Երեւակայության եւ ներշնչանքի մասին/ ՖԵԴԵՐԻԿՈ ԳԱՐՍԻԱ ԼՈՐԿԱ

Երեւակայության եւ ներշնչանքի մասին
Հիանալիորեն գիտակցելով թեմայի ողջ բարդությունը, ես չեմ հավակնում ավարտունության, ես կամենում եմ լոկ ուրվագծել` ոչ թե շեշտագծել, այլ ինչ-որ մտքի հանգեցնել:

Ինձ համար երեւակայությունը` հայտնագործությունների ունակության հոմանիշն է: Երեւակայել` հայտնագործել, ներմուծել սեփական լույսի մասնիկը կենդանի խավարի մեջ, ուր կենում են տարակերպ հնարավորությունները, ձեւերն ու մեծությունները: Երեւակայությունը թաքնված կենսական հատվածներին կապ եւ կենսական ակնհայտություն է պարգեւում, այնտեղ, ուր շարժվում է մարդը: Երեւակայության ճշմարիտ դուստրը` ինտուիցիայի ակնթարթային բռնկումով ծնված փոխաբերությունն է, կանխազգացման երկար տագնապով լուսավորված:

Vistar-al-mar

բանաստեղծը նախկինի պես մեն մենակ է իր ներաշխարհի հետ, իր տրտում «ուզում եմ եւ չեմ կարողանումի» հետ:

Բայց երեւակայությունը սահմանափակված է իրականությամբ` անհնար է պատկերացնել գոյություն չունեցողը, երեւակայությանը պետք են իրեր, տեսարաններ, թվեր, մոլորակներ եւ դրանց միջեւ եղած տրամաբանական կապ: Այն չի կարող նետվել անդունդն ու ժխտել իրական անհասկացությունները: Երեւակայությունը հորիզոններ ունի, այն ձգտում է որսալ եւ կոնկրետացնել այն ամենը, որ ունակ է կրելու իր մեջ:

 

Երեւակայությունն աղքատ է, իսկ բանաստեղծական երեւակայությունը` հատկապես: Տեսանելի իրականությունն անչափելիորեն հարուստ է երանգներով, աներեւակայելիորեն ավելի բանաստեղծական է, քան իր հայտնագործությունները:Դա ամեն անգամ բացահայտում է պայքարը գիտական ակնհայտության եւ հորինված առասպելի միջեւ` պայքար, որում, փառք Աստծո, հաղթանակում է գիտությունը, հազար անգամ ավելի քնարական, քան թեոգոնիաները: 

Մարդկային երեւակայությունը հորինել է հսկաներին, որպեսզի նրանց վերագրի հսկայական քարանձավների կամ կախարդված քաղաքների ստեղծումը: Իրականությունը ցույց տվեց, որ այդ հսկայական քարանձավները ստեղծվել են ջրի կաթիլից: Մաքուր ջրի կաթիլից, համբերատար եւ հավերժական: Այս դեպքում, եւ շատ այլ դեպքերում, հաղթանակում է իրականությունը:

Որքան ավելի հիասքանչ է ջրի կաթիլի բնազդը, քան հսկայի ձեռքերը: Իրական ճշմարտությունը բանաստեղծականությամբ գերազանցում է հորինվածքին, կամ, այլ կերպ ասած, հորինվածքն ինքը բացահայտում է իր աղքատիկությունը: Երեւակայությունը հետեւում էր տրամաբանությանը, հսկաներին վերագրելով այն, ինչ թվում էր հսկաների ձեռքով ստեղծած, բայց գիտական իրականությունը, որ կեցած է պոեզիայի սահմանին եւ տրամաբանության սահմաններից դուրս է, անմահ ջրի թափանցիկ կաթիլով հաստատել է իր ճշմարտացիությունը: Չէ՞ որ անհամեմատելիորեն հիասքանչ է, որ քարանձավները` հավերժական օրենքներին ենթակա ջրի խորհրդավոր ֆանտազիան է, այլ ոչ թե հսկաների քմայքները, որ ծնունդ են առել միայն անբացատրելին բացատրելու անհրաժեշտությամբ:

Բանաստեղծը միշտ թափառում է իր երեւակայության տարածության մեջ, դրանով սահմանափակված: Նա արդեն հասկանում է, որ իր ֆանտազիան` դա կատարելագործվելու ընդունակությունն է, որ երեւակայության վարժանքը կարող է հարստացնել նրան, ուժգնացնել նրա լուսային ալեհավաքներն ու ճառագայթվող ալիքը: Սակայն բանաստեղծը նախկինի պես մեն մենակ է իր ներաշխարհի հետ, իր տրտում «ուզում եմ եւ չեմ կարողանումի» հետ:

Նա լսում է մեծ գետերի սահքը, նրա դեմքին է դիպչում եղեգնուտի թարմությունը, որը կեցած է «ոչ մի կողմում»: Նա ուզում է հասկանալ մրջյունների խոսակցությունը անիմանալի տերեւների տակ: Ուզում է ներթափանցվել ծառի ավիշով ծանր բների մառ լռության մեջ: Ուզում է ըմբռնել քնած աղջնակի սրտում հնչող Մորզեի այբուբենը:

Ուզում է: Մենք բոլորս ենք ուզում: Բայց չի կարողանում: Որովհետեւ կամենալով արտահայտել բանաստեղծական ճշմարտությունը, նա ստիպված է հենվելու իր մարդկային զգացողությունների վրա, ելնելու այն բանից, ինչ տեսել եւ լսել է, դիմելու պլաստիկ զուգորդումների, որոնք երբեք չեն հասնի արտահայտչականության նույն մակարդակին: Որովհետեւ միայն երեւակայությունը երբեք չի հասնում համանման խորությունների:

Քանի դեռ բանաստեղծն ազատագրում է փնտրում, նա կարող է բարոր կյանք վարել իր ոսկեզօծ աղքատության մեջ: Աշխարհի բոլոր հռետորական եւ բանաստեղծական դպրոցները, սկսած ճապոնական կանոններից, առաջարկում են մայրամուտների, լուսինների, շուշանների, հայելիների հարստագույն ռեկվիզիտ ցանկացած կլիմայի եւ ճաշակի համար: 

Բայց բանաստեղծը, ով կամենում է դուրս պրծնել մոգոնած սահմաններից, չապրել սոսկ այն պատկերներով, որ շրջապատից են ծնվել, դադարում է անրջել եւ դադարում է ցանկանալ: Նա արդեն չի ցանկանում` նա սիրում է: «Երեւակայությունից»` հոգեւոր արտադրանքից, նա անցնում է հավատին: Այժմ ամեն ինչ այդպիսին է, որովհետեւ այդպիսին է, առանց պատճառների եւ հետեւանքների: Չկա ոչ սահման, ոչ սահմանագիծ` լոկ հոգեպարար ազատություն:

Եթե բանաստեղծական երեւակայությունը ենթարկվում է մարդկային տրամաբանությանը, ապա բանաստեղծական ներշնչանքը ենթարկված է բանաստեղծական տրամաբանությանը: Անօգուտ է ողջ մշակված տեխնիկան, քանդվում են բոլոր գեղագիտական կանխադրույթները, եւ, համանման, այն բանին, ինչպես երեւակայությունը` հայտնագործություն է, երեւակայությունը` դա երանություն է, դա անբառելի շնորհ է:

Այդպիսին է իմ այսօրվա տեսակետն առ պոեզիան: Այսօրվանը, որովհետեւ այն ճիշտ է այսօր: Չգիտեմ, թե ես ինչ կմտածեմ վաղը: Ինչպես ճշմարիտ բանաստեղծ, ինչպիսին ես կմնամ մինչ գերեզման, ես երբեք չեմ դադարի դիմադրել ցանկացած կանոններին կենդանի արյան սպասման մեջ, որը վաղ թե ուշ, բայց անպայման կժայթքի մարմնից կանաչ կամ սաթե շիթով: Ինչ ուզում է լինի` միայն թե միեւնույն պատուհանից չնայել միեւնույն նկարին: Բանաստեղծի` հակասության մեջ է: Անշուշտ, ես չեմ հավակնում ինչ-որ մեկին համոզել: Հավանաբար, այդպիսի դիրքորոշումը պոեզիային արժանի չէր լինի: Պոեզիային պետք են ոչ թե կողմնակիցներ, այլ սիրահարներ: Փշեպսակներով եւ ջարդված ապակով է նա փռում իր ճամփան, որպեսզի հանուն սիրո նրան փնտրող ձեռքերն արյունեն:

© Թարգմանությունը ռուսերենից ` Վարդան Ֆերեշեթյանի

Աղբյուր ՝ http://archive.168.am/am/articles/32929

Leave a comment

03/04/2014 · 9:33 PM

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s