Category Archives: ԱԼԵԽԱՆԴՐԱ ՊԻՍԱՐՆԻԿ

ԴԻԱՆՆԱՅԻ ԾԱՌԸ

 collage-2

1

Թռիչք եմ կատարել  ինձնից դեպի լուսաբաց:

Թողել եմ մարմինս լույսի կողքին

և ամեն ծնվածի տխրությունն եմ երգել:

2

Սրանք են մեզ առաջադրվող տարբերակները.

մի անցք և մի պատ, որ դողում է:

3

միայն ծարավը

լռությունը

ոչ մի հանդիպում:

 

պաշտպանիր քեզ ինձնից, սեր իմ

պաշտպանիր քեզ անապատի չխոսկանից

դատարկ բաժակով  ճանապարհորդից

և քո ստվերի ստվերից

 

4

ԱՅՍՊԻՍՈՎ

Ով կդադարի սուզել իր ձեռքը  փնտրելու տուրքը մոռացված փոքրիկի: Ցուրտը կվճարի:Կվճարի քամին: Անձրևը կվճարի: Կվճարի ամպրոպը:

 Նվիրվում է Ավրորային և Խուլիո Կորտասարին

Խուլիո Կորտասար և Ավրորա Բերնանդես

Ավրորա Բերնանդես և Խուլիո Կորտասար

Խուլիո և Ալեխանդրա. լավագույն ընկերներ

Խուլիո և Ալեխանդրա. լավագույն ընկերներ

 5

 կարճ կյանքի մի րոպեի համար

բաց աչքերով ապրած  միակի համար

պահի համար, երբ տեսնում ես

փոքր ծաղիկներ ուղեղումդ,

որոնք պարում են ինչպես  բառերը համրի շուրթերին

 

6

«նե»  մերկանում է  իր

 հիշողության դրախտում

«նե» չի ճանաչում իր պատրանքների

 դառը ճակատագիրը

«նե»  վախենում է չկարողանալ անվանել

այն, ինչ գոյություն չունի

 

7

Ցատկում է բոցավառվող վերնաշապիկով

մի աստղից մյուս աստղը:

Մի ստվերից  մյուս ստվերը:

Մեռնում է հեռավոր մահով

«նե» -ն, ով քամուն է սիրում:

 

8

Լուսավորված հիշողություն. պատկերասրահ, ուր թափառում է սպասածիս ստվերը:                        

Ճիշտ չէ, որ կգա: Ճիշտ չէ, որ չի գա:

9

Այս ոսկորները, որ փայլում են գիշերը,

այս թանկարժեք քարերի պես բառերը

քարացած թռչունի կենդանի կոկորդում,

այս կանաչը՝ այդքան սիրված,

այս տաք յասամանը,

այս առեղծվածային սիրտը:

 

10

մի թույլ քամի՝

լի ծալծլված դեմքերով,                                                                                        

որ կտրտում եմ տարբեր ձևերով որպեսզի սիրեմ

 

11  

հիմա

             այս անմեղ ժամին

ես և նա, ով առաջ էի,

նստած ենք հայացքիս շեմին

 

12

 էլ ոչ մի մետաքսե գործվածքով երեխայի

քաղցր կերպարանափոխություն

էլ ոչ մի լուսնոտություն մշուշոտ  քիվերին

 

նրա ձեռքի արթնացումը, որ շնչում էր

ծաղկից և բացվում  քամու հետ

PIZARNIK by Nicole Muchnik-oct 2011

…խոսում ես, որ ինձ չտեսնես

13

բառերով բացատրել այս աշխարհը,

որ պոկեց ինձնից մի նավ՝ տանելով ինձ

 

14

Բանաստեղծությունը, որ չեմ ասում:

Բանաստեղծությունը, որին արժանի չեմ:

Երկուսը լինելու վախ

ճանապարհի հայելի.

 

իմ մեջ քնած ինչ-որ մեկը

ինձ ուտում է և խմում:

 

15

Կարոտում եմ ինձ հետ վարժեցնելը

այն ժամից, երբ ծնվեցի:

Կարոտում եմ հենց նոր եկած

գործերը անմիջապես չկատարելը:

 

16

 կառուցել ես  տունդ

փետրավորել ես թռչուններիդ

հարվածել ես քամուն

սեփական ոսկորներովդ

 

մեն-մենակ վերջացրել ես

այն, ինչ ոչ մեկ չսկսեց

 

 17

Օրեր, երբ մի հեռավոր բառն ինձ պաշարում է: Քայլում եմ այդ օրերի միջով՝  լուսնոտ և թափանցիկ: Հիասքանչ  ավտոմատը  երգում է,  գերվում է, հաշվում է դեպքեր, դեմքեր. կոշտ թելերի մի բույն, որտեղ պարում եմ և լացում  իմ բազմաթիվ թաղումներին:(«նե»-ն  իր վառված հայելին է, իր սպասումը սառը օջախներում, իր առեղծվածային տարերքը, իր անառակությունը անունների, որ ինքնուրույն ավելանում են գունատ գիշերին):

 

այս պահը, որ չի մոռացվում

այս պահը, որ չի մոռացվում

18

որպես մի բանաստեղծություն,

որ հասկանում է իրերի լռությունից

խոսում ես, որ ինձ չտեսնես

 

19

երբ կտեսնեմ այն աչքերը, որ

ունեմ «իմոնց» մեջ դրոշմված

 

20

 ասում է, որ գաղափար չունի  սիրո մահից

ասում է, որ չի վախենում սիրո մահից

ասում է, որ սերը մահ է, վախ է

ասում է, որ մահը վախ է, սեր է,

ասում է, որ չգիտի

 

Նվիրվում է Լաուրե Բատայլոնին

 

21

այնքան անգամ եմ ծնվել

 և կրկնակի տառապել

այստեղն այնտեղն հիշելով

22

 գիշերում

 

մի հայելի փոքրիկ մեռյալի համար

 

մոխրե  մի հայելի

 

23

կոյուղու խողովակից մի հայացքը

կարող է լինել աշխարհի մի ընկալում

 

ապստամբությունը  նրա մեջ է,

որ նայես մի վարդի մինչև փոշիացնես աչքերդ

 

24

(Վոլսի մի նկար)

այս կապերը  բանտարկում են ստվերներին

և նրանց ստիպում են հանձնել լռության պատմությունները

այս թելերը կապում են հայացքը հեծկլտոցի հետ

1946-47 անվերնագիր

1946-47
անվերնագիր

 

25

(Գոյայի ցուցահանդես)

 

գիշերվա մեջ մի անցք

hանկարծակի  պաշարված մի հրեշտակի կողմից

 26

 (Կլեեի մի նկար)

երբ գիշերվա դղյակը

վառում է իր  հմայքը

                       եկեք նվագենք հայելիները

մինչ մեր դեմքերը  երգեն կուռքերի պես

paul-klee-landscape-and-the-yellow-church-tower

paul-klee-landscape-and-the-yellow-church-tower

 

27

արշալույսի մի հարված ծաղիկների մեջ

ինձ թողնում է արբած ոչնչով և յասամանի լույսով

արբած անշարժությաբ և որոշակիությամբ

 

28

հեռանում ես անուններից,

որ հյուսոմ են են իրերի լռությունը

 

29

Այստեղ ապրում ենք կոկորդի մեջ խրած ձեռքով: Այն, որ ոչինչ հնարավոր չէ, գիտեին արդեն նրանք, ովքեր անձրևներ էին  հորինում և գործում էին բառեր բացակայության փոթորիկով: Այդ պատճառով նրանց աղերսների  մեջ կար մի շշուկ ձեռքերի՝ սիրահարված մշուշին:

Նվիրվում է Անդրե Պիեռե Մանդիարգեսին

 

30

երևակայական ձմռանը

թևերի մասին երկեր անձրևին

ջրի հիշողության մեջ մշուշի մատներ

 

31

Դա աչքերը փակելն ու երդվելն է, որ երբեք չես բացի: Քանի որ դրսից սնվում են ժամացույցներով ու ծաղիկներով ծնված  խորամանկությամբ: Բայց փակ աչքերով  և  հիրավի շատ մեծ  տառապանքով շոշափում ենք հայելիների զրկերակները մինչ  մոռացված բառերը հնչեն առեղծվածորեն:

 

32

Աղետի գոտի, որտեղ քնածը ուտում է

 դանդաղորեն

իր սիրտը կեսգիշերին:

 

33

 մի անգամ

            մի անգամ թերևս

կգնամ առանց մնալու

              կգնամ հեռացողի պես

 

նվիրվում է Էսթեր Սինգերին

 

34

փոքրիկ ճամփորդուհին

մեռնում էր՝ բացատրելով իր մահը

 

կենդանական իմաստունները կարոտաբաղձ

այցելում էին նրա տաք մարմինը

 

 35

Կյանք, իմ կյանք, թույլ տուր քեզ ընկել, թույլ տուր քեզ ցավ զգալ, կյանք իմ, թույլ տուր քեզ կապվել կրակին, կուսական լռությանը, գիշերվա տան կանաչ քարերին, թույլ տուր քեզ ընկել, թույլ տուր քեզ ցավ զգալ, կյանք իմ:

 Alejandra-Pizarnik-Buenos-Aires-De-la-serie-Escritores-de-America-Latina-59936-800x600s

36

ժամանակի վանդակի մեջ

քնածը նայում է իր մենակ աչքերին

 

քամին նրան բերում է

տերևների մեղմ պատասխանը

 

նվիրվում է Ալայն Գլասին

 

37

 

ցանկացած արգելված տարածությունից այն կողմ

կա մի հայելի մեր տխուր թափանցիկության համար

 

38

 

Այս ապաշխարած երգը արթուն hսկում էր տողերիս ետևից.

 

այս երգը ինձ բացահայտում է, լռեցնում է:

 

 © Թարգմանությունը ` Մերի Զոհրաբյանի

1 Comment

05/01/2014 · 9:17 PM

ԱԼԵԽԱՆԴՐԱ ՊԻՍԱՐՆԻԿ

tumblr_mlbtnqbhqe1r3741mo1_1280Ալեխանդրա Պիսարնիկ (Alejandra Pizarnik- իսպ., Ապրիլ 29, 1936, Ավելյանեդա  – Սեպտեմբեր 25, 1972, Ավելյանեդա) եղել է Արգենտինայի առաջատար բանաստեղծուհներից մեկը:

Կենսագրություն

Ֆլորա Պիսարնիկ Բրոմիկերը  Էլիաս Պիսարնիկի և Ռեխսլա (Ռոսա ) Բրոմիկերի դուստրն էր, որոնք երկուսն էլ ռուսական ծագման հրենաներ էին, որ զբաղվում էին զարդերի առևտրով: Նա մեծացել է Ավելյանեդայի թաղամասերից մեկում և ուներ ավագ քույր Միրիամ  անունով:

Ալեխանդրայի մանկությունը շատ բարդ է եղել: Նա խոսում էր իսպաներեն ընդգծված եվրոպական առոգանությամբ և կակազում էր: Ուներ շատ լուրջ մաշկայաին բորբոքման խնդիրներ և ավելորդ քաշ ձեռք բերելու հակումներ: Այս խնդիրները լրջորեն ազդել է նրա ինքնագնահատականի վրա: Սեփական մարմնի ընկալումը և  շարունակական համեմատությունը  քրոջ հետ ավելի լարված ու անտանելի էր դարձնում ինքնակառավարումը:

Հնարավոր է, որ այդ իսկ պատճառով էլ էր սկսել ընդունել նյարդային համակարգի խանգարման համար նախատեսված դեղամիջոցներ, որոնք էլ  շուտով կախվածության մեջ են գցել նրան՝ առաջացնելով  երկարատև քնի խանգարումներ, էյֆորիա, անքնություն:

pizarnik4

1954 թ.-ին  ավագ դպրոցից հետո ընդունվել է Բուենոս Այրեսի համալսարանի փիլիսոփայության և բանասիրության ֆակուլտետ: Սովորել է մինչև 1957 թ-ը հաճախելով գրականության, լրագրության և փիլիսոփայության դասընթացների,  բայց չի ավարտել իր ուսումը: Դրան զուգահեռ նկարչություն է սովորել Խուան  Բատլյե Պլանասի հետ:

Մեծագույն դասական հեղինակներին խորը ընթերցելով իր ողջ կյանքում փորձել է խորացնել թեմաները և հասկանալ, թե ինչ են մյուսները արդեն գրել իրենից առաջ:  Այսպես, վաղ տարիքից տարվում է գրականությամբ և մարդու անգիտակցականով, որն էլ իր հերթին ոգևորում  է նրան զբաղվել հոգեվերլուծությամբ:

Լինելով բացարձակ ապաքաղաքական և ուժեղ  ազդված Անտոնիո  Պորչիայի, Ֆրանսիայի սիմվոլիստների, հատկապես Արթուր Ռիմբադի և Ստեֆան Մալյարմեի պոեզիայով , սյուռեալիստներով և ռոմանտիզմի ոգով, գրել է բանաստեղծությունների  գրքերը  թախծոտ  քնարականությամբ և իրեն մտահոգող մտքերը  արտահայտել է թաքնված  պատկերներների միջոցով: Նրա թեմաները պտտվել են մենության, մանկության, ցավի և առաջին հերթին մահվան շուրջ:

13

Նրա առաջին գիրքը եղել է «Ամենախորթ երկիրը»(1955): Հետագայում հրատարակել է «Վերջին անմեղություն» (1956), որը նվիրված էր իր հոգեվերլուծաբան Օսկար Օստրովին և «Կորցրած արկածները» (1958):

1960-1964 թթ.-ին Պիսարնիկը ապրել է Փարիզում, որտեղ աշխատել է Cuadernos ամսագրի  համար, ինչպես նաև որոշ ֆրանսիական խմբագրություններում,  հրապարակել  է բանաստեղծություններ և դիտարկումներ մի քանի թերթերում, թարգմանել է մի շարք ֆրանսիացի գրողների ( ֆր.- Antonin Artaud, Henri Michaux, Aimé Césaire, Yves Bonnefoy,) սովորել կրոնի եւ ֆրանսիական գրականություն պատմություն Սորբոնի համալսարանում:

Այստեղ ընկերացել  է Խուլիո Կորտասարի, Ռոզա  Չասելի և Օկտավիո Պասի հետ: Օկտավիո Պասն էլ գրել է  «Դիաննայի ծառը» ժողովածուի նախաբանը(1962), որն իր բանաստեղծությունների  չորրորդ ժողովածուն էր, որտեղ արդեն լիովին արտացոլվում է նրա՝ որպես հեղինակի հասունությունը, ինչին էլ փորձում էր հասնել Եվրոպայում:

1964 թ.-ին վերադառնում է  Բուենոս Այրես հրատարակելով իր ամենակարևոր ժողովածուները՝  «Գործերն ու գիշերները»(1965), «Գժության քարի դուրս հանումը»(1968) և «Երաժշտական դժոխքը» ​​(1971):

1969 թ.-ին կրթաթոշակ է ստանում և մեկնում  Նյու Յորք, որտեղ գրում է միակ արձակը՝   «Արյունոտ  կոմսուհին»(1971):

1972 թ.-ի սեպտեմբերի  25-ին, 36  տարեկանում ինքնասպան է լինում՝ խմելով 50 դեղահաբ, երբ շաբաթվա վերջին կարողացել էր դուրս գալ Բուենոս Այրեսի  հոգեբուժարանից, որտեղ հայտնվել էր իր դեպրեսիոն նկարի և երկու անգամ ինքնասպանության փորձ անելու պատճառով:

Alejandra Pizarnik Fumando borrosa

Ստեղծագործություններ

Չնայած իր կարճ կյանքին՝ շատ գործեր է հասցրել թողնել.

Մոտավորապես հազար էջերից բաղկացած օրագիր, բանաստեղծությունների մի ամբողջ հեղեղ, բազմաթիվ կարճ սյուռելիստական առակներ և մեկ կարճ վեպ:

  • Ամենախորթ երկիրը 1955.
  • Վերջին անմեղությունը 1956.
  • Կորցրած արկածները 1958.
  • Դիաննայի ծառը 1962.
  • Գործերը և գիշերները 1965.
  • Գժության քարի դուրս հանումը 1968.
  • Անուններ և կերպարներ 1969.
  • Երաժշտական դժոխք 1971.
  • Արյունոտ կոմսուհին 1971.
  • Փոքրիկ երգերը 1971.
  • Բառի ցանկությունը 1975.
  • Ստվերոտ տեքստեր ու վերջին բանաստեղծություներ 1982.
  • Արգելված գոտի 1982
  • Պոետիկ արձակ 1987.
  • Ամբողջական պոեզիա 1955-1972, 2000.
  • Ամբողջական արձակ 2002.
  • Օրագրեր 2003.

 

© Թարգմանություն ` Մ. Զոհրաբյանի

Leave a comment

05/01/2014 · 8:57 PM