Category Archives: ՕԿՏԱՎԻՈ ՊԱՍ

ՕԿՏԱՎԻՈ ՊԱՍԻ ԵՎ ԻՈՍԻՖ ԲՐՈԴՍԿՈՒ ԶՐՈՒՅՑԸ

 * հատվածներ

Օ. Պաս – Եթե խոսենք պոեզիայի մասին, ապա պոեզիան գործ ունի բարոյականության հետ:

Ի. Բրոդսկի – Այո, եւ միայն դրա հետ:

32

Ի. Բրոդսկի

Օ. Պաս – Հասարակական բարոյականության: Քաղաքական: Փաունդը ընկերություն էր անում Մուսոլինիի հետ եւ երբեմն հիմար բանաստեղծություններ էր գրում, ճիշտ չԷ՞: Սակայն եթե վերցնենք Ներուդային եւ Արագոնին, ապա նրանց վիճակն ավելի վատ էր: Փաունդը շիտակություն ուներ, նա գիտեր, թե երբ է պետք կանգ առնել: Իսկ Ներուդան եւ Արագոնը հավատում էին դիալեկտիկային, նրանք թաքցնում էին իրենց այն բանաստեղծությունները, որոնք նման էին Փաունդի գրածներին: Եվ այդ բանաստեղծությունները շատ վատն էին:

Ի Բրոդսկի – Եկեք հիշենք մեկ այլ մարդու: Ասենք, Մարցիալուսին: Հիշո՞ւմ եք, հռոմեացի բանաստեղծ:

Օ. Պաս – Մի՞թե նա բանաստեղծ է: Պոեզիայի մասին մեր պատկերացումները փոխվել են:

Ի. Բրոդսկի – Օկտավիո, ըստ իս, նա հիանալի բանաստեղծ է: Շատ լավ:

Օ. Պաս – Հիանալի հռետոր է: Հիանալի երգիծաբան:

Ի. Բրոդսկի – Հիանալի էպիգրամների հեղինակ: Եվ նրա էպիգրամներում քիչ չէ լավ պեզիան: Կարող եմ մեջբերել: Բայց համաձայնվենք, որ նա, այսպես թե այնպես, վատ բանաստեղծ չէ: Եվ այդուհանդերձ, նա բոլոր կայսրերի եւ պալատականների հետ լեզու էր գտնում: Աներեւակայելի պնակալեզ ու ստորաքարշ մեկըգ Եվ, ընդ որում, մնում էր բանաստեղծ: Անշուշտ, քրիստոնեական եւ, այսպես ասած, հեթանոսական ժամանակների միջեւ տարբերություն կա: Մենք բարոյականություն ասելիս ինչ-որ այլ բան ենք ենթադրում, այն մեզանում փոխվել է: Կարծում եմ, Հռոմում մոտեցումն այդ բաներին այդքան խիստ չէր:

Օ. Պաս – Քաղաքականությունն էր այլ:

Ի. Բրոդսկի – Այլ էր:

Օ. Պաս – Կներեք, համաձայն չեմ: Տեսեք` նախեւառաջ, նրանք ունեին քաղաքական պոեզիա: Այսինքն` Մարցիալուսը գրում էր վիթխարի կաշառակերության շրջանում: Եվ բացի այդ, ցինիզմն այն ժամանակ պատասխան էր կաշառակեր եւ ալասերված հասարակությանը: Բյուրոկրատական հասարակության մեջ ցինիզմը պատասխաններից մեկն էր: Պատասխանները շատ են, եւ դրանցից մեկը` ցինիզմն է: Երբ, օրինակ, Բոդլերն ասում է, որ պոեզիան անբարոյական է, նա նկատի ունի, որ պոեզիան ունի այլ բարոյականություն` առավել բարձր, քան քաղքենիների, բուրժուազիայի եւ, այսպես կոչված, 19-րդ դարի քրիստոնեական բարոյականությունն է, հասկանո՞ւմ եք:

Ի. Բրոդսկի – Դե, ենթադրենք: Եվ այդուհանդերձ՝ ես կասեի (եւ ոչ միայն այն պատճառով, որ մեր դարն ինձ այսքան փչացրել է)` բանաստեղծի մասին կարծիք հայտնելու լավագույն միջոցը, նրա մասին, ում մենք, այսպես ասած, սրիկա ենք համարում` նրա ստեղծագործությունները տպագրելն է: Բոլոր բանաստեղծությունները, իսկ եթե նա ելույթներ է ունեցել, ապա նաեւ դրանք:

Օ. Պաս – Այո: Շատ լավ միտք է: Այդժամ հասարակությունն ինքը կարող է դատել:

Ի. Բրոդսկի – Հասարակությունը: Եվ ոչ թե ընտրանին:

Օ. Պաս – Հասարակությունը տարված է ուրիշի անձնական կյանքով, սեքսուալ կյանքով, բանաստեղծի նամակներով: Մի՞թե դա տխուր չէ:

Ի. Բրոդսկի – Դե, եկեք բավարարվենք այն բանով, ինչ թղթին է հանձնվել` սթափ ստեղծագործության, սթափ մտքի պտուղներով: Իսկ ինչ վերաբերում է այն բանին, թե այս երկրում, ինչպես դուք եք համարում, հասարակություն չկա, ապա դա այդպես չէ: Կա: Շատ քչաքանակ, բայց կա: Հնարավոր է, ողջ բնակչության հինգ տոկոսը:

Օ. Պաս – Բայց դա էլ բավ է:

Ի. Բրոդսկի – Այո:

Օ. Պաս – Գիտեք, Խուան Ռամոն Խիմենեսը, իսպանացի բանաստեղծը, մի հիասքանչ ընծայագիր է թողել: Երբ նա նոր էր սկսել գրել, նա, ընդհանուր առմամբ, սիմվոլիստ էր եւ շատ հիմար ընծայագիր էր հորինել` «Փոքրամասնությանը»: Անհեթեթ է եւ չափազանց վատ: Բայց հետո նա փոխվեց, քանի որ հասկացավ, թե ինչ է պոեզիան, եւ գրեց` «Ահագին փոքրամասնությանը»: Այ դա շատ լավ է: Ոչ թե ընտրանուն, այլ մարդկանց այն հատվածին, որոնք սովորել են ընթերցել եւ պոեզիա սիրում են: Եվ նրանք չեն պատկանում գիտնականներին, համալսարանական շրջանակներին: Դրանք պարզապես մարդիկ են` երջանիկ մարդիկ, եւ այդ բանաստեղծությունները եւ ցածր դասերի, եւ թե ողջ հասարակության ու բոլոր մարդկանց համար են:

Ի. Բրոդսկի – Լավ, բայց ես ուզում եմ ասել, որ լսարանը, որ սահմանափակ է այստեղ, Միացյալ Նահանգներում, գոյություն ունի հիմնականում քոլեջներում, համալսարաններում:

Օ. Պաս – Դե լավ` համալսարաններում շատ երիտասարդներ կան: Պոեզիան ողջ է երկու դեպքում` այնտեղ, ուր երիտասարդներն են, նրանց կրքերի շնորհիվ, եւ այնտեղ, ուր ծերերն են, նրանց հայել կարողանալու եւ հիշողությամբ ապրելու շնորհիվ: Իսկ պոեզիան ուղղված է այդ երկու բաներին` հայեցողական մտքին եւ սրտին, կրքերին: Եվ մի բան էլ` բանաստեղծություն կարդալու համար, հարկ է շատ ազատ ժամանակ ունենալ:

Ի. Բրոդսկի – Մեր հասարակության մեջ անհամար անբաններ կան:

octaviopaz

Օ. Պաս

Օ. Պաս – Այո, ջահելները ձեզ մոտ շատ են: Նրանք չգիտեն, թե ինչով զբաղվեն: Եվ բանաստեղծություններ են կարդում:

Ի. Բրոդսկի – Բացի դրանից, համալսարանը միջնադարյան կամ վերածննդի շրջանի արքունիքի դեր է կատարում:

Օ. Պաս – Ժամանակակից համալսարանը թե արքունիք է եւ թե տաճար:

Ի. Բրոդսկի – Վերադառնանք բանաստեղծին եւ հասարակությանը: Հիմնական սխալը, որ կարող է թույլ տալ բանաստեղծը, դա համարելն է, թե պետք է ջանալ խոսել ժողովրդի հետ: Իսկ իրականում նա պիտի խոսի ժողովրդի անունից:

Օ. Պաս – Իմ կարծիքով, բանաստեղծը պետք է խոսի իր համար, իսկ խոսելով իր անունից, նա խոսում է այլոց համար: Բայց երբ նա փորձում է բեմասացի դեր խաղալ, նա կորած է: Եվ ես կարծում եմ, որ մեր ժամանակի վատ պոեզիայի մեծ մասը հենց այդպիսի ինքնակոչության հետեւանք է: Մեր ժամանակի ողջ հասարակական պոեզիան` վատն է: Երբ Ուիթմենը խոսում էր իր մասին, դա պարզապես մենավոր մի մարդու ձայն էր:

Ի. Բրոդսկի – Պատահե՞լ է, որ դու լավ բանաստեղծություն կարդաս Վիետնամի պատերազմի մասին:

Օ. Պաս – Ոչ:

Ի. Բրոդսկի – Այդպիսի բան չեմ հիշում: Չգիտեմ:

Օ. Պաս – Ի դեպ, շատ հաջող է արտահայտվել Ժիդը: Նա ասել է` վատ արվեստը ստեղծվում է բարի մտադրություններով:

Ի. Բրոդսկի – Դա դժոխք տանող ճանապարհ է:

Օ. Պաս – Ես այսպես կասեի` մենք պարտավոր ենք Վիետնամի պատերազմի դեմ լինել: Մենք պարտավոր ենք գրելու դրա դեմ: Բայց դա միանգամայն այլ հարց է: Անկարելի է լավ բանաստեղծություն գրել պատերազմի մասին, եթե չի մասնակցել դրան: Պատերազմի մասին լավ բանաստեղծություններ կգրեն այն մարդիկ, ովքեր իրոք եղել են Վիետնամում, եւ ոչ հանդիսատեսի դերում: Ներուդան մի քանի լավ բանաստեղծություն է գրել Իսպանիայի քաղաքացիական պատերազմի մասին: Նա այն ժամանակ դեռ չէր փչացել: Եվ, իհարկե, Վալյեխոն:

Ի. Բրոդսկի – Ես կասեի, պոեզիայում քաղաքականության եւ պատերազմի հետ կապված նույն խնդիրն է, ինչ որ` սիրո: Լավ սիրային բանաստեղծությունները ստացվում են միայն post coitus (հարաբերվելուց հետո):

Օ. Պաս – Կամ մինչ այդ:

Ի. Բրոդսկի – Կամ էլ մինչ կամ հետո, բայց ոչ դրա ժամանակ:

Օ. Պաս – Մի բան էլ` քաղաքական պոեզիան, որպեսզի լավը լինի, չպետք է գաղափարախոսական լինի: Վիետնամական պատերազմի մասին բանաստեղծությունները գաղափարականացված էին: Ողջ քաղաքացիական պատերազմն Իսպանիայում ծնեց որոշ լավ բանաստեղծություններ, որովհետեւ մարդիկ դրանով էին ապրում:

Ի. Բրոդսկի – Գիտեք, լավագույն քաղաքական բանաստեղծը Կավաֆիսն էրգ Մարդկային բանականությունն աշխատում է մի քանի մակարդակների վրա: Այն կարող է աշխատել հաց ու կարագի մակարդակի վրա, կարող է աշխատել փիլոսոփայության, կրոնի, հոգեբանության եւ անդրանցականի մակարդակի վրա: Եվ ցանկացած բանաստեղծություն տեսականորեն պիտի արտացոլի ողջ սանդղաշարը, յուրաքանչյուր օղակը, ամեն մի աստիճանը պետք է ցուցադրի, որ հնարավոր է վար տանող աստիճան եւ` հակառակը: Իսկ ինչ վերաբերում է ամերիկյան քաղաքական պոեզիային` վիետնամական պատերազմի մասին, ապա այն չհաջողվեց: Ինչ-որ չափազանց արագ այն հետեւեց պատերազմին:

Օ. Պաս – Եվ չափազանց լրագրողական տիպի է: Գիտեք, բանաստեղծը չի կարող ասել` սա լավ է, իսկ սա վատ: Դա մանիկեյականություն կլիներ: Բանաստեղծը, մեծ բանաստեղծը, միշտ Մյուս կողմում է:

Ի. Բրոդսկի – Եվ դա չափազանց կարեւոր է: Պոեզիան, ճշտենք, հակամանիկեյական երեւույթ է:

 ***

Օ. Պաս – Գիտեք, ամենազարմանալին Դանտեի մեջ այն է, որ, երբ կարդում ես «Դժոխքը», այնտեղ շատերին կարեկցում ես: Ինչպես կարեկցում էր եւ ինքը` Դանտեն:

Ի. Բրոդսկի – Իսկ ինձ համար լավագույնը «Աստվածային կատակերգության» մեջ` «Քավարանն է»: Հիշո՞ւմ եք հիասքանչ դրվագը հռոմեացի բանաստեղծ Ստատիուսի հետ: Ավելի հուզիչ բան չեմ կարդացել: Վերգիլիոսն ու Դանտեն մոտենում են նրան: Եվ ասում են` «Ո՞վ ես դու»: Եվ նա պատասխանում է` «Ես Ստատիուսն եմ, հռոմեացի բանաստեղծը: Ինձ բախտ է վիճակվել ապրել Հռոմում Վերգիլիոսի հետ նույն ժամանակաշրջանում»: Դանտեն ակամա ժպտում է: Իսկ Ստատիուսն ասում է` «Դու ինչո՞ւ ես ծիծաղում ինձ վրա»: Վերգիլիոսը Դանտեին նշան է անում, որպեսզի նա իր մասին ոչինչ չխոսի: Բայց Դանտեն այդուհանդերձ ասում է նրա անունը: Եվ Ստատիուսը ծնկի է գալիս եւ սկսում է համբուրել Վերգիլիոսի սանդալները: «Ի՞նչ ես անում, – հարցնում է Վերգիլիոսը: -Չէ որ մենք երկուսս էլ ստվերներ ենք»: Եվ Ստատիուսը պատասխանում է` «Դե պատկերացրու, թե ինչքան են քեզ սիրել ողջերի աշխարհում, եթե այստեղ, մեռյալների աշխարհում ես քո ստվերը կենդանի մարմնի տեղ դրեցի»:

Օ. Պաս – Դե, ուրեմն Փաունդն ու Էլիոթն այդ իմաստով ճիշտ են: Դանտեն` մեծ օրինակ է:

Ի. Բրոդսկի – Ինձ դուր են գալիս Օվիդիոսն ու Դանտեն, դե, մի քանի ուրիշները եւս: Բայց հներից ես կընտրեի նրանց:

Օ. Պաս – Դուք սիրո՞ւմ եք Օվիդիոսին: «Մետամորֆոզնե՞րը»:

Ի. Բրոդսկի – «Մետամորֆոզները» եւ «Ֆասթերը»:

Օ. Պաս – Ուրեմն, ձեզ դուր չե՞ն գալիս հույն բանաստեղծները:

Ի. Բրոդսկի – Դե, ոմանք դուր են գալիս, բայց ոչ այդքան շատ:

Օ. Պաս – Հունական ծաղկաքաղը հրաշալի է: Սապֆոն ինձ համար առեղծված է: Թեպետ ես գերադասում եմ Պրոպերցիուսին եւ Կատուլոսին: Եվ մի բանաստեղծի եւս, ում մասին ոչ ոք չի հիշատակում, բայց նա զարմանահրաշ է: Համաժողովրդական բանաստեղծ` Լուկանոսը: Մեզ մոտ նա կա 17-դարի հիանալի թարգմանության շնորհիվ:

Ի, Բրոդսկի – Համաձայն եմ: Ամեն ինչ ճիշտ է: Հարյուր տոկոսով ընդունում եմ: Եվ այդուհանդերձ՝ չգիտեմ: Օվիդիոսն այնպիսի թափ ու որակ ունի, նրա, ինչպես ասում են, չափն ավելի մեծ է, քան որեւէ մեկինը: Ճիշտ է, ես նրան միայն ռուսերեն եմ կարդացել: Նա ձեզ հիանալիորեն շատ պարզ գաղափարներ է տալիս: Ահա օրինակ, թեեւ դա գլխավորը չէ, թե ինչու եմ ես նրան սիրում: Այն, ինչ մենք սյուրռեալիզմ ենք կոչում` մեր ձեռքբերումը չէ: Սյուրռեալիստներն անտիկ շրջանում նախորդներ են ունեցել: Ես կառաջարկեի հունական դիցաբանությունը կոչել՝ սյուրռեալիզմի անտիկ ձեւը:

Օ. Պաս – Իրո՞ք: Դուք այդպե՞ս եք կարծում:

Ի. Բրոդսկի – Այո, կարծում եմ: Անշուշտ:

Օ. Պաս – Իսկ ինձ համար սյուրռեալիզմը միանգամայն հակադիր բան է նշանակում: Այն իմաստով, որ սյուրռեալիզմը արեւմտյան քաղաքակրթության համար այլ տիպի զգացմունքներ բացահայտեց` ոչ անտիկ: Ռոմանտիզմը դուռ բացեց ոչ-արեւմտյան զգացողությունների եւ սովորույթների առաջ, իսկ ավելի ուշ սյուրռեալիզմը դա եւս մեկ անգամ արեց…

Ի. Բրոդսկի – Ոչ, չեմ կարծում, որ դա Արեւմուտքի եւ Արեւելքի փոխհարաբերությունների հարցն է…

Օ. Պաս – Դա այն պատճառով է, որ դուք ռուս եք, իսկ ես` մեքսիկացի: Ըստ էության, մենք երկու տարբեր հուներում ենք: Մենք Արեւմուտքի ծնունդ չենք:

Ի. Բրոդսկի – Օ այո: Այո:

Օ. Պաս – Դուք բարբարոս եք Հյուսիսից…

Ի. Բրոդսկի – Կներեք, ես արդեն դրանից հրաժարվել եմ:

Օ. Պաս – …Եվ դա դրսեւորվում է ձեր հիանալի պոեզիայում: Եվ այդուհանդերձ՝ մեզ մտերմացնում են երկու պատճառներ: Ամենից առաջ, մենք «մեքսիկացիներ ենք»` Իսպանիայի զավակները: Իսկ իսպանացիները, ինչ-որ առումով, ռուսներին նման են: Եվ երկրորդը` մենք գոյություն ենք ունեցել Կոլումբոսից առաջ: Մենք հնդկացիներ ենք:

Ի. Բրոդսկի – Եվ Արեւմուտքը ձեզ նստեցրեց այս բազկաթոռի վրա:

Օ. Պաս – Այո: Եվ այդ պատճառով ես, մարդկային զոհաբերություններ անելու փոխարեն, նստած եմ այստեղ:

© Թարգմանությունը ռուսերենից `  Վարդան Ֆերեշեթյանի

Աղբյուր՝ http://archive.168.am/am/articles/25687

Leave a comment

09/04/2014 · 4:07 PM

ՀԵԳՆԱՆՔ ԵՎ ԿԱՐԵԿՑԱՆՔ

Կյանքն արժեզրկել է գաղափարախոսությունը:Մենք պատկանում ենք այն սերնդին, որ կորցրել է պատրանքները, և մեզ հաճախ պակասում են երևակայությունն ու կարեկցանքը:

Հեգնանքը քննադատական մոտեցման անբաժանելի տարրն է: «Հեգնանք» բառը ես գործածում եմ այն իմաստով, որ նրանում ներդրել է ֆրանսիացի գեղանկարիչ Մարսել Դյուշանը` ինքդ քեզ կողքից նայելու և քեզ վրա ծիծաղելու ունակություն: Հեգնանքը անհատի սուբյեկտիվ հակազդումն է անիմաստ կամ հանցավոր օբյեկտիվ իրականությանը: Հեգնական մարդը ծիծաղում է իր և մյուսների վրա:
Ընդհանուր հեգնանքը ելք է սեփական «ես»-ի հետ երկխոսության շրջանակից և ծանակում սեփական «ես»-ի, որը ծիծաղում է շրջապատող իրականության վրա: Հեգնանքը կարող է դաժան լինել, իսկ ընդհանուր հեգնանքը տարրալուծում է այդ դաժանությունը:
Եթե այս հասկացությունները կիրառենք բարոյականության ու քաղաքականության ոլորտի առնչությամբ, ապա, ինձ թվում է, քաղաքագետին անհրաժեշտ է հեգնանքի որոշակի պաշարով նայել ինքն իրեն ու մյուսներին, և չլինել չափազանց ինքնավստահ, քանզի նրա մեթոդներն ու լուծումները ամենևին էլ իդեալական չեն և անսխալ լինելու երաշխիքներ չունեն. չէ՞ որ բնության մեջ բացարձակ ճշմարտություններ չկան: Իսկ ընդհանուր հեգնանքն օգնում է նրան` պահպանել կարեկցանքի ու գթասրտության զգացումը…
Մի ժամանակ իմաստուն աստվածները հպարտությունը համարում էին սատանայական մեղք: Մարդկանց մոտ այն առաջանում է բացարձակ ճշմարտության իմացությանը տիրապետելու հավակնությունից: Գիտության և փիլիսոփայության դիմակի տակ այդ արատը թունավորել է մեր հարյուրամյակը: Միակ դեղամիջոցը բարոյական այդ թույնի դեմ քննադատական վերլուծությունն է:
Երբ մարդիկ գիտակցում են, որ իրենք ամենևին էլ բացարձակ ճշմարտության կրողները չեն, որ բոլոր ճշմարտությունները` հատկապես քաղաքական, հարաբերական են, այդժամ նրանց սրտերում տեղ է գտնվում հեգնանքի ու կարեկցանքի համար` իրենց և ուրիշների հանդեպ: Մարդկանց վերադարձնել կարեկցանքի զգացումը` ահա, թե ինչ է հիմա մեզ անհրաժեշտ: Բուդդիզմի մեջ հատկապես գրավում է այն, որ բուդդայական իմաստունները միշտ ժպտում են: Նրանց ժպիտում հեգնանք ու կարեկցանք կա: Քաղաքագետները նրանցից սովորելու բան ունեն:

© Թարգմանությունը `  Խ. Գասպարյանի

Աղբյուր՝ http://hovikcharkhchyan.wordpress.com/tag/%D6%85%D5%AF%D5%BF%D5%A1%D5%BE%D5%AB%D5%B8-%D5%BA%D5%A1%D5%BD/

 

Leave a comment

16/06/2013 · 3:02 PM

ԱՄԵՐԻԿԱՆ՝ ՄԵՌՅԱԼՆԵՐԸ

75015747_8_113Մարդիկ մահանում են, բայց ոչ Ամերիկայում: Մեռյալները նրանք են, ում թաղումից մի տարի հետո շիրիմից հանում են, ոսկորները լվանում են, գանգերը գունազարդում, իսկ ակնախոռոչների մեջ թանկարժեք քարեր են տեղադրում, իսկ գանգերը հետո ողջ բակով մեկ ցցերի վրա են հանում: Մեռյալները` նրանք են, ում թաղում են նեֆրիտե հանգստարաններում, որ նրանք հավերժորեն ապրեն իրենց զարդարանքների, զենքի, կահկարասու եւ ուտելիքի մեջ, այն ամենի մեջ, ինչը որ նրանց պետք կգա հաջորդ կյանքում: Մեռյալներին թաղում են գահի վրա բազմած դեմքը դեպ արեւելք դարձրած: Մեռյալների տապանաքարերի վրա քանդակված է աքաղաղ, որ ծուղրուղու է կանչում հոգու արթնացման համար: Մեռյալները նրանք են, որոնց համար վառում են անուշահոտություններ, մոմեր, թղթադրամներ, թղթե ավտոմոբիլներ, թղթե տներ՝ թղթե աման լվալու հարմարանքներով եւ թղթե տեսամագնիտոֆոններով: Մեռյալները նրանք են, որոնց հուշատախտակներն ու դիմանկարները հյուրասենյակում կամ տաճարում պատվավոր տեղ են գրավում: Մեռյալները գերեզմաններ ունեն, ուր ընտանիքը տարին մեկ անգամ պիկնիկ է կազմակերպում եւ չարություններ է անում: Մեռյալները զբաղեցնում են այն տեղը, ուր ողջերը, լինի դա աղոթքով, տրանսով, մենությամբ կամ թմրադեղերով, կարող են նրանց հետ զրուցել: Մեռյալները` նրանք են, որ տիրանում են ողջերին: Մեռյալները` նրանք են, որ վերադառնում են:

Ամերիկայում մեռյալներ չկան, որովհետեւ հանգուցյալներ չկան: Դիակները` Ամերիկայի անտեսանելի քաղաքացիներն են, գաղտնիք, որի մասին չի պատմվում, պատահաբար նրան հետեւել հաջողվում է շատ ավելի հազվադեպ, քան զուգավորման գործողությանը: Մենք նրանց չենք տեսնում, մենք նրանց չենք դիպչում, մենք նրանց չենք հագցնում, մենք չգիտենք, թե նրանց հետ ինչ անենք, մենք նրանց պահում ենք մեր ննջասենյակներում, մինչեւ որ նրանց թաղեն, մենք չենք նայում, թե ինչպես են նրանց ոտքերը ցցվում սավանի տակից, երբ հուրը սկսում է նրանց խժռել: Ամերիկայում հեռուստատեսությամբ այդքան մարդ է մահանում պարզապես այն պատճառով, որ մեր կյանքում ոչ ոք չի մահանում, ինչ-որ մեկը պարզապես անհետանում է, իսկ հեռուստատեսությունը` մեծ փոխարինողն է այն ամենի, ինչը մենք չենք տեսնում կամ ինչը մենք չունենք:

Ամերիկայում մեռյալներ չկան, որովհետեւ այնտեղ տեղ չկա: Մեռյալները կախված են սերունդներից, որոնք ոչ մի տեղ չեն շարժվում: Մեռյալները ունեն գերեզմաններ, որոնց մասին ընտանիքը գիտի: Ամերիկայում նախնիներին նետում են ետ` ողջ ցեղը, ինչպես ոչ մեկ այլը, հիմնված է երջանկության ետքից վազքի վրա, հիմնված է այնպիսի գալիքի մասին երազանքի վրա, ուր մեռյալները տեղ չունեն: Մեռյալների մեջ երջանկության ետքից չես հասնի: Ինքը՝ երկիրը, կազմավորվեց (իր պատմական դարաշրջանում)՝ որպես փախուստ մեռյալներից: Ի բացառյալ նրանց, որ առաջին տարիներին եկան իրենց կրոնն ու հնությունները պահպանելու համար: Տարագիրներն եկան այստեղ մեռյալների բռնակալությունից ազատվելու համար եւ, ազատության մեջ հայտնված ստրուկների նման, պիտի դեգերեն աշխարհով մեկ եւ դարձյալ հորինեն իրենք իրենց: Սերունդներն առաջ են ընթանում, նոր մարդիկ հավերժորեն «ամեն ինչ նորից են սկսում»՝ այս կյանքում կառչելով «նոր ծննդի» բարոյական իդեալից: Քնի մեջ, ուր պատմություն չկա, եւ մակաբույծների պես նեխում եւ վխտում են պուճուրիկ վախերը: Ստանդարտ ամերիկյան սարսափ ֆիլմերի սյուժե` տուն, դպրոց, առեւտրի կենտրոն, որ կառուցվել է մոռացված գերեզմանատան վրա, եւ անարգվածների վրեժը, այսպիսի պատմություն անհնար է երեւակայել ինչ-որ այլ երկրում: Չինացի մարդաբան Ֆեյ Ցաո-տյանը 1944 թվականին այցելելով Միացյալ Նահանգներ՝ հաղորդում էր, որ «մարդիկ մշտապես տեղաշարժվում են մակընթացության նման, ունակ չլինելով կապ հաստատելու վայրերի հետ, էլ չասած մարդկանց մասինգ Բնական է, որ նրանք հազվադեպ են ուրվականներ տեսնում»:

© Թարգմանությունը `  Վարդան Ֆերեշեթյանի

Աղբյուր՝ http://archive.168.am/am/articles/25459

 

Leave a comment

16/06/2013 · 2:59 PM

ՃԱՆՃԵՐԸ

tumblr_kowu8iSSXq1qz73b7o1_500

Ճանճն ապակու վրա չի կարող հասկանալ, թե ինչպես մյուս կողմից կարող է գոյություն ունենալ մի աշխարհ, որին նա հասու չէ: Ճանճը, ինչպես արդեն հաճախ հաստատվել է, կեղտի կտորի վրա դրախտում է կենում, մեղրի մեջ ընկած ճանճը դատապարտված է: Վիշնուի ճանճասպանը, որ պատրաստված է յակի մորթուց, դհարմա է նշանակում` կան նրանք, կանք մենք, եւ մենք չենք կարող նրանց մի կողմ չքշել: Ճանճերին հայտնի է հաճույքը, որ հասու չէ կաթնասուններին` զուգավորվել օդում: Բեհեղզեբուղը` Ճանճերի Տիրակալ: Ապոլոնիուս Թիանացին Բյուզանդիան ազատեց ճանճերից, պատրաստելով մի բրոնզե ճանճ եւ թաղելով այն սյան տակ: Ճանճը կարող է մտածել ինչ-ր այլ բանի մասին կամ ընդհանրապես չմտածել, նա չի նայում, ուր է թռչում, եւ խրվում է ցանցի մեջ: Յոկո Օնոն լուսանկարել էր մի ճանճի, որ մագլցում էր կրծքի վրայով այնպես, կարծես թե նվաճել էր Էվերեստը: Ռուս աղջնակները նախկինում կաղամբից դագաղիկներ էին կտրում եւ դրանց մեջ թաղում էին ճանճերին: Ճանճը բաց վերքի վրա պարզապես ճանճ է մնում եւ ախորժանք է ապրում այն փաստից, որ մարդը մարդ է մնում: Երբ Չառլզ Ռեզնիկոֆին Հոլիվուդում տեղ հատկացրին, բայց աշխատանք չտվեցին, նա իր սեղանի վրա ճանճերի լռության եւ մենության մասին բանաստեղծություններ էր գրում: «Ճանճը» կինոնկարի առաջին սերիայում երեխան երազում տեսնում է ինքն իրեն` պուճուրիկ մարդկային գլուխը սարդոստայն ընկած ճանճի մարմնի վրա, որ ճղրտում է` «Օգնեցեք»: «Ճանճը» կինոնկարի երկրորդ սերիայում իր մասին երազ է տեսնում մեծահասակը, եւ ճանճն առաջվա պես նրան սիրում է, ինչպիսի հրեշ էլ որ նա լինի:

© Թարգմանությունը ռուսերենից `  Վարդան Ֆերեշեթյանի

Աղբյուր՝ http://archive.168.am/am/articles/25459

Leave a comment

16/06/2013 · 2:57 PM

Հատված 1990 թվականի ՆՈԲԵԼՅԱՆ ԵԼՈՒՅԹԻՑ

 «Ներկա ժամանակի որոնումներում»

octavio_paz_aniv_50_chumacero
Այս թռուցիկ ակնարկը ցույց է տալիս, որ, միանգամայն հավանական է, որ մենք գտնվում ենք մի պատմական շրջանի վերջում եւ նորի սկզբում: Դա վե՞րջն է, թե՞ նոր ժամանակի վերափոխումը: Դժվար է ասել: Համենայնդեպս, ուտոպիաների սնանկացումը մեծ բաց է թողել, եւ ոչ այն երկրներում, ուր այդ գաղափարախոսությունը փորձություններ է ապրել ու խորտակվել, այլ այնտեղ, ուր շատերն էին այն ողջունում` այնքան հույսով ու բերկրանքով: Պատմության մեջ առաջին անգամ մարդիկ հոգեւոր թուխպ ապրեցին, չէ՞ որ նախկինում նրանք ապրում էին ստվերի ներքո կրոնական ու քաղաքական համակարգերի, որ միաժամանակ ճնշում եւ մխիթարում էին: Հասարակություններն ապրում են պատմության մեջ, բայց նրանք բոլորը ղեկավարվում եւ ներշնչվում են մետապատմական գաղափարների ու հավատալիքների միագումարով:
Մեր հասարակությունն առաջինն է, որ պատրաստվում է ապրելու առանց մետապատմական վարդապետության, քանզի մեր կրոնական, փիլիսոփայական, էթիկական եւ գեղագիտական արժեքները կոլեկտիվ չեն, այլ մասնավոր: Դա խիզախ փորձ է: Այժմ մենք չենք կարող ասել, թե ինչի կհանգեցնեն գաղափարների, գործողությունների եւ հավատալիքների սեփակաշնորհման հետ կապված բախումները, եւ արդյո՞ք դա չի հանգեցնի ողջ հասարակական կացութաձեւի խորտակմանը: Մարդկանց կարող է դարձյալ համակել կրոնական մոլագարությունն ու ազգայնական մոլեռանդությունը: Սարսափելի կլիներ, եթե վերացական գաղափարախոսության կուռքի անկումը նշանակեր հանգած ցեղային, աղանդավորական եւ կրոնական կրքերի վերածնունդը:
Դժբախտաբար, կան տագնապալի նախանշաններ:Մայրամուտը գաղափարախոսությունների, որոնք ես մետապատմական կոչեցի, այն գաղափարախոսությունների, որ պատմությանը վերագրում էին որոշակի ուղղություն եւ ավարտ, ենթադրում է լռելյայն հրաժարում գլոբալ լուծումների հավակնություններից: Մենք ավելի ու ավելի ենք հակվում այն բանին (եւ դա ողջախոհությունից զուրկ չէ), որպեսզի սահմանափակ միջոցներով կոնկրետ խնդիրներ լուծենք: Ավելի ողջամիտ կլիներ ապագային ցուցումներ չտալ, թե ինչպիսին նա պետք է լինի: Բայց եւ ներկան` դա ոչ միայն այսրոպեական պահանջների մասին հոգ տանելն է, այն նաեւ մեզնից պահանջում է խստություն եւ լայնախոհություն: Վաղուց ի վեր ես հավատում եմ, եւ հաստատապես հավատում եմ, որ գալիքի մայրամուտը վերադարձնում է ներկայի գալուստը: Սակայն մտածել այսօրը` կնշանակի, ամենից առաջ, դրա հանդեպ քննադատական դիրք գրավել: Օրինակ, մրցակցի բացակայությամբ հաղթանակը` սոսկ հաճույքի աղբյուր չէ:
Շուկան` ազդեցիկ մեխանիզմ է, բայց, ինչպես եւ բոլոր մեխանիզմները, այն խիղճ չունի, եւ գթասրտությունն էլ խորթ է նրան: Հարկ է փնտրել այն հասարակություն ներմուծելու այնպիսի միջոց, որպեսզի այն գործի հասարակական դաշինքի հիմքի վրա եւ չհակասի արդարության եւ հավասարության գաղափարին: Զարգացած դեմոկրատական հասարակությունները նախանձելի ծաղկման հասան, եւ այդ ամենը` առատության կղզիներ են համաշխարհային աղքատության օվկիանոսում: Շուկայի թեման անմիջական կապ ունի միջավայրի հետ: Վարակված են ոչ միայն օդը, գետերն ու անտառները, այլ նաեւ հոգիները: Ավելի շատ արտադրելու մոլագարական կրքով բռնված հասարակությունը ձգտում է գաղափարները, զգացմունքները, արվեստը, ընկերությունը եւ հենց մարդկանց վերածել սպառման օբյեկտների: Ամեն ինչ իր է դառնում, որ գնվում է, օգտագործվում եւ աղբահոր նետվում: Ոչ մի հասարակություն այնքան աղբ չի արտադրում, որքան մերը: Առարկայական եւ հոգեւոր աղբ: Continue reading

Leave a comment

16/06/2013 · 2:53 PM

Էլիոթ Ուայնբերգեր «ՕԿՏԱՎԻՈ ՊԱՍ»

Octavio-Paz

Հավանաբար Մեքսիկան ավելի, քան Չինաստանը, Կենտրոնական Թագավորություն է: Այժմյան քաղաքական պահին նրա կենտրոնությունը տեղադրված է հյուսիս-հարավային առանցքի վրա` հյուսիսի ամերիկացիների համար այն հարաբերականորեն հանգիստ, բավական բարեկամական բուֆերային պետություն է` «մեր» եւ Կենտրոնական Ամերիկայի միանգամայն անհասկանալի շրջապտույտի միջեւ, իսկ մեքսիկացիների համար Մեքսիկան` ազգ է, որ ներքաշվել է հյուսիսային իմպերիալիզմի եւ Հարավի հեղափոխության փակված երախի մեջ: Սակայն պատմականորեն Մեքսիկան միշտ եղել է Կենտրոնական Թագավորություն, գոյություն ունենալով օվկիանոսների միջեւ, Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Մինչեւ Կորտեսի ներխուժումը 1519 թվականին երկիրն ասես անդրօվկիանոսյան մշակութային օղակի` Չինաստան, Ճապոնիա եւ Հնդկաստան, Պոլինեզիա, Մեքսիկա, Պերու եւ Էկվադոր, արեւելյան սահմանն է, որը հազիվ թե երբեւէ մինչեւ վերջ կհասկացվի, բայց որը մշտապես դրսեւորում է իրեն Օվկիանոսից եկող զանազան ստեղծագործություններում: Իհարկե, Կորտեսի շնորհիվ Մեքսիկան դարձավ Իսպանական Կայսրության արեւմտյան ծայրամասը` իր լեզվով, կրոնով եւ կառավարությամբ, որ ամեն ինչում զիջում էին ացտեկ նախորդներին:

«Մեքսիկա» բառի միջուկում գտնվում է պորտը («կսի» նաուատլի լեզվով), եւ ահա Կենտրոնական Թագավորության պորտն էր Տենոչտիտլան քաղաքը, այսօրվա Մեխիկո-Սիթին, որը տառացիորեն կանգնեցվել է ջրի վրա, բայց ծով չի ճանաչում: Դա Կայսրության մայրաքաղաք էր, որ շողարձակում էր իրեն հրաբուխների եւ բուրգերի օղակից` տարածվող, ինքն իրեն կլլող արեւ, իր ողջ արվեստով եւ արյամբ կլանմանն ընծայված` այլ, երկնային արեւ:

Մեքսիկան (քսենոֆոբիայի զգացողությունը երբեք չի լքում եկվորին) մոլորակային մանդալայի կենտրոնն է: Հենց նրա ուրվագծերը, նրա փոխդասավորությունը մինչեւ խորքերը ջանում էր ըմբռնել Օկտավիո Պասը իր ողջ կյանքով եւ ստեղծագործությամբ: Միախառնումների մաեստրոն, նա փոխեց նրա նկարը, համընթաց ստեղծելով սեփական ինքնանկարը: Ծնված լինելով Մեխիկո-Սիթիի արվարձանում 1914 թվականին, Պասը սկսեց իր ուղին կենտրոնից, ընթանալով մեքսիկական մանդալայով երեք ուղղություններով: Արեւելք` որպես մարքսիստ` դեպի Իսպանիայի քաղաքացիական պատերազմը, որպես սյուրռեալիստ` դեպի 40-ականների Փարիզը: Հյուսիս` դեպի Երկրորդ համաշխարհայինի շրջանի Սան Ֆրանցիսկո եւ Նյու Յորք, երբ նա դասավանդում էր այնտեղի համալսարաններում: Արեւմուտք, Չինաստան, Ճապոնիա` 1952-ին, եւ վերջապես Հնդկաստան՝ 1962-ից մինչեւ 1968-ը, ուր նա Մեքսիկայի դեսպանի պաշտոնն էր զբաղեցրել: Continue reading

Leave a comment

16/06/2013 · 2:48 PM

ԷՍՍԵ ‹‹ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ, ԶԱՐԳԱՑՈՒՄԸ, ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ››

Octavio-Paz (1)Արվեստն այսօր մեզ համար արժեքավոր է ամենից առաջ նորությամբ` նոր ձեւերի գյուտով կամ հների անսպասելի համադրությամբ, անծանոթ աշխարհների հայտնագործությամբ կամ լավ հայտնիի անհայտ ոլորտների մշակմամբ: Այսպես թե այնպես, դա պայծառատեսություն է, նորություն: Դոստոեւսկին իջնում է ոգու ընդհատակները, Ուիթմենը անուններ է գտնում ավանդական պոեզիայի կողմից արհամարհված իրականությունների համար, Մալարմեն խոսքը ենթարկում է փորձությունների, որ զանց է առնում Գոնգորայի խստությունը, եւ ստեղծանում է պոեզիան որպես ինքնաքննադատություն, Ջոյսը լեզվից էպոպեա է սարքում, իսկ լեզվաբանական դիպվածից (նրա Թոմ Ֆինեգանը` դա անգլերենի կործանումն ու աշխարհի բոլոր լեզուների հարությունն է)` Ռայմոն Ռուսելը վանկախաղը վերածում է բանաստեղծության: Ռոմանտիկներից հետո ստեղծագործությունը պարտ է լինել միակն ու անկրկնելին: Արվեստի եւ գրականության պատմությունը ծավալվում է միմյանց հերքող դպրոցների շարանով` ռոմանտիզմ, ռեալիզմ, նատուրալիզմ, սիմվոլիզմ: Ավանդույթը` այժմ արդեն ժառանգորդություն չէ, այլ խզում, այնպես որ ես կխիզախեմ ժամանակակից ավանդույթը կոչել խզման ավանդույթ: Որպես օրինակ` վերցվել է ֆրանսիական հեղափոխությունը, պատմությունը բռնի հեղաշրջում է, որը եւ առաջընթաց են կոչում: Համոզված չեմ, որ դա համադրելի է արվեստին: Ենթադրենք, որ ղեկի առաջ ավելի հարմար է, քան թամբի վրա, բայց որտեղի՞ց է հետեւում, թե եգիպտական քանդակները Հենրի Մուրի քանդակներից վատն են, իսկ Կաֆկայի վեպն ավելի բարձր է` քան Սերվանտեսինը: Մեկեն վերապահություն անեմ, ես կողմնակից եմ խզման ավանդույթին եւ չեմ պատրաստվում ժխտել ժամանակակից արվեստը, լոկ ուզում եմ նկատել, որ դրա ըմբռնման եւ գնահատման համար կասկածելի պիտակներից են օգտվում: Որպես այդպիսին, հեղաշրջումն արվեստում ոչ արժեք ունի, ոչ էլ իմաստ, արժեքավոր եւ կարեւոր է հեղաշրջման գաղափարը: Այլ կերպ ասած, ոչ թե հեղաշրջումն ինքնին, այլ արդիականության ստեղծագործ ոգին փոխանցող կամ ներշնչող գաղափարը: Անցյալի արվեստագետները դաստիարակվում էին բնության կամ անտիկ նմուշօրինակների ընդօրինակման վրա (նորից նոր ավելի շուտ գաղափարի, քան հենց ինքնին գործողության), մեզ վերջին երկու դարերում սնում է արդիականությունը` նորի եւ անկրկնելիի ստեղծման գաղափարը: Առանց դրա չէին լինի մեր ժամանակի ամենակատարյալ ու հարատեւ ստեղծագործությունները: Արդիականության տարբերակիչ հատկանիշը` քննադատության առկայությունը` նորը հակադրում է նախկինին, որը եւ հենց ավանդույթի ժառանգորդությունն է: Նախկին ժառանգորդությունը հասկանում էին որպես արքետիպային հատկանիշների պահպանում կամ կրկնություն նոր ստեղծածում, այժմ` որպես ժխտում եւ պայքար: Դասական արվեստի համար նորը` դա նմուշօրինակի այլացումն է, բարոկկոյի արվեստի համար` դրա չափազանցումն է, ժամանակակից արվեստի համար` խզումը դրանից: Բոլոր երեք դեպքերում էլ ավանդույթը պահպանվում է` որպես նորի կապը հնի հետ, այն կարող է լինել հարգալից կամ բանավիճային, բայց ինքը` սերունդների երկխոսությունը, չի լռում:

Ընդօրինակումը հանգեցրեք պարզապես կրկնության` երկխոսությունը կխզվի, ավանդույթը կկարծրանա: Սակայն այն կքարանա ճիշտ նույնպես, բավ է, որ արդիականությունը դադարեցնի ինքնաքննադատությունը, մոռանա խզման մասին եւ վերածվի «ժամանակակիցի» պարզ շարունակության: Եվ հենց դա էլ տեղի է ունենում այսօր, այսպես կոչված, ավանգարդի մեծ մասի հետ: Պատճառը պարզ է` արդիականության գաղափարը կորցնում է կենաց ուժը: Եվ կորցնում է հատկապես այն պատճառով, որ դրա տակ այժմ հասկանում են ոչ թե մշտական քննադատությունը, այլ ընդունված եւ կոդավորված համաձայնությունը: Հերձվածողության փոխարեն, ինչպես անցած եւ մեր դարաշրջանի առաջին քառորդում, մեր առջեւ համընդհանուր ուղղափառության սիմվոլն է: Մեր ինստիտուցիոն-հեղափոխական կուսակցությունը` մեքսիկական քաղաքական բեմի այդ մոնումենտալ տրամաբանական եւ լեզվական գյուտը` լիովին կարող էր իր տիտղոսը զիջել ժամանակակից արվեստի մեծ մասին: Վերջին տասնհինգ տարին այն` հատկապես գեղանկարչությունն ու քանդակագործությունը, զավեշտական տպավորություն է թողնում: Դպրոցներն արտասովոր արագությամբ փոխարինում են մեկմեկու, բայց սկյուռանվակի ողջ այդ շրջապտույտը տեղավորվում է «կրկնության արագացում» ձեւակերպման մեջ: Երբեք հանուն յուրակերպության, հորինվածքի եւ նորարարության այդպիսի թեժությամբ եւ անձնուրացությամբ լույս աշխարհ չեն բերել այդքան կրկնօրինակումներ: Հների համար ընդօրինակությունը ոչ անքան կանոն էր, որքան պարտք, նրանք չէին էլ վնաս տալիս նորամուծությանն ու անկրկնելիությանը: Իսկ այսօրվա արվեստագետը հակասության ծուղակն է ընկնում, մտադրվելով ընդօրինակել` հայտնաբերում է, հուսալով հայտնագործել` ընդօրինակում է: Եթե այսօրվա վարպետները լրջորեն ուզում են յուրատիպ, անկրկնելի եւ նոր լինել, հարկ էր, որ նրանք ամենից առաջ փակագծի մեջ վերցնեին հենց յուրատիպության, անհատականության եւ նորության գաղափարները` այդ մեր ժամանակի ընդհանուր տեղերը: Continue reading

Leave a comment

16/06/2013 · 2:45 PM

«ԱԿՆԹԱՐԹԻ ՍՐԲԱԶՆԱՑՈՒՄԸ»

paz01
Բանաստեղծի խոսքը` քանզի դրանք բառեր են, միշտ եւ իրենն են, եւ իրենը չեն: Մի կողմից՝ դրանք պատկանում են պատմությանը` տվյալ ազգին, նրա լեզվի տվյալ վիճակին, եւ այդ պատճառով թվագրելի են: Մյուս կողմից, դրանք` մինչ ամենայն թվագրությունն են` հենց սկզբաց սկիզբը: Եթե Հունաստան կոչված անթիվ հանգամանքները չհամընկնեին, ապա ոչ «Իլիականը», ոչ «Ոդիսականը» չէին ծնվի, սակայն առանց դրանց որքա՞ն պատմական իրականություն կմնա Հունաստանից: Յուրաքանչյուր բանաստեղծություն հյուսված է ճշգրիտ թվագրելի բառերի կատարելությունից եւ դրա հետ մեկտեղ՝ նախորդում է ամենայն թվագրման` դա նախածին արարքն է, որը սկզբնավորում է հենց անհատի եւ սոցիումի պատմությունը, տվյալ հասարակության արտահայտությունն ու միաժամանակ նրա հիմքն ու գոյության պայմանն է: Առանց ընդունված խոսքերի՝ բանաստեղծություն չի լինում, առանց բանաստեղծական խոսքի չկա հենց հասարակությունը, պետությունը, Եկեղեցին եւ ցանկացած այլ մարդկային միություն: Բանաստեղծի խոսքը պատմական է երկու միմյանց լրացնող, անքակտելի եւ անհաշտելի իմաստներով` այն հասարակության ծնունդն է, եւ դրա հետ մեկտեղ` հենց հասարակության ելակետային պայմանը:Բանաստեղծությունը սնող լեզուն, ի վերջո, հենց պատմությունն է, ամբողջությունն անունների, հղումների եւ ծանոթագրությունների, որոնցից յուրաքանչյուրը կապված է նեղ պատմական տարածությանը եւ ըստ իմաստի սպառվում է պատմության կենտրոնական գործող անձով` անհատով կամ մարդկանց խմբով: Եվ դրա հետ մեկտեղ՝ պատմության գործքը կազմավորող բոլոր այդ բառերի, իրերի, իրավիճակների եւ գործող անձանց խաչասերումն ունի իր ակունքը` բառը, որ ծնում է նրան ի աշխարհ եւ իմաստ է շնորհում: Ակունքն այդ պատմության մեջ չէ, եւ ոչ էլ` անցյալի, այն միշտ ներկայում է եւ անդադար մարմնավորում է պահանջում: Այն, ինչի մասին պատմում է Հոմերոսը, չի պատկանում թվագրված անցյալին, եւ ընդհանրապես` անցյալին: Դա ինչ-որ ժամանակավոր, եւ սակայն, այսպես ասենք, ի վերա ժամանակի ներկայի անհատնում ծարավն է: Հավերժորեն սկզբում եւ միշտ անվերջանալի լինելիության մեջ, ամեն անգամ այն կրկին կատարվում է ամեն անգամ, հենց մենք արտաբերում ենք հինավուրց հեկզամետրերը: Պատմությունը բանաստեղծական խոսքի կազմավորման վայրն է:Բանաստեղծությունը նախաստեղծ փորձը կապում է բոլոր հաջորդող արարքներին եւ ունակություններին, որոնք էլ հենց կապակցվածություն եւ իմաստ են ձեռք բերում, սոսկ միմիայն հարաբերակցվելով պոեզիայով սրբազնացած նախափորձին: Եվ կարեւոր չէ, թե խոսքն էպոսի, քնարերգության կամ դրամայի մասին է: Ամեն դեպքում ժամանակագրական ժամանակը` ընդունված խոսքը, սոցիալական կամ անձնական հանգամանքները` արմատապես վերափոխվում է:Համատարած հոսքից որսված, այդ մանրամասներն արդեն պարզապես շղթայի օղակներ չեն, եւ ոչ էլ միանման պահերից` վաղուց անցած եւ առջեւում սպասող, դրանք ինչ-որ այլ բանի սկիզբն են: Բանաստեղծությունը հմայական նշանով առանձնացնում է ընտրված պահը ժամանակի հոսքից: «Այստեղ ու այժմը» դառնում են սկզբնակետ` կրքերը, հերոսությունները, աստվածհայտնությունները: Այդ պահը յուրահատուկ լույսով է հագեցած: Այն սրբազնացած է պոեզիայով՝ «սրբազնություն» բառի լավագույն իմաստով: Ի տարբերություն մաթեմատիկայի աքսիոմների, ֆիզիկայի օրենքների կամ փիլիսոփայության հասկացությունների, բանաստեղծությունը փորձից չի հեռանում` ժամանակը նրանում կենդանի է մնում, իր ողջ անկորնչելի լիությամբ եւ դրա հետ մեկտեղ՝ այլ կերպարանքով նորիցնոր վերածնվելու ընդունակությամբ, նոր լույսով լուսավորելով նոր ակնթարթները, նոր փորձը: Սապֆոյի սիրեցյալները եւ հենց ինքն անկրկնելի են եւ պատկանում են պատմությանը, բայց նրա բանաստեղծությունները ողջ են եւ այսօր: Դա ժամանակի հատվածն է, որը ռիթմի իշխանությամբ կարող է մինչ անվերջություն փոխակերպվել: Հատվածը` հաջող խոսք չէ, դա ավարտուն եւ ինքնաբավ, անընդօրինակելի եւ արքիտեկտոնիկ աշխարհ է, որը գոյում է ոչ թե անցյալում կամ գալիքում, այլ հավերժական ներկայում: Հենց ներկայում ապրելու այդ ունակությունն է որսում պոեզիան ժամանակի հոսքից, բայց եւ ամրապինդ կապում է այն պատմությանը:

Քանզի բանաստեղծությունը միշտ ներկայում է, այն գոյություն ունի միայն «այստեղ եւ հիմա», իր գոյության ուժով` մարդկանց մեջ: Ներկայում մնալու համար այն պետք է կայանա մեր ներսում, մարմնավորելով պատմության մեջ: Ինչպես մարդու ամեն մի ստեղծած բան, պոեզիան` պատմության ծնունդն է, ժամանակի եւ տեղի պտուղը: Սակայն դրա հետ մեկտեղ՝ այն հաղթահարում է պատմության սահմանները, արմատավորվելով պատմականին նախորդող ժամանակի մեջ` սկզբաց սկզբի: Մինչ պատմությունը, բայց ոչ նրանից դուրս: Հենց մինչ` որպես արքիտեկտոնիկ, չթվագրվող իրականություն, բացարձակ սկիզբ, ամբողջական եւ ինքնաբավ ժամանակ: Եվ հենց տվյալ պատմության ներսում, եւ ավելին` պատմության` որպես այդպիսին, քանզի այն ողջ է, սոսկ կրկին ու կրկին մարմնավորելով, վերածնելով, վերարտադրելով այդ բանաստեղծական հաղորդության պահը: Պատմությունից կտրված` մարդկանցից, էությունից, նպատակից, որպես նրա ակունք՝ բանաստեղծությունն ունակ չէ ոչ ծնվելու եւ ոչ էլ մարմնավորվելու: Բայց եւ առանց պոեզիայի չկա պատմություն` ոչ նրա ակունքը, ոչ սկիզբը: Continue reading

Leave a comment

16/06/2013 · 2:41 PM

«ՊՈԵԶԻԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ»

առանց պոեզիայի չկա քաղաք

առանց պոեզիայի չկա քաղաք

Պետությանը գեղարվեստական ստեղծագործության վրա իշխանություն վերագրելը` բարբարոսների կործանարար նախապաշարմունքն է: Քաղաքական իշխանությունը մանրէազերծված է, չէ՞ որ նրա էությունը, ինչպիսի գաղափարախոսությամբ էլ նա ծածկվի` այլոց ենթարկումն է: Իհարկե, ինքնարտահայտման ազատությունը միշտ հարաբերական է, այն սահմաններ եւ խոչընդոտներ է ենթադրում, մենք ազատ ենք լոկ այս կամ այն չափով, եւ այդուհանդերձ՝ հեշտ է նկատել ամենուր, ուր որ իշխանությունը կարող է ներխուժել մարդու զբաղմունքների մեջ, արվեստը կամ տկարանում է, կամ ձեռնասուն եւ զուտ մեխանիկական է դառնում: Ոճը` կենդանի երեւույթ է, դա անընդհատ աճ է՝ ընտրած ուղու վրա: Արտաքին ազդեցություններից պաշտպանված, կապված հասարակության մեջ գրվանի տակ դրված գործընթացների հետ, այդ ուղին մինչեւ հայտնի կետը անկանխատեսելի է, ինչպես փայտածածկը: Ընդհակառակը, պատվիրված ոճը սպանում է ստեղծագործական անմիջականությունը, բոլոր մեծ կայսրությունները վաղ թե ուշ միջակացնում են մարդու փոփոխական կերպարը, վերածելով այն անվերջ կրկնվող դիմակի: Իշխանությունը հմայում է, կյանքի բազմազանությունը քարացնելով մեն միակ ժեստում` վսեմ, սարսափազդու կամ թատերական, բայց, ի վերջո, միշտ միեւնույն: «Պետությունը դա ես եմ» բանաձեւը խլում է մարդու դեմքը այն փոխարինելով վերացական անձի քարե դիմագծերով, որը նախատեսված է դարեդար ողջ հասարակությանը օրինակ ծառայելու: Ոճը, այդ մոտիվը, որն անվերջորեն հյուսում է նախկին տարրերը նրա համադրություններում, այլասերվում է խղճուկ կրկներգի:Ժամանակն է վերջապես դադարելու շփոթել «համքարային», «ընկերակցական» ստեղծագործությունը պաշտոնական արվեստի հետ: Առաջինն ապրում է հասարակության հավատալիքներով եւ իդեալներով, երկրորդը` ենթարկվում է բռնատիրական իշխանությանը: Հզոր պետություններն ու կայսրությունները կացարան էին տալիս զանազան գաղափարների եւ ձգտումների` պոլիսի պաշտամունքին, քրիստոնեությանը, բուդդիզմին, իսլամին: Սակայն անհեթեթ է գոթական կամ ռոմանական արվեստում պապական իշխանության պտուղ տեսնելը, իսկ Մատրայի քանդակներում` Կանիշկայի հիմնած կայսրության արտացոլքը: Քաղաքական իշխանությունը կարող է գեղարվեստական ուղղությանը ելք, կիրարկում, ինչ-որ դեպքերում` խթան տալ: Ինչը որ նրա ուժերից վեր է, դա նրան կյանք պարգեւելն է: Ավելին, վաղ թե ուշ այն ստերիլիզացնում է արվեստագետին: Արվեստն իր արմատներով սերում է այս կամ այն հասարակության լեզվից, իսկ դա, ամենից առաջ եւ գերազանցապես, աշխարհի որոշակի պատկեր է: Պետությունը, ինչպես եւ արվեստը, սնուցվում է այդ լեզվով եւ ապրում է աշխարհի այդ պատկերով: Պապական իշխանությունը չի ծնել քրիստոնեությունը, լրիվ ընդհակառակը, լիբերալ պետությունը ստեղծել է բուրժուազիան, այլ ոչ թե ընդհակառակը:Օրինակները կարելի է բազմապատկել: Եվ եթե զավթիչները, ասենք, մուսուլմաններն են Իսպանիայում եւ աշխարհի իրենց պատկերն են պարտադրում ժողովրդին, ապա օտար պետությունն ու նրա մշակույթը այդպես էլ մնում են օտարածին փառ, մինչեւ որ ժողովուրդն իսկապես չյուրացնի այդ կրոնական կամ քաղաքական գաղափարը: Աշխարհի մասին նոր պատկերացումները պետք է խրվեն ապրված հավատալիքների եւ բնական լեզվի բնահողի մեջ` միայն այդ ժամանակ կհայտնվեն արվեստն ու գրականությունը, որոնցում հասարակությունը ճանաչում է ինքն իրեն: Ուրեմն, պետությունը կարող է ներդնել աշխարհի այս կամ այն պատկերը, տրորել այլք եւ արմատախիլ անել մյուսները, բայց զորու չէ պտուղ տալու` ծնելու իր սեփական պատկերը: Նույնն է կատարվում եւ արվեստի հետ` պետությունը չի այն ստեղծում, իսկ փորձելով ի դերեւ հանել, տրորում է, բայց ամենից հաճախ, մտածելով օգտագործել, այլանդակում է, խեղդում կամ դիմակի վերածում: Continue reading

Leave a comment

16/06/2013 · 2:37 PM

ԷՍՍԵ ‹‹ ՊՈԵԶԻԱՆ ԵՎ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ››

0F8F3C82697F48F6BD91701DBEABCFF8
Եվ այդժամ ստացվում է, որ ոչ թե պատմական գիտությունը, այլ կենսագրությունն է բանալի հանդիսանում բանաստեղծական ստեղծագործության համար: Բայց հենց այդտեղ մի նոր խոչընդոտ է առաջանում` չէ՞ որ ցանկացած բանաստեղծի ստեղծագործության մեջ բացառիկ է ուզածդ ստեղծագործություն, այն մեկուսի է եւ այլ եղանակներով հաղորդելի չէ: «Գալաթեան» եւ «Ճամփորդությունը դեպի Պառնաս» չեն բացատրում «Դոն Քիշոտը», «Իֆիգենիան» ամենեւին նման չէ «Ֆաուստին», եւ «Գառների աղբյուրը»` «Դորոթեային»: Ամենայն ստեղծագործություն ունի իր սեփական կյանքը, եւ «Էկլոգները» բնավ այն չէ, ինչ «Էնեականը»: Երբեմն մի ստեղծագործություն ժխտում է մյուսը` Լոտրեամոնի երբեք չհրապարակված բանաստեղծությունների «Առաջաբանը» ճիշտ չի լուսաբանում «Մալդորորի երգերը», «Եղանակը դժոխքում» խելացնորություն է ազդարարում «Պայծառատեսությունների» բառային մոգությունը: Պատմությունն ու կենսագրությունը օգնում են գլուխ հանել ինչ-որ պատմական շրջանի բնույթից, ինչ-որ մեկի կյանքի առանձնահատկություններից, նշում են ստեղծագործության սահմանները եւ նույնիսկ բացատրում են, թե ինչպես է արված բանաստեղծական ստեղծագործությունը: Արվեստի բոլոր ստեղծագործությունների միակ ընդհանրական հատկությունն այն է, որ դրանք, այդ ստեղծագործությունները, մարդկային գործունեության արդյունք են, լինի դա նկարչի կտավ կամ հյուսնի աթոռ: Սակայն բանն այն է, որ բանաստեղծական ստեղծագործությունները` դրանք շատ տարօրինակ ստեղծագործություններ են, դրանց միջեւ բնավ չի զգացվում որեւէ հարազատության կապ, որն այնքան ակնհայտ է արհեստներում: Տեխնիկան եւ ստեղծագործությունը, արհեստի արտադրանքը եւ պոեզիայի արտադրանքն, ըստ էության, տարբեր իրականություններ են: Տեխնիկան միջոց է, իսկ միջոցը գնահատվում է իր արդյունավետության շնորհիվ, այլ կերպ ասած, այն բազմիցս կիրառելու հնարավորության համար, եւ այն արժեքավոր է` մինչեւ նոր միջոցի հայտնվելը: Տեխնիկան` դա կրկնություն է, որը կամ կատարելագործվում է, կամ դեգրադացվում է, դա ժառանգում եւ վերափոխում է` նետը փոխվում է հրացանով: բայց «Էնեականը» չի փոխարինում «Ոդիսականին»: Ամենայն բանաստեղծական ստեղծագործություն` դա բացառիկ բան է, որը ստեղծվում է համապատասխան «տեխնիկայով». որը մեռնում է հենց առարկայի ստեղծման պահին: Այսպես կոչված` «բանաստեղծական տեխնիկան» անհաղորդելի է, չէ՞ որ դա ռեցեպտուրա չէ, այլ հորինվածք, որ պիտանի է միայն նրան, ով դրանք հորինում է: Դա ճիշտ է, որ ոճը, եթե այն հասկանանք որպես եղանակ, որ բնորոշ է արվեստագետների ինչ-որ խմբի կամ ինչ-որ դարաշրջանի, նման է տեխնիկայի, չէ՞ որ դա էլ ժառանգվում, փոխվում եւ պատկանում է կոլեկտիվին: Ոճը` ամենայն ստեղծագործության ելակետն է: Սակայն հենց ադ պատճառով յուրաքանչյուր արվեստագետ ջանում է հաղթահարել ընդհանուր պատմականորեն կազմավորված ոճը: Երբ բանաստեղծը ոճ, գրելաեղանակ է ձեռք բերում, նա դադարում է բանաստեղծ լինելուց եւ վերածվում է գրական արտեֆակտների կոնստրուկտորի: Գոնգորային կոչել բարոկկոյի բանաստեղծ, գուցե թե, եւ ճիշտ է գրականության պատմության տեսանկյունից, բայց դա բոլորովին այդպես չէ նրա համար, ով ուզում է հասու լինել նրա պոեզիային, որը միշտ ավելին է: Իսկապես, այդ Կորդովայի բնակչի բանաստեղծությունները մեզ ցուցանում են բարոկկոյի ոճի բարձրագույն նմուշօրինակները, եւ, այդուհանդերձ, հարկ չկա մոռանալ այն մասին, որ Գոնգորայի համար տիպական էքսպրեսիվ ձեւերը` այն, ինչը մենք այսօր կոչում ենք Գոնգորայի ոճ, նախկինում սոսկ գյուտեր էին, բառաստեղծանում, եւ լոկ հետո այդ ամենը վերածվեց միջոցի, հմտության, կանոնի: Բանաստեղծն օգտագործում, հարմարեցնում եւ վերարտադրում է իր դարաշրջանի ստացվածքը, այսինքն` իր ժամանակի ոճը, բայց նա վերափոխում է այդ հումքը բացառիկ ստեղծագործության մեջ: Գոնգորայի լավագույն պատկերները, ինչպես մեզ հիանալիորեն ցույց է տվել Դամասո Ալոնսոն, հենց կապված է նախորդների եւ ժամանակակիցների գրական լեզուն վերափոխելու տաղանդի հետ: Իհարկե, լինում է եւ այնպես, որ ոճը հաղթում է բանաստեղծին: (Դա երբեք իր ոճը չէ, բանաստեղծը ոճ չունի, դա իր ժամանակի ոճն է): Եվ այդժամ անհաջող պատկերը գործածության մեջ է մտնում, դառնալով ապագա պատմաբանների ու բանասերների ավարը: Այդ եւ այլ քարերից կառուցվում են հենց այն շինությունները, որոնք պատմությունը կոչում է գեղարվեստական ոճ:Ես չեմ ժխտում, որ գոյություն ունեն ոճեր: Ես նաեւ չեմ պնդում, թե բանաստեղծն արարում է ոչնչից: Ինչպես ցանկացած բանաստեղծ, Գոնգորան հենվում է լեզվի վրա: Լեզվի վրա, որն ավելի մաքուր եւ ճշգրիտ է, քան խոսակցականը, գրական լեզվի, ոճի վրա: Սակայն բանաստեղծը Կորդովայից այդ լեզվի շրջանակներից դուրս է գալիս, ավելի ճիշտ, նա այդ լեզուն վերափոխում է բանաստեղծական գործողության մեջ, պատկերներում, գույնում, ռիթմում, տեսիլքներում, Գոնգորան գերազանցում է բարոկկոյի ոճը, Գարսիլասոյինը` տոսկանականն է, Ռուբեն Դարիոինը` մոդեռնիզմը: Ոճերը սնում են բանաստեղծին: Ոճերը ծնվում, հասունանում, մահանում են: Բանաստեղծական ստեղծագործությունները մնում են: Եվ յուրաքանչյուր բանաստեղծական ստեղծագործություն ինքնաբավ ամբողջականություն է կազմում, անկրկնելի եւ բացառիկ նմուշ: Continue reading

Leave a comment

16/06/2013 · 2:33 PM