Հազար դեմքերի երկիրը (մաս 2-րդ)/ ՄԱՐԻՈ ՎԱՐԳԱՍ ԼՅՈՍԱ

h-6.18306856-copia-2907023_0x440

Ցլամարտերի չափ լիմայական են նաև ռազմական բռանապետությունները: Իմ սերնդի պերուացիները ավելի շատ բռնապետության, քան ժողովրդավարության ներքո են ապրել: Առաջին բռնապետությունը, որ մաշկիս վրա զգացի, գեներալ Մանուել Ապոլինարիո Օդրիայինն էր՝ 1948- 1956 թթ.՝ տարիներ, երբ իմ սերնդակցիները դեռահաս երեխայից տղամարդ դառնալու անցումային տարիքում էին: Գեներալ Օդրիան իշխանությունից զրկեց մի արեքիպացի փաստաբանի՝ Խոսե Լուիս Բուստամանտե ի Ռիվերոյին՝ պապիկիս զարմիկին: Նրան ճանաչում էի, քանի որ Կոչաբաբայում ապրելիս օթևանել էր տատիկիս և պապիկիս տանը: Հիշում եմ, թե ինչ լավ զրուցակից էր. բերաններս բաց լսում էինք նրան, և, իհարկե, այն փոքր պարգևավճարները, որ սահեցնում էր ափիս մեջ գնալուց առաջ: Բուստամանտեն 1945-ի ընտրություններին Ժողովրդական ճակատի թեկնածուն էր՝ մի դաշինքի, որտեղ մեծամասնական էր Վիկտոր Ռաուլ Հայա դե լա Տոռեի Ապրիստական կուսակցությունը: Ձախակենտրոն ապրիստները խստագույնս ճնշվել էին բռնապետության կողմից: Անկախ Բուստամանտեն դարձավ ԱՊՐԱ-ի թեկնածուն, քանի որ այս կուսակցությունը չէր կարող ավելի հարմար թեկնածու ներկայացնել: Բայց հազիվ էր նա հասցրել ձայների մեծամանսությամբ ընտրվել, երբ ԱՊՐԱ-ն սկսեց գործել՝Բուստամանտենին որպես խամաճիկ օգտագործելով: Միևնույն ժամանակ, հետադեմ և վայրի աջականները կատաղի ու թշնամական մի արշավ սկսեցին այդ մարդու նկատմամբ` նրան որպես զենք օգտագործելով Ապրայի դեմ իրենց պայքարում: Բուստամանտեն պահում էր իր անկախությունը. դիմակայեց ձախականների և աջականների ճնշումներին և կառավարեց հարգելով ազատ խոսքի իրավունքը, արհմիութենական կյանքն ու քաղաքական կուսակցությունները: Նրա կառավարությունը երեք տարի դիմակայեց`ուղեկցվելով փողոցային բռնություններով, քաղաքական հանցագործություններով և խռովություններով ու ընդհատվեց Օդրիայի հեղաշրջումով: Սակայն իմ մանկական ակնածանքըՉապլինի պես քայլող և թիթեռնիկե փողկապով այդ պարոնի հանդեպ, չընդհատվեց. քանի որ Բուստամանտեի մասին կարելի է շատ բաներ ասել. նա հազվադեպ հանդիպող տեսակ էր երկիրս կառավարած մի շարք ղեկավարների շարքում: Նա իշխանությունից հեռացավ ավելի աղքատ, քան մտել էր, մարդ, ով հանդուրժող եղավ իր հակառակորդների հետ, և դաժան ու խիստ` իր կուսակիցների, հետևապես ոչ ոք չէր կարող նրան մեղադրել կողմնակալության մեջ, մարդ, ով հարգեց օրենքները` ընդհուպ մինչև իր քաղաքական ինքնասպանություն: Գեներալ Օդրիայի հետ դաժանությունը վերահաստատվեց Պերուում: Չնայած Օդրիան սպանեց, բանտարկեց և արտաքսեց մեծ թվով պերուացիներ՝ Օդրիայի «ութամյակը» ավելի քիչ արյունարբու էր, քան այդ ժամանակաշրջանի հարավամերիկյան այլ բռնապետություններում: Բայց, փոխարենը, ավելի կոռումպացված էր. ոչ միայն այն պատճառով, որ համակարգի բարձրաստիճան պաշտոնյանները լցնում էին գրպանները, կային ավելի լուրջ պատճառներ . խաբեբայությունը, եկեղեցական ունեցվածքից ստացած եկամուտը, սպառնալիքը, չարաշահումը, ոտնձգությունը, որոնք պետական կառավարման ձև ստանալով ` աղտոտեցին կյանքը ամբողջ երկրում:

Հենց այդ տարիներին (1953 թ.) ընդունվեցի Սան Մարկոսի համալսարան`իրավաբանություն և հումանիտար գիտություններ սովորելու: Ընտանիքս հույս ուներ, որ կընդունվեմ Կաթոլիկ համալսարան, որտեղ այդ տարիներին գնում էին սովորելու «արժանավոր ընտանիքների զավակները»: Բայց ես կորցրել էի վստահությունս 14-15 տարեկանում և «ընտանիքի պարծանք» լինելու ցանկություն չունեի: Քոլեջի վերջին դասարանում էի սովորում, երբ ինքս ինձ համար հասարակության սոցիալական խնդիրները բացահայտեցի, ռոմանտիկ հովերով տարված մի վիճակ, երբ դեռահասը բացահայտում է հասարակական խնդիրները, անհավասարությունները և աղքատների հետ նույնականալով` ուզում է հեղափոխություն անել, հեղափոխություն, որը կարող է Պերուում արդարություն հաստատել:

Սան Մարկոսի համալսարանը աշխարհիկ և պետական մի հաստատություն էր, որն ավանդույթների հանդեպ այլընտրանքային վերաբերմուքն ուներ, ինչն էլ գրավել էր իմ ուշադրությունը ճիշտ այնքան, որքան նրա ընձեռած ակադեմիական հնարավորություները: Բռնապետությունը պառակտել էր համալսարանը, աքսորվել էին մի խումբ դասախոսներ, իսկ նախորդ տարի`1952-ին, ոստիկանական մի մեծ շուրջկալ տասնյակ ուսանողների էր ուղարկել բանտ կամ արտասահման: Լսարաններում իշխում էր կասկածի ու անվստահության մթնոլորտը, որովհետև բռանապետությունը բազմաթիվ ոստիկաններ էր հաշվառել և ընդունել որպես ուսանողներ: Կուսակցությունները օրենքից դուրս էին. և՛ ապրիստները, և՛ կոմունիստները, որ այդ ժամանակ մեծագույն մրցակիցներ էին, աշխատում էին ընդհատակում:
Սան Մարկոս ընդունվելուց քիչ անց ռազմական ծառայության անցա «Կահուիդե»-ում, որը Կոմունիստական կուսակցությանը նոր անուն տալով (կուսակցությունը շատ հալածանքների էր ենթարկվել բռնապետության կողմից) փորձում էր վերականգնել իր գործունեությունը: Մեր անդամակցությունը բավականին անվտանգ էր. փոքր խմբերով գաղտնի հանդիպում էինք կազմակերպում՝ մարքսիզմ ուսումնասիրելու, տպագրում էինք թռուցիկներ ռեժիմի դեմ, պայքարում էինք ապրիստների հետ, ցույցեր էինք կազմակերպում`համալսարանը ներգրավելով աշխատավորական պայքարի մեջ (մեր սխրագործությունն էր կազմակերպել մի գործադուլ Սան Մարկոսում` որպես աջակցություն տրամվայի աշխատավորների բողոքին ) և քայլեր ձեռնարկում, որ համալսարանական կառույցների ընտրովի մարմինների բոլոր տեղերը շահեին մեր մարդիկ:

Ստալինիզմի բացարձակ իշխանության ժամանակարջանն էր, և գրական դաշտում կուսակցության պաշտոնական գեղագիտությունը սոցիալիստական ռեալիզմն էր: Իմ կարծիքով, առաջին բանը, որ ինձ հիասթափեցրեց «Կահուիդե»-ից, հենց դա էր: Չնայած որոշակի վերապահման, քանի որ ես նաև Սարտրի ազդեցության տակ էի, ում հանդեպ առանձնահատուկ հիացմունք ունեի, աստիճանաբար համակերպվեցի դիալեկտիկական և պատմական մատերիալիզմին: Բայց երբեք չկարողացա ընդունել սոցիալիստական ռեալիզմի մոլորված դրույթները, որ ջնջում էին առեղծվածը և գրական առաքելությունը վերածում քարոզչական մարմնամարզության: Մեր քննարկումները վերջ չունեին, և բանավեճերից մեկում, երբ Նիկոլայ Օստրովսկու «Ինչպես էր կոփվում պողպատը» վեպը որակեցի որպես անզգայացնող և պաշտպանեցի հալածված Անդրե Ժիդի «Երկրի պտուղները»-ը, հավատակիցներիցս մեկը ինձ վիրավորեց`կոչելով «Դու խելապակաս ես»:

Որոշ չափով հենց այդպիսին էի. անհագ ծարավով և հիացմունքով կարդում էի մի շարք գրողների, որոնց ժամանակաշրջանի մարքսիստները համարում էին «Արևմտյան մշակույթի գերեզմանափորեր» ՝ Հենրի Միլեր, Ջոյս, Հեմինգուեյ, Պրուստ, Մարլո, Սելին, Բորխես: Բայց նախևառաջ`հատկապես Ֆոլկներ: Հավանաբար ամենակայուն բանը, որ ինձ մնաց ուսանողական տարիներից, ոչ թե լսարաններում սովորածս գիտելիքներն են, այլ այն պատմվածքներն ու վեպերը, որ ընդգրկված են Յոքնապատովա երկրի վիպասքում: Հիշում եմ այն շլացումը, երբ թուղթն ու մատիտը ձեռքիս կարդում էի «Օգոստոսի լույսը», «Վայրի արմավենիներ», «Մինչ ես հոգեվարքի մեջ եմ», «Շառաչ և Ցասում» և այլ գործեր՝ այդ էջերում ինձ համար բացահայտելով ենթատեքստերի և ելևէջների անսհաման բարդությունը, ինչպես նաև տեքստային ու հայեցակարգային այն հարստությունը, որը կարող է ունենալ առհասարակ որևէ պատմություն: Նաև սովորեցի, որ լավ պատմելը պահանջում է աճպարարական տեխնիկա: Իմ երիտասարդության գրական մոդելները գնալով սակավանում էին, ինչպես, օրինակ՝ Սարտրի դեպքում, ում այլևս չէի կարողանում վերընթերցել: Բայց Ֆոլկները շարունակում է առաջնորդող հեղինակ մնալ մինչ այսօր, և ամեն անգամ նրան վերընթերցելիս` համոզվում եմ, որ նրա գործը վիպական մի հանրագումար է, որ կարելի է համեմատել մեծագույն դասականների հետ: Հիսունական թվականներին լատինամերիացիներս առավելապես կարդում էինք եվրոպացի ու հյուսիսամերիկացի հեղինակներին, և համարյա չէինք փնտրում մեր գրողներին: Իրավիճակը փոխվեց և ընթերցողները հայտնաբերեցին լատինամերիկյան հեղինակներին այն ժամանակ, երբ աշխարհը ճանաչեց նրանց:

Այդ տարիներին ինձ համար կարևոր իրադարձություն էր բռնապետության անվտանգության ծառայապետի հետ ծանոթանալը, որն ամենաատելի մարդն էր Օդրիայից հետո: Այդ ժամանակ ես Սան Մարկոսի համալսարանական դաշնության պատվիրակ էի: Բազմաթիվ սանմարկոսցիներ բանտում էին, և գիտեինք, որ նրանց ստիպում էին քնել բանտատխցերի հատակին՝ առանց ծածկոցների և ներքնակների: Դրամահավաք արեցինք և վերմակներ գնեցինք: Բայց, երբ ուզում էինք դրանք տանել Ուղղիչ հաստատություն, որտեղ այժմ գտնվում է Շերատոն հյուրանոցը (ասում են, որ նրա որոշ սենյակներում մինչև հիմա տառապում են հին ստորգետնյա զնդաններում տանջվածների հոգիները ), մեզ տեղեկացրին, որ միայն Կառավարության ղեկավարը՝ Դոն Ալեխանդրո Էսպարսա Սանյարտուն կարող էր տալ այդ արտոնությունը: Դաշնության հինգ պատվիրակների ընդունելու և լսելու համաձայնություն տվեց: Ես հինգից մեկն էի: Մինչև հիմա շատ վառ եմ հիշում այն տպավորությունը, որ ինձ վրա թողեց այդ ահարկու անձնավորությունը Իտալիայի հրապարակում գտնվող Կառավարության իր գրասենյակում: Բծախնդիր, սմքած և ձանձրալի հիսնամյա մի մարդ էր, որը կարծես մեզ նայում էր ջրի միջից և ընդհանրապես չէր լսում: Թույլատրեցին խոսել (դողում էինք), երբ ավարտեցինք, դեռ ոչինչ չասելով մեզ էր նայում`կարծես հեգնելով մեր շփոթմունքը: Հետո նա բացեց գրասեղանի դարակներից մեկը և հանեց «Կահուիդե»-ի որոշ նմուշներ, միմիոգրաֆով գաղտնի տպագրած մի փոքրածավալ լրագիր, որտեղ, իհարկե, հարձակվել էինք նրա վրա: «Ես գիտեմ, թե ձեզնից որ մեկն է այստեղ գրված յուրաքանչյուր հոդվածի հեղինակը,- ասաց մեզ,- գիտեմ` որտեղ եք հավաքվում այն տպագրելու համար և ինչ դավեր եք նյութում ձեր խմբակներում»:

Եվ իսկապես, թվում էր`օժտված էր ամենագիտությամբ: Սակայն, միևնույն է, թշվառ միջակության խղճուկ տպավորություն էր թողնում: Խոսում էր քերականական սխալներով և ինտելեկտուալ աղքատությունն ակնհայտ էր: Հենց այդ ընդունելության ժամանակ, առաջին անգամ նրան հանդիպելով, միտք հղացա` վեպ գրել նրա մասին, որը պետք է իրականացնեի 15 տարի անց`«Զրույցը Տաճարում» վերնագրով: Վեպում ցանկացա նկարագրել այն ազդեցությունները, որ ունեցավ Օդրիայի ութամյակը մարդկանց առօրյա կյանքում` դասերի, աշխատանքների, սերերի, երազանքների և ամբիցիաների վրա: Դժվար էր գտնել այն ընդհանուր առանցքը, որ պետք է միավորեր բազմաթիվ կերպարներ և տեսարաններ.ամբողջ պատմության միջով կարմիր թելի պես անցնող պատահական հանդիպումը և զրույցը, որ տեղի էր ունենում նախկին թիկնապահի, ով բռնապետության մի լրտես էր, մի լրագրողի և վարչակարգի հետ բարգավաճած մի գործարարի որդու միջև: Գրքի լույս տեսնելուց հետո, նախկին Կառավարության ղեկավարը (արդեն հեռացած քաղաքականությունից ու նվիրված մարդասիրությանը), մեկնաբանեց. «Եթե Վարգաս Լյոսան ինձ մոտ գար, ես նրան ավելի հետաքրքիր բաներ կպատմեի»:

Այսպիսով, հենց Լեոնսիո Պրադոյի ռազմական վարժարանն օգնեց ինձ ճանաչել իմ երկիրը, ինչպես նաև նաև լրագրությունը, մի մասնագիտություն, որ շատ դռներ բացեց իմ առջև, ուղղորդեց հետազոտել բոլոր միջավայրերը, հասարակական խավերը, վայրերն ու միջոցառումները: 15 տարեկանից որպես լրագրող սկսեցի աշխատել La Cronica օրաթերթում, միջնակարգի չորորդ տարվա արձակուրդների ժամանակ` սկզբում լուսաբանելով համայնքային միջադեպերը, հետո հանցագործությունները: Ցնցող էր գիշերով շրջել տեսչության բաժանմունքները` ճշտելու, թե ինչ հանցագործություններ, գողություններ, կողոպուտներ, միջադեպեր էին պատահել, կամ հետաքննել հատուկ դեպքերը, ինչպես օրինակ՝ « Գիշերային Թիթեռնիկը», մի մարմնավաճառ, որ դանակահարությամբ սպանվել էր Էլ Պորվենիրում: Դեպքն ինձ համար առիթ հանդիսացավ մի էքսկուրսիա կատարել Լիմայի մարմնավաճառական կենտրոններով, կեղտոտ զվարճատեղիներով, կավատների և միասեռականների բարերով: Այն ժամանակ լրագրությանն ու ընդհատակյա կյանքի, կամ գոնե, վատ համբավ ունեցող բոհեմի սահմանները մի փոքր լղոզված էին: Աշխատանքը վերջացնելուց հետո, պարտադիր ծես էր գործընկերներիս հետ ցրվելը` որևէ մռայլ բառում թաքնվելով , որտեղ հիմնականում սպասարկում էին չինացի մատուցողները, իսկ հատակը լի էր թեփով, որով հետո ծածկում էին հարբածների փսխուկը: Այնուհետև գնում էինք հասարակաց տները, որտեղ ոստիկանության լրագրողներին պատճաշ ու առանձնահատուկ վերաբերմունք էին ցուցաբերում՝ վախենալով հետագա անախորժություններից:

Համալսարանում սովորելու վերջին տարիներին աշխատում էի Panamericana ռադիոյում՝ տեղեկատվական անցաթղթերի բաժնում: Այնտեղ էլ առիթ ունեցա ներսից տեսնելու ռադիոթատրոնի հետաքրքրական աշխարհը՝ զգացմունքային և դաժան, հրաշալի պատահականությունների և անսահման աճպարարությունների, 19-րդ դարի մելոդրամանների ժամանակակից տարբերակներ, սակայն նախատեսված մեկ այլ լսարանի համար. ասենք քայլելով Լիմայի որևէ փողոցով, կարել էր լսել Ֆելիքս Բ. Կայնետի «Ծնվելու իրավունք»-ից մի որևէ դրվագ, քանի որ Լիմայի բոլոր ընտանիքներում այն լսում էին:

Այդ թեժ կրքերի և դիտարժան պատկերների աշխարհը ինձ ոգեշնչեց մեկ ուրիշ վեպի գաղափար՝ «Մորաքույր Խուլիան ու գրչակը»: Արտաքուստ, մի վեպ է, որ պատմում է ռադիոթատրոնի և մելոդրամայի մասին, բայց խորքում պատմություն է մի բանի մասին, որը մշտապես հմայել է ինձ, որին նվիրում եմ իմ կյանքի մեծագույն մասը և մի բան, որ երբեք էլ չեմ կարողացել հասկանալ. ինչո՞ւ եմ գրում, ի՞նչ է գրելը:

Մանկուց գայթակղված էի ինձ հետ կատարվող բոլոր իրադարձությունները պատմությունների վերածելու անասելի ցանկությամբ, այն աստիճան, որ երբեմն տպավորություն եմ ունենում, թե այն ամենը ինչ ինձ հետ պատահում է կամ ինքս եմ անում`իմ ողջ կյանքը, ոչ այլ ինչ է, քան պատրվակ`պատմություններ գրելու: Վերջին հաշվով ի՞նչ կա իրականության այդ անդադար ձևախեղումների ետևում. ժամանակի ավերիչ մոռացումից փրկելու ինչ-որ մեկի նվիրական փորձառությո՞ւնը, ցավոտ ու սարսափելի իրադարձությունները մեջիցդ դուրս մղելու ցանկությո՞ւն, ինչպես դիվահարին են ազատում չարից, թե՞պարզապես մի խաղ` բառերի ու պատրանքների մի անհեթեթ արբեցում: Ինչքան շատ եմ գրում, այնքան ավելի դժվար է թվում պատասխան գտնելը:

Ավարտեցի համալսարանը 1957 -ին: Հաջորդ տարի ներկայացրի ատենախոսությունս և կրթաթոշակ շահեցի` դոկտորական աստիճան Մադրիդում պաշտպանելու: Գնալ Եվրոպա, ինչ որ կերպ հասնել Փարիզ, երազանք էր, որ փայփայում էի Ալեքսանդր Դյումա, Ժյուլ Վեռն և Վիկտոր Հյուգո կարդալուց ի վեր: Ուրախ էի, որ ճամպրուկներս դասավորելու առիթ է ստեղծվել, երբ պատահականորեն ինձ հնարավորություն ընձեռնվեց ճամփորդել Ամազոնիա: Մեքսիկացի մի մարդաբան` Խուան Կոմասը, պետք է շրջագայեր Ալտո Մարանյոնում, որտեղ գտնվում են ագուարունաս և հուամբիսաս ցեղերը, արշավախմբում մի ազատ տեղ կար, որն էլ ընկենրներիցս մեկի միջնորդությամբ ես զբաղեցրի: Ալտո Մարանյոնում անցկացրած այդ շաբաթները, այցելությունները ցեղախմբերի գյուղեր և հյուղակներ, անմոռանալի մի փորձառություն էր, որը բացահայտեց երկիրս մեկ այլ հարթությունում: (Ակնհայտորեն Պերուն հազար դեմքերի երկիր է):

Լիմայից անցնել Չիկաիս կամ Ուրակուսա նշանակում էր 20-րդ դարից թռիչք կատարել դեպի քարի դար, շփման մեջ մտնել հայրենակիցների հետ, ովքեր կիսամերկ են ապրում, ծայրահեղ նախնականության պայմաններում և, ի հավելյալ ամենի` շահագործվում անգութ եղանակով: Նրանց հարստահարիչներն էլ իրենց հերթին աղքատ առևտրականն էին՝ ոտաբոբիկ և կիսագրագետ, որ կաուչուկի և կաշիների առևտուր էին անում`հումքը ծիծաղելի էժան գնելով ցեղախմբերից և վայրագորեն պատժում հնդկացիների ազատագրական յուրաքանչյուր փորձ: Երբ Ուրակուսայի բնակավայրը հասանք, կասիկը՝ հնդկացիական ցեղերի առաջնորդ, որին ագուարցիները Խում էին անվանում, դուրս եկավ մեզ ողջունելու. սարսափելի էր նրան տեսնել ու լսել նրա պատմությունը. ոչ վաղ անցյալում այդ մարդուն կտտանքների էին ենթարկել կոոպերացիա ստեղծելու համար: Ալտո Մարանյոնի կորած գյուղերում տեսա և շոշափեցի դաժանության այն չափը, որ կարող էր ստեղծել գոյատևման պայքարն իմ երկրում: Բայց Ամազոնիան միայն տառապանք, չարաշահում ու տարբեր ապրելակերպի ու պատմական ժամանակաշրջաններին պատկանող պերուացիների անհավասար և դաժան համակեցություն չէր: Այն նաև աներևակայելի առատության, զարմանահրաշ ուժերի աշխարհ էր, ուր քաղաքից եկած մեկը հայտանբերում է վայրի բնությունը` անձեռակերտ ու վայրի. մի շքեղ ներկայացում՝ լի հորդառատ գետերով և կուսական անտառներով, կենդանիներով, որ կարծես առասպելներից են դուրս եկել, տղամարդկանցով ու կանանցով, որ ապրում էին վտանգավոր ու ամենաազատ կյանքով.նման այն արկածային վեպերի հերոսներին, որոնք իմ մանկության տարիների ուրախությունն էին: Կարծում եմ՝ երբեք ավելի բեղուն ճամփորդություն չեմ ունեցել, քան այդ մեկը` 1950-ականների կեսերին: Շատ բաներ, որ այնտեղ արել եմ, տեսել ու լսել, հետագայում խմորվելով` պատմություններ դարձան:

Այս ճամփորդության ընթացքում առաջին անգամ կանխազգացի այն, ինչ Իսաիա Բեռլինը անվանել է «հակասական ճշարտություններ»: Հենց Սանտա Մարիա դե Նիեվա կոչվող փոքրիկ բնակավայրում էր, որ քառասունական թվականներին քարոզչական մի առաքելություն էր հաստատվել. միանձնուհիները բացել էին դպրոց` ցեղախմբերի աղջիկների համար: Բայց քանի որ վերջիններս իրենց կամքով չէին հաճախում, նրանց բերում էին քաղաքացիական գվարդիայի հսկիչների միջոցով: Աղջիկներից ոմանք, քարոզչական առաքելության ընթացքում կորցնելով իրենց կապը ընտանեկան միջավայրի հետ, այլևս չէին կարողանում վերադառնալ այն կյանքին, որից ազատվել էին: Իսկ ի՞նչ էր պատահում նրանց հետ հետո. հանձնվելով Սանտա Մարիա Նիեվայով անցնող «քաղաքակրթության» ներկայացուցիչներին՝ ճարտարագետներ, զինվորականներ, վաճառականներ վստահությանը` սպասավորի աշխատանք էին կատարում նրանց տներում: Ամենաողբերգականն այն էր, որ միսիոներներ-միանձնուհիները ոչ միայն չէի գիտակցում հետևանքների ամբողջ ծանրությունը, նաև առաքելությունն իրականացնելու համար իսկական հերոսություն էին ցուցաբերում. դժվարին պայմաններում էին ապրում, իսկ գետի վարարման ամիսներին փաստացի մեկուսացման էին ենթարկվում: Այն, որ աշխարհի լավագույն մտադրություններով և անսահաման զոհաբերությամբ կարելի է վնաս հասցնել, ինձ համար մի դաս դարձավ, որ երբեք չեմ մոռանում: Հենց դա ինձ սովորեցրեց, թե ինչքան երերուն է բարին ու չարը բաժանող սահմանագիծը, և թե ինչ մեծ ողջամտություն է անհրաժեշտ ունենալ մարդկային արարքները դատելու, հասարակական խնդիրներին ճիշտ լուծումներ տալու համար, եթե իհարկե չեք ցանկանում, որ դեղամիջոցները ավելի վտանգավոր լինեն, քան հիվանդությունը:

Մեկնեցի Եվրոպա և մի տևական ժամանակ`մինչ 1974-ը, այլևս չվերադարձա իմ երկրում ապրելու: Երբ մեկնեցի, քսաներկու տարեկան էի, երբ վերադարձա`երեսունութ, շատ ջրեր էին հոսել այդ ընթացքում և շատ հարցերում ինքս էլ բոլորովին ուրիշ մարդ էի դարձել: Իսկ ինչ վերաբերվում է երկրիս հանդեպ իմ վերաբերմունքին, ապա այն նույն է մնացել պատանեկության տարիներից ի վեր. մի կապ, որ ավելի շատ կարելի է բնութագրվել մետաֆորների, քան հասկացությունների միջոցով: Պերուն ինձ համար անբուժելի հիվանդության պես մի բան է, և իմ հարաբերությունը նրա հետ ուժեղ, լարված ու կրքին բնորոշ դաժանությամբ են արտահայտվում: Վիպասան Խուան Կարլոս Օնետտին մի անգամ ասաց, որ որպես գրող իմ ու նրա միջև տարբերությունն այն է, որ ես գրականության հետ ամուսնական կապի մեջ եմ, իսկ ինքը` ամուսնական անհավատարիմ հարաբերությունների: Իմ տպավորությամբ` Պերուի հետ իմ կապը ավելի արտամուսնական է, քան ամուսնական, այսինքն՝ ներծծված կասկածով, անվստահությամբ, տենչանքով և մոլեգնությամբ: Գիտակցաբար պայքարում եմ «ազգայնականության» բոլոր դրսևորումների դեմ. կարծում եմ մարդկային ամենամեծ արատն է, որը որպես ալիբի ծառայում է ամենաահավոր մաքսանենգությունների համար: Բայց փաստ էր, որ իմ երկրում կատարվող իրադարձությունները ինձ զայրացնում կամ զբաղեցնում են ավելի շատ, քան այլ դեպքերում, և այն, ինչ պատահում կամ չի պատահում այնտեղ` անխուսափելի և ներանձնային կերպով առանչվում են ինձ հետ: Հնարավոր է հանրագումարի բերելիս ստացվի, որ գրելու ժամանակ, ավելի շատ վեր եմ հանել Պերուի թերությունները, նաև`խստագույնս քննադատել եմ այն ամենի ինչ ինձ վշտացրել է (երբեմն մինչև անգամ անարդարության հասնող): Բայց կարծում եմ, որ բոլոր այդ քննադատությունների ետևում, մեր միջև գոյություն ունի մի խորին համերաշխություն:

Չնայած եղել են դեպքեր, որ ատել եմ Պերուն, սակայն այդ ատելությունը, Սեսար Վալյեխոյի բանաստեղծության խոսքերով ասած` միշտ պատված է եղել անսահման քնքշանքով:

Լիմա. Օգոստոս, 1983

© Թարգմանությունը ` Մերի Զոհրաբյանի

Խմբագիր՝ Հասմիկ Հակոբյան

Leave a comment

Filed under XXXXX

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s