Category Archives: ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ

Անցնում է, կամ մեզ է թվում(աշնան թիթեռը)/ ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ

155405_587321811289705_1163769516_n

Թիթեռնիկը թռվռում է, պտտվում է

և երբեմն այրվում  է արևի հետ:

 

Թռչող բոցավառ կետը       

 այժմ անշարժանում է

 տերևի վրա, որ  ճոճվում է:

 

Ինձ ասում էին: Քեզ բան չկա:

Դու հիվանդ չես: Քեզ թվում է:

 

Ես  ոչինիչ չէի պատասխանում:

Եվ անցավ ցանքի ժամանակը:

 

Այժմ տխրության մի ձեռքը            

հորիզոնն է աշուն լցնում:  

 Հոգուցս անգամ տերև է ընկնում:     

 

Ինձ ասում էին: Քեզ բան չկա:

Դու հիվանդ չես: Քեզ թվում է:

 

Հունձք անելու ժամանակն էր:

Արևն այժմ լավանում է:

 

Կյանքում ամեն ինչ անցնում է, ընկերներ:

Անցնում է, կամ մեզ է թվում:

 

Անցնում է ձեռքը, որ առաջ է տանում:

Անցնում է, կամ մեզ է թվում:

 

Անցնում է վարդը, որ քաղում ես:            

Շուրթերը, որ  համբուրում են:

 

Ջուրը, ստվերը կամ բաժակը:

Անցնում են, կամ մեզ է թվում:

 

Անցավ հունձքի ժամանակը:

Արևն այժմ լավանում է:

 

Նրա գոլ լեզուն ինձ օղակում .

նույնն է ասում՝ ՔԵԶ ԹՎՈՒՄ Է:

 

Թիթեռնիկը       թռնում  է  

թռվռում    ու    անհետանում:

 

© Թարգմանությունը իսպաներենից ` Մերի Զոհրաբյանի

Leave a comment

19/04/2014 · 9:21 PM

ԿՈՒՅՐ ԾԵՐՈՒԿ/ ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ

286_17540727983_4080_n

ԿՈՒ՛ՅՐ ԾԵՐՈՒԿ, ԼԱԼԻՍ ԷԻՐ

ԿՈՒ՛ՅՐ ԾԵՐՈՒԿ, ԼԱԼԻՍ ԷԻՐ, երբ քո կյանքը վատը չէր,

Երբ դեռևս աչքերում քո արեգակներ կային:

Ի՞նչ ես սպասում հիմա, երբ լռություն է իջել:

Ի՞նչ ես սպասում հիմա, ո՛վ կույր, այս ցավից:

 

Կարծես նորածին լինես միայնակ քո անկյունում,

Ով ոտքեր չունի` հողի, և աչքեր` ծովի համար,

Անցերեկ, անմթնշաղ կույր գիշերների գրկում

Բութ սպասումից հոգնած գազանի նման:

 

Թե գիտես դու այն ուղին, որն իսկույն քեզ կտանի

Երկու-երեք րոպեում նոր կյանքի հանգրվանին,

Ի՞նչ ես սպասում, կու՛յր ծերուկ, ի՞նչ կարող ես սպասել:

 

Իսկ եթե դաժան ու բիրտ հեգնանքով ճակատագրի

Չգիտես դու այդ ուղին, ո՛վ ծեր ու կույր կենդանի,

Ես, որ զույգ աչքեր ունեմ, քեզ կարող եմ ուղեկցել:

 

ՔՆԱԾ ՋՈՒՐԸ

 

ՈՒԶՈՒՄ ԵՄ ջուրը նետվել, որպեսզի երկինք ընկնեմ:

 

© Թարգմանությունը ` Հասմիկ Ամիրաղյանի

 

Leave a comment

29/08/2013 · 10:18 PM

ՍԻՐՈՒՄ ԵՄ, ԵՐԲ ԼՌՈՒՄ ԵՍ /ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ 15/ ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ

tumblr_mhd0h6D3wx1rj4uo2o1_50015 

Սիրում եմ, երբ լռում ես, կարծես թե դու չկաս,

Ու հեռվից ինձ լսում ես, ու չի դիպչում քեզ ձայնը իմ։

Թվում է, թե աչքերդ թռչում են հեռու քեզնից,

Ու թվում է, թե քո բերանը մի համբույրով կփակվի։

Նման այն ամենին, որով պարուրված է իմ հոգին,

Ծագում ես այն ամենից, որ պարուրում են հոգին իմ,

Թիթեռնակ երազային, դու հիշեցնում ես իմ հոգին,

ՈՒ նաեւ մելամաղձություն բառն ես հիշեցնում դու ինձ։

Սիրում եմ, երբ լռում ես, կարծես թե հեռու ես շատ,

ՈՒ թվում է՝ բողոքում ես՝ թիթեռնակի քո ձայնով։

ՈՒ հեռվից ինձ լսում ես, ու չի հասնում քեզ ձայնը իմ,

Թույլ տուր ինձ՝ խաղաղությունս լռության մեջ գտնեմ քո։

Թույլ տուր ինձ նաեւ խոսել քեզ հետ քո իսկ լռությամբ՝

Լուսամփոփի պես հստակ, մատանու պես հասարակ,

Ասես գիշերը լինես դու՝ լռակյաց ու աստղալի,

Քոնն աստղի լռությունն է՝ հեռավոր ու համեստ անչափ ։

Սիրում եմ, երբ լռում ես, կարծես թե դու չկաս,

Հեռավոր եւ ցավագին՝ կարծես թե մահացած լինես,

Այնուհետ բավական են միայն մի բառ ու մի ժպիտ,

Եվ ես ուրախ եմ անչափ, որ իրական ես, որ դու կաս։

© Թարգմանությունը `  Մելինե Սահակյանի

Leave a comment

24/08/2013 · 10:04 AM

ԿՆՈՋ ՄԱՐՄԻՆ /ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1/ ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ

Camille Claudel

Camille Claudel

1

Կնոջ մարմին, սպիտակ քղանցք, ազդրեր սպիտակ,

Աշխարհն ես պատկերում եղանակով քո հանձնման,

Հողագործի վայրի մարմինն իմ խարխլում է քեզ

Եվ ստիպում երեխային երկրի խորքից դուրս ելնել։

Միայնակ թունել էի։ Փախչում էին թռչուններն ինձնից,

Եվ գիշերն էր սողոսկում էությանս մեջ՝ իր հզոր զավթմամբ։

Կռեցի քեզ, ինչպես մի զենք, որ ես ինքս ողջ մնամ՝

Որպես մի նետ աղեղիս համար, որպես պարսատիկիս մի քար։

Բայց գալիս է ժամը վրեժի անկման, եւ սիրում եմ քեզ,

Մարմին կաշվե, մամռապատ, կաթե՝ թանձր ու ծարավ,

Ա՜խ անոթները կրծքի, ա՜խ աչքերն այս բացակա,

Ա՜խ վարդերն ագամիջյան, ա՜խ ձայնը քո՝ տխուր ու դանդաղ։

Մարմի՛ն կանացի, շնորհիդ արժանանալ կխնդրեմ,

Իմ պապակ, տենչ իմ անսահման, անորոշ իմ ճանապարհ,

Մութ ջրանցքներ, ուր ծարավն է ուղեկցում հավիտյան,

Եվ հոգնությամբ են լցված եւ ցավն է պատում անավարտ։

© Թարգմանությունը `  Մելինե Սահակյանի

Leave a comment

23/08/2013 · 10:28 PM

ԵՐԵԿՈՆ ԿՏՈՒՐՆԵՐԻ ՎՐԱ/ ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ

 

ԵՐԵԿՈՆ կտուրների վրա Ընկնում ու Ընկնում է... Ո՞վ է տվել նրան Թռչնի թևեր, որ գա:

ԵՐԵԿՈՆ կտուրների վրա
Ընկնում ու
Ընկնում է…
Ո՞վ է տվել նրան
Թռչնի թևեր, որ գա:

ԵՐԵԿՈՆ ԿՏՈՒՐՆԵՐԻ ՎՐԱ

 

Lentisimo

 

ԵՐԵԿՈՆ կտուրների վրա

Ընկնում ու

Ընկնում է…

Ո՞վ է տվել նրան

Թռչնի թևեր, որ գա:

 

Եվ լռությունն այս, որ լցնում է

Ամենը,

Աստեղային ո՞ր երկրից է

Եկել մենակ:

Եվ ինչու՞ այս մշուշը

            (դողուն փետուր),

Անձրևի համբույրը

            (զգայական)

 

Ընկավ լուռ (և առհավետ)

            կյանքիս վրա:

 

 

ԸՆԿԵՐ

 

            1

 

ԸՆԿԵ՛Ր, վերցրու՛ քեզ հետ այն, ինչ ուզես:

Զննի՛ր ամեն անկյունը աչքերով:

Թե ցանկանաս, հոգիս կտամ ես քեզ`

Ճերմակ փողոցներով ու երգերով:

 

            2

 

ԸՆԿԵ՛Ր, ստիպի՛ր, որ գիշերով գնա

Տենչանքը հաղթելու` անպետք ու հին:

 

Եթե ծարավ ես, իմ կուժից խմի՛ր:

 

Ընկե՛ր, ստիպի՛ր, որ գիշերով գնա

Տենչանքս, որ վարդի ամբողջ այգին

Ինձ պատկանի:

           

            Ընկե՛ր,

Եթե քաղցած ես, կիսենք իմ հացը:

 

 

ԱՇՆԱՆ ԹԻԹԵՌԸ

 

ԹԻԹԵՌԸ թևում,

Մերթընդմերթ արևից այրվում է:

 

Թռչում է, խայտում, բոցկլտում է

Եվ մի պահ նստում

Տերևին, որ նրան օրորում է:

 

Ասում էին ինձ. _Չունես ոչինչ:

Հիվանդ չես: Քեզ թվում է:

Եվ ես էլ չէի ասում ոչինչ:

Եվ հունձքը անցյալում է:

 

Մի ձեռք է շնչահեղձ լցնում

Այսօր աշխարհը Աշունով

Տերևաթափ է իմ հոգում:

 

Ասում էին ինձ. _Չունես ոչինչ:

Հիվանդ չես: Քեզ թվում է:

 

Դա ժամանակն էր հասկերի:

Հիմա արևը

Կազդուրվում է:

 

Ամեն ինչ կյանքում, ընկերնե՛ր, հեռանում է:

Անցնում է կամ մահանում է:

 

Եվ վարդն է մեռնում, որ պոկում ես:

Բերանն էլ, որ քեզ համբուրում է:

 

Ջուրը, ստվերը, բաժակը

Անցնում են կամ մահանում են:

 

Անցավ հասկերի ժամանակը:

Արևը հիմա կազդուրվում է:

 

Նրա գաղջ լեզուն օղակում է ինձ:

Նա էլ է ասում. _Քեզ թվում է:

 

Թիթեռը թևում,

Թեթև թևում ու

Անհետանում է:

 

 

© Թարգմանություն ` Հասմիկ Ամիրաղյան

 

Leave a comment

30/07/2013 · 8:36 PM

ՆԵՐԲՈՂ ԽՆԴՈՒԹՅԱՆԸ/ ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ

neruda2 (2)

Օ՜, Խնդություն,

Դու տերև՜ ես կանաչ,

Իմ լուսամուտի գոգից նե՜րս ընկած,

Արևի շո՜ղ ես,

Տան պատի վրա.

Փղի կա՜նչ ես դու շեփորահարող

Եվ ոսկու հատիկ՝ լույսի տակ փայլող:

Երբեմն

Բոց ես՝ բռնկված հանկարծ.

Սակայն, անկասկա՛ծ

Եվ, ամենի՛ց շատ _

Հա՛ց հանապազօր,

Հույսի կատարու՛մ,

Ու հատուցված պարտք:

Անսալով փուչ ու սուտ խորհուրդների,

Խնդությու՛ն,

Ես քեզ արհամարհե՜լ եմ.

Ինձ կածաննե՜րն են գերել վշտերի,

Եվ երբեմն ես կյանքին նայել եմ

Սև ակնոցներով

Անցա՜ծ-գնացա՜ծ բանաստեղծների…

Սև երիզո՜վ եմ պատել ես հաճախ

Նույնիսկ իմ տեսած ծաղկունքը շռայլ

Եվ դառնահա՜մ է եղել համբույրը

Սիրուհուս մեղրո՜տ շուրթերի վրա:

Եվ, թեև վա՜ղ է դեռ այս գործն անել,

Թու՛յլ տուր, խնդությու՛ն, իմ մեղքը քավե՜լ…

Ես կարծում էի,

Այն ժամանա՛կ եմ ես օգնում մարդկանց,

Երբ կտրատվու՜մ է իմ սիրտը ցավից.

Երբ, տառապանքի արճիճե հովտում,

Թրջվու՜մ եմ վշտի սև անձրևներից

Եվ, վա՛րդը թողած,

Վերքի՜ն եմ միայն իմ ձեռքը դնում,

Կամ ուրիշների հոգսը բաժանում…

Ի՜նչ հիմարություն…

Մոլորվա՜ծ էի ես մինչև այսօր,

Եվ քե՛զ եմ կանչում հիմա,

Խնդությու՛ն:

Դու հարկավոր ես ինձ

Հողի՛ նման.

Կրակի՜ նման,

Որ վա՜ռ է պահում բոցը օջախի.

Սուրբ ու մաքուր ես

Դու հացի նման.

Կարկաչող՝

Ինչպես ջու՛րը գետակի.

Եվ մեղվի նման

Քաղցրություն տվո՜ղ…

Ների՜ր, խնդությու՛ն,

Պատանի էի ես մի լռակյաց,

Եվ կարծում էի,

Թե բարիքը քո

Անպատշա՜ճ է իմ երազկոտ հոգուն…

Հիմա,

Երբ դու խենթ հեղեղի նման,

Իմ սի՜րտն ես խուժել,

Ես գիտեմ,

Որ դա սխա՜լ էր անգութ.

Եվ հին ու անկյանք գրքերից փրկված,

Հանդիպում եմ քեզ իմ ամե՛ն քայլին…

Իմ ուղեկի՜ցը դարձիր,

Խնդությու՜ն,

Որ մենք միասին,

Անցնենք տնից տուն,

Անցնենք գյուղից գյուղ,

Եվ, աշխարհով մեկ

Միասին սուրանք _

Առած իմ խոսքը,

Աստղերի ցոլքը

Եվ ալիքների փրփու՛րը վայրի…

Ես քեզ կբաշխեմ մարդու՛ն, աշխարհի՛ն.

Չէ՞ որ ես գիտեմ,

Որ իմ խնդությամբ

Ես պարտական եմ արա՜ր աշխարհին.

Եվ ո՛չ ոք, ո՛չ ոք թող չզարմանա,

Որ ես ուզում եմ բաժանել մարդկանց

Քո ողկույզները. _

Ես պայքարի մեջ հասկացա միայն,

Որ իմ գլխավոր պարտքն է աշխարհում

Լինել խնդության ավետաբերը, _

 

Եվ երգո՜վ եմ իմ պարտքը կատարում…

 

© Թարգմանությունը՝ Գևորգ Էմինի /նյութը տրամադրել է Արտաշես Էմինը/

Leave a comment

29/07/2013 · 9:57 PM

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ

Այնքան կարճ է սերը և այնքան երկար մոռացումը...

Այնքան կարճ է սերը և այնքան երկար մոռացումը…

Եթե ինձ մոռանաս

Ուզում եմ, որ իմանաս
մի բան.
գիտես՝ ինչպես է.
երբ նայում եմ
բյուրեղյա լուսնին, կարմիր ճյուղին,
դանդաղընթաց աշնանը՝ իմ պատուհանից,
երբ հպվում եմ
կրակի մոտի
անշոշափելի մոխրին,
կամ փայտի կնճռապատ մարմնին,
ամեն ինչ ինձ բերում է քեզ մոտ,
ինչպես եթե այն ամենը, ինչ գոյություն ունի՝
բույրերը, լույսերը, մետաղները
լինեին փոքրիկ նավակներ,որ լողում են
դեպի քո կղզին, որ ինձ է սպասում:
Եվ այսպես,
թե քիչ-քիչ դադարես ինձ սիրել,
կդադարեմ քեզ սիրել քիչ-քիչ.
եթե հանկարծ
մոռանաս ինձ
մի՛ փնտրիր ինձ,
որովհետև մոռացել եմ քեզ արդեն.

եթե հաշվի առնես տևական և խենթ
դրոշների քամին,
որ անցնում է իմ կյանքում
և որոշես
լքել ինձ ափին
սրտի, որտեղ ունեմ արմատներ
մտածիր
որ այդ օրը,
այդ ժամին
բարձր կձգեմ թևերս
և դուրս եկած արմատներս
ուրիշ հող կփնտրեն:

բայց
եթե ամեն օր
ամեն ժամ
զգաս, որ ինձ համար ես նախանշված
անսասան քաղցրությամբ,
եթե ամեն օր բարձրանա
քո շուրթերի ծաղկը՝ փնտրելու ինձ
ավաղ, սեր իմ, ավաղ, սեր իմ
իմ մեջ կրկնվում է այդ կրակը,
իմ մեջ ոչինչ չի մարում, ոչինչ չի մոռացվում,
իմ սերը կենդանի է քո սիրով, սիրելիս,
և քանի դեռ կաս, այն կմնա քո թևերի մեջ,
առանց հեռանալու ինձնից:

Խնդրում եմ լռություն

Այժմ հեռացեք ինձնից խաղաղությամբ,
Այժմ ընտելացեք առանց ինձ:
Փակում եմ աչքերս:

Եվ ընդամենը հինգ բան եմ ցանկանում,
Հինգ արմատներ են նախընտրելի:

Առաջինը անսահման սերն է:

Երկրորդը աշունը տեսնելն է:
Չեմ կարող ապրել առանց նրա, որ տերևները
Թռչում և վերադառնում են երկիր:

Երրորդը ծանր ձմեռն է,
Անձրևը որ սիրում եմ, շոյանքը
Սառը փայտերի կրակի:

Չորրորդը ամառն է.
Կլոր, ինչպես ձմերուկը:

Հինգերորդը քո աչքերն են:

Իմ Մաթիլդա, ամենասիրելիս,
Չեմ ուզում քնել առանց քո աչքերի
Չեմ ուզում լինել առանց քեզ՝ ինձ նայելիս,
Կտամ գարունը,
Դրա դիմաց, որ շարունակես նայել ինձ:

Սիրելիներ, ահա այն ամենը, ինչ ուզում եմ.
Գրեթե ոչինչ և գրեթե ամեն ինչ:

Հիմա, եթե ուզում եք, հեռացեք:

Ես այնքան եմ ապրել, որ մի օր
Ստիպված կլինեք ակամա մոռանալ ինձ.
Ջնջել ինձ գրատախտակից.
Իմ սիրտն անսահման էր:

Սակայն, եթե հիմա լռություն եմ խնդրում
Չկարծեք, թե պատրաստվում եմ մեռնել.
Ճիշտ հակառակը.
Այն է, որ ապրելու եմ:

Այն է, որ կամ ու լինելու եմ:

Ոչինչ էլ չի լինի, բացի այն,
Որ իմ միջից հացահատիկ է աճում.
Առաջին հատիկները, որ ճեղքում են
Հողը՝ տեսնելու համար լույսը,
Սակայն մութ է մայր հողը.
իմ ներսում էլ մութ է.
ես ջրհոր եմ, որի մեջ ջուրը
գիշերը լքում է իր աստղերը
և մնում միայն դաշտերի համար:

Եվ որքան ապրել եմ,
Նույնքան ցանկանում եմ ապրել:

Երբեք ինձ այսքան հնչեղ չեմ զգացել
Երբեք չեմ ունեցել այսքան համբույրներ:

Հիմա, ինչպես միշտ, վաղ է.
Լույսը թռչում է իր մեղուների հետ:

Թողեք ինձ մենակ օրվա հետ,
Խնդրում եմ, թույլ տվեք ծնվել:

Իմ սրտի համար բավ է քո կուրծքը

Իմ սրտի համար բավ է քո կուրծքը,
Քո ազատության համար բավ են իմ թևերը:
Իմ բերանից մինչ ամպերը կհառնի
Այն, ինչ հանդարտված է քո հոգում:

Եվ քո մեջ ամեն մի օրվա պատրանքն է,
Իջնում ես ինչպես ցողը՝ ծաղկապսակին:
Փորում ես հորիզոնը քո բացակայությամբ:
Ալիքի նման հավերժ վազքի մեջ:

Ասում եմ՝ երգում ես քամու մեջ,
Ինչպես սոսիները, ինչպես նավակայմերը:
Դու նրանց պես բարձր ես և լռակյաց:
Եվ տխուր ես, ինչպես ճամփորդությունը:

Եվ հին ճամփի նման հյուրընկալ ես դու,
Բնակեցված արձագանքներով և կարոտի ձայներով:
Ես արթնանում եմ, և երբեմն թռչում ու չվում են
Թռչունները, որ քնած են քո հոգում:

Իմացիր, որ սիրում եմ քեզ և չեմ սիրում

սոնետ XLIV

Իմացիր, որ սիրում եմ քեզ և չեմ սիրում
Որովհետև կյանքը երկու սեռ ունի.
Բառը լռության մի թևն է,
Կրակը ցրտի մի կեսն է:

Քեզ սիրում եմ, որ սկսեմ քեզ սիրել,
Որ վերսկսեմ անվերջը,
Որ չդադարեմ քեզ սիրել երբեք,
Դրա համար քեզ նորից չեմ սիրում:

Քեզ սիրում եմ և չեմ սիրում, ինչպես եթե ունենայի
Ուրախության բանալիներ իմ ձեռքերում,
և անորոշ ճակատագիր մի դժբախտ:

Իմ սերը երկու կյանք ունի քեզ սիրելու,

դրանից է, որ քեզ սիրում եմ, երբ չեմ սիրում

և դրանից է, որ քեզ սիրում եմ, երբ սիրում եմ:

©Թարգմանությունը իտալերենից՝ Սիրանույշ Օհանյանի

Աղբյուր՝  http://lit-bridge.com/4182/%D5%BA%D5%A1%D5%A2%D5%AC%D5%B8-%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A4%D5%A1-%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/

Leave a comment

18/07/2013 · 3:04 PM

ԵՐԳ 20/ ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ

Պաբլո Ներուդա

Պաբլո Ներուդա

Կարող եմ ամենատխուր  տողերը գրել այս գիշեր:

 

Օրինակ գրել. ‹‹ Գիշերն աստղազարդ է,

և դողում են կապույտ աստղերը հեռվում››:

 

Գիշերվա  քամին  պարում է երկնքում և սուրում է:  

 

Կարող եմ ամենատխուր տողերը գրել այս գիշեր:

Ես նրան սիրում էի.երբեմն նա էլ էր ինձ սիրում:

 

Սրա նման գիշերներին նրան ձեռքերիս մեջ էի առնում:

Եվ   անվերջ համբուրում  երկնքի գրկում:

 

Նա ինձ սիրում էր . երբեմն ես ել էի նրան սիրում:

Բայց ինչպե՞ս չսիրել նրա մեծ, սևեռուն աչքերը:

 

Կարող եմ ամենատխուր  տողերը գրել այս գիշեր:

Մտածել որ նա իմը չէ, զգալ որ նրան կորցրել եմ:

 

Լսել ահռելի գիշերվան,որն ավելի ահռելի է առանց նրա:

Տողերն իջնում են հոգուս վրա  խոտին իջնող ցողերի պես:

Հետո՞ ինչ ,որ իմ սերը չկարողացավ պահել նրան:

Գիշերն աստղազարդ է. բայց նա ինձ հետ չէ:

 

Ահա և վերջ: Հեռվուում երգում է ինչ որ մեկը. Հեռվում:

Հոգիս չի հանգստանում, որ նրան կորցրեց:

 

Մոտ զգալու համար հայացքս նրան  է փնրտրում:

Սիրտս նրան է կանչում, բայց նա ինձ հետ չէ:

 

Նույն սև գիշերն է , որ սպիտակ է ներկում այն  նույն ծառերը:

Մենք`այն ժամանակվանը, արդեն էլ  նույնը չենք:

 

Արդեն նրան չեմ սիրում. ճիշտ է.  բայց, ախր, ինչքան եմ սիրել:

Ձայնս քամի էր փնտրում, որ նրա ձայնին դիպչեր:

 

Ուրիշի՛նը: Ուրիշի՛նն է լինելու նրա ձայնը, թափանցիկ մարմինը:

Անսահման աչքերը, որոնք առաջ ի՛մն էին, իմ համբույրների՛նն էին:

 

 Չեմ սիրում նրան, հա, ճիշտ է, բայց դե, գու՞ցե  սիրում եմ:

Այնքան կարճ է սերը և այնքա՜ն երկար մոռացումը:
Սրա նման հազար գիշերների նրան գրկիս մեջ եմ զգացել:

Հոգիս չի հանգստանում, որ նրան կորցրեց:

 

Թեկուզ սա վերջին ցավը լինի, որ նա ինձ է պատճառում,

Սրանք իմ վերջին տողերն էին, որ  նրան եմ նվիրում:

© Թարգմանությունը` Մերի Զոհրաբյանի

1 Comment

11/07/2013 · 10:14 PM

ՄԻ ԳՆԱ ԱՅԴՔԱՆ ՀԵՌՈՒ

 Մի գնա այդքան հեռու, թեկուզ մի օրով, մի գնա
Չգիտեմ ինչպես ասել` օրը ձգվելու է երկար,
ես սպասելու եմ քեզ դատարկ կայարանում
ու ճամփելու եմ քնատ ինչ-որ տեղ հեռացող բոլոր գնացքներին:
Պաբլո և Մաթիլդե

Պաբլո և Մաթիլդե

Չլքես ինձ, թեկուզ մի ժամով, չլքես,
Թե չէ, գիտես, ցավի փոքրիկ կաթիլները վազքի մրցման կելնեն,
Ծուխը կշրջի ամենուր, կգտնի ինձ տանը,
Դանդաղ կսողոսկի իմ մեջ ու կխեղդի սիրտս` գլուխը լրիվ կորցրած:
Կհալվի՞ նորից քո ուրվագիծը ծովափին,
Կթրթռա՞ն կոպերդ դատարկ տարածության մեջ…
Մի լքիր ինձ, սեր իմ, թեկուզ մի վայրկյան…
Որովհետև այն պահին, երբ հեռանաս ինձնից,
Ես խելագարի նման թափառելու եմ երկրագնդով մեկ ու գոռալու եմ`
Կգա՞ս հետ, հետ կգա՞ս, թե կթողնես ինձ այստեղ` մեռնելու այսքան մենակ:

© Թարգմանություն անգլերենից ` Հասմիկ Սիմոնյան

Աղբյուր՝ http://hs-poetry.blogspot.com/2012/04/blog-post_15.html#more

Կարդում է Հասմիկ Սիմոնյանը

Leave a comment

14/06/2013 · 10:09 PM

ՄԻՇՏ

Պաբլո Ներուդան և նրա կինը՝ Մաթիլդե Ուռութիան

Պաբլո Ներուդան և նրա կինը՝ Մաթիլդե Ուռութիան

Ես չեմ խանդում նրանց,

Ովքեր ինձանից առաջ են եկել:
Դու արի
Տղամարդու հետ՝ թիակներիդ միջից:
Հարյուրների հետ արի` մազերիդ միջից,
և  հազարների` կրծքերիդ ու ոտքերիդ արանքից:
Գետի նման արի`
Ափեափ լեցուն ջրախեղ մարմիններով տղերքի,
Որ գահավիժեցին  վայրի ծովի  մեջ`
Ժամանակի`
Ալեբախվող հավերժորեն ու կատաղած:
Բեր նրանց այնտեղ,
ուր ես կանգնել ու սպասում էի քեզ,
միևնույն է, մենք կլինենք մենակ,
միևնույն է, մենք կլինեն ես ու դու,
Մենակ`
այս երկրի վրա`
Մեր կյանքը սկսելու համար:

© Թարգմանություն անգլերենից ` Հասմիկ Սիմոնյան

Աղբյուր՝ http://hs-poetry.blogspot.com/2012/04/blog-post_15.html#more

Leave a comment

14/06/2013 · 10:06 PM