդյո՞ք ձեր մտքով անցել է այդ տեսքով դուրս գալ: Դե խելքի եկեք: Սակայն Դոնյա Էնգրասիան դրել է այն գլխին և նույնիսկ հայելուն չի նայում: Նստել է խեղճը անկյունի հյուսած բազկաթոռի վրա և ձեռքերը խաչել է իր օսլայած շրջազգեստի վրա: Մոդայի կտրուկ պտագոյացումը, տերևներից զատ, բերեց Դոնյա Էնգրասիայի ջահելության ֆասոններից մեկի կրկնօրինակը: Եվ Դոնյա Էնգրասիային անրջվում է, որ վարսերը, որ կրում էին այդ թևավոր հրաշքը, դեռևս շագանակագույն և մետաքսավետ են, թե նա շրջում է պուրակում, իսկ ուսանողները նայում են իրեն:

Բայց եթե մեկը նայում է նրան, ապա դա փոքրիկ սպասուհին է, որ անասելի բարձր ծիծաղով թավալ է գալիս:

© Թարգմանությունը ռուսերենից ` Վարդան Ֆերեշեթյանի

Աղբյուր ՝ http://168.am/2013/01/17/166176.html 

Leave a comment

13/03/2014 · 3:38 PM

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s