Category Archives: ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ

ՀՐԱԺԵՇՏ

1
Քո ամենախորքերից նայում է մեզ
տխուր տղայիկը` ծնկած, ինչպես ես:
Հանուն այն կյանքի, որ հոսելու է երակներով նրա
մենք ագուցելու ենք մեր կյանքերն իրար:
Հանուն այս ձեռքերի, թաթիկների քո աղջկա,
մենք սպանելու ենք ու կառուցելու:
Հանուն քո աչքերի` մի օր լայն բացված այս երկրի վրա,
թաքցնելով արցունքներդ` հայտնված անակնկալ:
2
Պետք չի, սիրելիս:
Որովհետև էլ ոչ մի բան մեզ չի միացնի,
այլևս ոչ մի բան մեզ չի միավորի:
Ոչ մի ասված բառ` քաղցրացող քո բերանում,
և ոչ էլ բառերը, որ այդպես էլ  չասվեցին:
Եվ անօգուտ է հեղեղը կրքերի` խշշացող մեզնից քիչ հեռու,
և մեր լացը, որ թողեցինք պատուհանից այն կողմ:

3
Ես սիրում եմ սերը նավազների,
որ համբույր են տալիս ու հեռանում:
Խոստումներ են շպրտում աջ ու ձախ,
բայց երբեք, երբեք չեն վերադառնում:
Եվ ամեն նավահանգստում սպասող մի կին կա,
ում նավազը համբուրեց ու լքեց:
Եվ մի գիշեր էլ անկողին են մտնում
մահվան հետ ծովի վրա:
4
Ես սիրում եմ սերը, որ կիսում են իրար հետ
համբույրներ, անկողին ու հաց:
Սեր, որ կարող է տևել մի ամբողջ հավերժություն
և սեր, որ կարող է արագ անցնել ու գնալ:
Սեր, որ կարող է ազատվել ինքն իրենից`
սիրելու համար հետո նորից:
Աստվածային սեր` մոտեցնող մեզ իրար:
Աստվածային սեր` հեռացնող իրարից:
5
Էլ աչքերս քո աչքերով չես դյութի:
Էլ վերքերս արագ չեն բուժվի, հենց որ գամ քեզ մոտ:
Բայց ուր էլ որ գնամ, հայացքդ կտանեմ ինձ հետ,
որտեղով էլ քայլես, իմ ցավը դու կզգաս:
Ես քոնն էի,
դու` իմը:
Էլ ինչ…
Մենք ունեցանք հիշողության մեր ճամփան, որտեղով սերն անցավ:
Ես քոնն էի:
Դու իմը:
Ինչ-որ մեկը սիրելու է քեզ:
Ինչ-որ մեկը հնձելու է այն, ինչ ես եմ ցանել:
Գնում եմ: Տխուր եմ: Թեև միշտ էլ տխուր եմ եղել:
Ես եկա քո ձեռքերով, հիմա ես ու՞ր գնամ:
Քո սրտի մեջ նստած փոքրիկ տղայիկը ինձ ասում է` հաջող,

Ու ես էլ եմ ասում` հաջող:

© Թարգմանություն անգլերենից ` Հասմիկ Սիմոնյան

Աղբյուր՝ http://hs-poetry.blogspot.com/2012/04/blog-post_10.html#more

 

Leave a comment

14/06/2013 · 10:04 PM

14-րդ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

528563_168630453263987_909649717_n

Ամեն օր խաղում ես լույսի հետ տիեզերքի:

Նրբանուրբ այցելու, դու եկար ծաղիկների միջով ու ջրի:
Ավելին ես դու, քան այս գլուխը սպիտակ, որ բռնում եմ ամուր
ծաղկեփնջի պես իմ ձեռքերով ամեն օր:
Քեզ, ինչպես ոչ ոքի, սիրեցի:
Թույլ տուր քեզ տարածել ծաղկաթերթերի մեջ դեղին:
Հիմա ո՞վ է գրում անունդ ծխահար նամակներում հարավի աստղերի մեջ,
Ա՜խ, թույլ տուր քեզ հիշել այնպիսին, ինչպիսին որ էիր քո գոյից էլ առաջ:Ու հանկարծ ոռնում է քամին ու թակում պատուհանս փակ:

Մութ ձկների ստվերներ են այս ցանցկեն երկնքում:
վաղ թե ուշ այստեղ կգան քամիները բոլոր, բոլոր հնարավոր տեղերից,
ու անձրևը կմերկանա:
Փախչում են թռչունները, թևում հեռու:
Քամին: Քամին:
Ես կարող եմ մրցել միայն մարդու հետ:
Փոթորիկն օդ թռցրեց տերևները մութ
ու խորտակեց նավակները բոլոր, որ դեռ անցյալ գիշեր կապված էին երկնքին:
Դու այստեղ մնացիր: Ախ, չփախար դու հեռու:
Դու կձայնեիր իմ վերջին լացին:
Կկառչեիր ինձնից վախեցածի նման,
Նույնիսկ եթե քո աչքերի առաջ տարօրինակ մի ստվեր մի ակնթարթ է վազել:
Եվ հիմա, և հիմա էլ, փոքրիկս, դու բերում ես ինձ ցախակեռասներ,
ու կրծքերդ բուրում են նրանցով,
ու մինչ տխուր քամին հեռանում է՝ աջ ու ձախ սպանելով թիթեռներին,
ես սիրում եմ քեզ, ու երջանկությունն իմ կծոտում է սալորը քո բերանի:
Matilde-Urrutia-and-pablo-neruda
Ախ, տեսնես ինչքան ես տառապել, մինչև որ համակերպվել ես դու ինձ հետ՝
իմ վայրի ու մենակյաց հոգուն, անվանս, որ ստիպում է բոլորին փախչել:
Մենք շատ անգամ տեսանք վառվող աչքը աստղալույսի, երբ համբուրվում էինք կրկին ու կրկին,
ու պտտվում էր  մեր գլխավերևում մութ բանակը մեզնով հիացածների:
Բառերս անձրևում են քեզ վրա, շոյում քեզ:
Ես երկար եմ սիրել մարմնիդ արևոտ սադափագույնը:
Ու կարծում եմ` դու միակն ես տիեզերքում:
Ես ուրախ ծաղիկներ կբերեմ քեզ համար լեռներից, զանգակածաղիկներ կբերեմ, սիրելիս
մութ տխիլներ ու գեղջկական զամբյուղներ՝ լի համբույրներով
Ես կուզեի քեզ անել այն,
Ինչ գարունն է անում բալենու ծառերի հետ:

«Քսան բանաստեղծություն սիրո և մեկ երգ հուսահատության մասին» շարքից 

© Թարգմանություն անգլերենից ` Հասմիկ Սիմոնյան

Աղբյուր՝ http://hs-poetry.blogspot.com/2013/03/pablo-neruda.html

 

Leave a comment

14/06/2013 · 10:01 PM

ԵԹԵ ԴՈՒ ՄՈՌԱՆԱՍ ԻՆՁ

Ուզում եմ քեզ հետ անել այն, ինչ գարունն է անում բալենու ծառերի հետ

Ուզում եմ քեզ հետ անել այն, ինչ գարունն է անում բալենու ծառերի հետ

Եթե դու մոռանաս ինձ

մի բան կա,
որ ուզում եմ իմանաս:
գիտես թե ինչ է,
երբ նայում եմ
բյուրեղյա լուսնին, կարմիր ճյուղերին
դանդաղ աշնան` պատուհանից այն կողմ,
եթե հպվեմ
խարույկի
անշոշափելի մոխրին
կամ կնճռոտ մարմնին կոճղի,
ամեն ինչ քեզ է հիշեցնում,
կարծես ամեն բան, ինչ գոյություն ուներ,
հոտերը, լույսերը, մետաղները,
փոքրիկ նավակներ էին`
լողացող
իմ կղզիներից քո կղզին, ուր դու էիր ինձ սպասում:
հիմա,
եթե քիչ-քիչ դադարես ինձ սիրել,
ես էլ կդադարեմ քեզ սիրել քիչ-քիչ:
եթե հանկարծ
մոռանաս ինձ,
չփնտրես,
որովհետև ես էլ քեզ արդեն մոռացած կլինեմ:
եթե կարծում ես` սա երկար ու խելագար մի բան է,
պաստառների քամին
անցավ կյանքիս միջով,
և դու մտածեցիր
լքել ինձ ծովափին
իմ սրտի, ուր արմատներ էի ձգել,
հիշիր,
որ այդ օրը
այդ ժամին
ես զենքերս ցած կդնեմ,
ու արմատներս կգնան
ուրիշ հող փնտրելու:
բայց
եթե ինչ-որ մի օր
ինչ-որ մի ժամի
զգաս, որ ինձ համար էիր ստեղծված
դաժան քաղցրությամբ,
եթե ինչ-որ մի օր մի ծաղիկ
ցատկի շուրթերիդ մոտ` փնտրելու ինձ,
օ իմ սեր, իմ միակ,
կրակը նորից կբոցկլտա իմ մեջ,
ներսումս ոչինչ չի մարել, չի մոռացվել,
իմ սերը քո սիրով է սնվում, սիրելիս,
ու այն քո ձեռքերում կլինի այնքան,  ինչքան որ դու կապրես`
չլքելով ինձ:

© Թարգմանություն անգլերենից ` Հասմիկ Սիմոնյան

Աղբյուր՝ http://hs-poetry.blogspot.com/2012/02/blog-post_4065.html


Leave a comment

14/06/2013 · 9:14 PM

ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ

 8640_582179435138852_44036307_n

Պաբլո Ներուդա (իսպաներեն՝ Pablo Neruda — հիմնական անվան տեղն ընդունված կեղծանուն. ի ծնե անունը` Ռիկարդո Էլիեսեր Նեֆտալի Ռեյես Բասոալտո, իսպաներեն՝ Ricardo Eliécer Neftalí Reyes Basoalto) (1904թ. հուլիսի 12 — 1973թ. սեպտեմբերի 23), չիլիացի բանաստեղծ, դիվանագետ և քաղաքական գործիչ։ Չիլիի հանրապետության սենատոր, Չիլիի կոմունիստական կուսակցության անդամ։ ԳրականությանՆոբելյան մրցանակի դափնեկիր (1971)։

Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%A2%D5%AC%D5%B8_%D5%86%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A4%D5%A1

Բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը Պաբլո Ներուդայի մասին

Leave a comment

14/06/2013 · 9:10 PM