ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ ԱԼՖՈՆՍԻՆԱ ՍԹՈՐՆԻ

Alfonsina-StorniԱչք

Հանգստանում է:
Մթնշաղը մեռնում է
խորքում, որտեղ թռչունն է
անշարժ նստած:
Տխուր ծովերը,
շրջապատված,
նրա մեջ
գլորում են
ալիքներն իրենց:
Ցերակային
տեսարանները
դանդաղ
հալվում են նրա մեջ:
Առաջին
երկչոտ աստղերը
սգում են
խուլ հորձանուտը
անշարժ բիբի:
Նրա մութ
խորքում
մարդկանց շարքերը անվերջ
հոսում են
ու հոսում:
Հակառակ
կողմեր են
գնում,
խաչվում են,
նահանջում,
միաձուլվում են,
հպվում
առաջին
շարքերին:
Հառաչում են, քանի որ արևն է ծնվում:
Հառաչում են, քանի որ արևը մեռնում է:
Ամեն ինչ այնտեղ, խորքում,
աչքի շրջանակի մեջ,
ուր
նստած է թռչունն
անշարժ:

Դասերը

Եթե մեր սրտերը արձագանքել կարողանային,
նրանցում կհառնեին ձայները մեռած մարկանց,
և հնարավոր է, նրանց մեջ հնչեին դայլայլները
երգող թռչունների, անտառները լուսավորող:
Չէ որ ըմբռնելով բարությունը օրորոցից
սիրտը սերտում է կյանքն, միաժամանակ
փորձելով մահը, փորձելով ողբերգությունը,
որը սովորել չհասցրինք,
որը մենության մեջ կխաղանք ու կդիտենք:
Քանի անգամ է նա արտասվել, բաբախել ու երգել,
պոկվել ու ընկել է,որ դեպի երկնակամարը թռչի…
Մահը սովորելը համարյա անհույս գործ է`
մենք մահանում ենք ամեն ակնթարթ,
որ հետո մեկ անգամ
մեռնենք:

Աղոթք

Աստվա’ծ իմ, տեսա երազում այնպիսի՜ սեր,
որ աշխարհում ոչ մեկը դեռ չի տեսել,
միայն անմահության հետ գուցե համեմատվեր
և պոեզիայի հետ` առանց խոսքերի` հոգու մեջ լցվող:
Ձմեռը անցավ, բայց առաջվա պես սառում էր
արյունը,
և նորից,համբերատար, գարունով փոխարինվեց ձմեռը,
Ես հուսով էի` ամռանն ինձ կայցելի սերը,
Բայց նույնիսկ աշնանը իզուր տանջվում էի
սպասումով:
Տե’ր Աստված, մեջքն իմ մերկացած է,
և քո մտրակը խիստ անշշուկ կընդունի նա,
որպես անիծված մեղսագործ` ես լսում եմ քո
ահեղ նախատինքը,
չէ որ իմ կյանքի առջև հառնում է հրդեհը
մայրամուտի:
Եվ չիրագործված կրքի մեջ միայն ես եմ մեղավոր,
պոեզիայով տարված` նրան չտեսա, Սինյո’ր:
Նա, ով հասկանում է
Սև, փայլուն վարսերով գլուխը խոնարհելով,
Ոչ երտասարդ գեղեցիկ կինը
Ծնկեց,և խաչված Քրիստոսը
Բարձրից խաչի
Նայեց նրան` ցավակցելով:
Իսկ սրտի տակ` երեխան էր. նա շուտով զավակ էր ունենալու:
Եվ այնպիսի՜ մեծ թախիծ կար նրա աչքերի խորքում:
Եվ արտասվելով` հպվեց նա
Արյունոտված ոտքերին Քրիստոսի.
_Օ՜, Տե’ր Աստված, միայն աղջիկ ծնվի…

Հանդիպում

Տեսադաշտիցս կորցնելով քեզ`
նորից քեզ հանդիպեցի
Ֆլորիդայի մայրուղու անկյունում
և, ձեռնոցներս տրորելով ձեռքումս,
դիմեցի քմծիծաղով.
(որքան ցրված,որքան մռայլ էիր դու)
և հարցրեցի.«Ասացե’ք ինձ խնդրեմ,
ինչու՞ են ձեր ատամները դեղին»:
Դու նայեցիր լուռ կշտամբանքով,
և շրջվեցիր` ձեռքով պատահաբար
անծանոթ կնոջ դիպչելով…
Իսկ հետո քաղաքի թոհուբոհում
ես ճանապարհեցի քո վերարկուն,
գլխարկը…հետքը…կետը…ոչինչ…

Մաշվածը

Երբ ես կմեռնեմ, լուրը այդ մասին
Դեպի անսահմանը կթռչի իր հին ճանապարհով,
Եվ շեմից շեմ կսահի
Բոլոր հաստատություններով,
Եվ կսկսեն փնտրել անունն իմ գրրքերում հաստափոր:
Այնտեղ, հեռավոր գյուղակում,
Որ ննջում է սարերում, արևի տակ,
Հին ծխական գրքի մեջ օտար մի ձեռք
Գիծ կքաշի` գտնելով անունը իմ:

Ես ուզում եմ

Ետ գալ դեպի այն, ինչ նախաստեղծ է,
լինել խոտի, նորահաս ծաղիկների պես, չխորհել,
բայց հասնելով գեղեցկության ակունքներին`
խմել հյութը և չկոտրել զրնգացող գավաթը:

Մի անգամ գարնանը

Որտե՞ղ ես, իմ ընկեր.
որ ասացիր ինձ`
ճերմակ մորուքդ շոյելով.
«Զգու’յշ եղիր, փոքրի’կս, նայի’ր,
Սիրտդ պահպանիր:
Գարուններն անցնում են, և միայն անձրևներն են
սպասում աշնան ճանապարհին…
Զգու’յշ եղիր. տե’ս, որ քեզ
չայրի հրդեհը»:
Ես վախվորած լսում էի նրան`
անսովոր տագնապից դողալով,
«Թռչունները երգում են- պատասխանեցի.-
Գետը զրնգում է,-ասացի»:
Ճակատիս վրա, փոթորիկների հայելում,
հիշում եմ նրա ափերը:
Նա խոնարհվեց դեպի ինձ` շշնջալով,
«Խեղճ աղջիկ…»

© Թարգմանությունը `  Նաիրա Համբարձումյանի

Աղբյուր՝ http://lit-bridge.com/379/%D5%A1%D5%AC%D6%86%D5%B8%D5%B6%D5%BD%D5%AB%D5%B6%D5%A1-%D5%BD%D5%A9%D5%B8%D6%80%D5%B6%D5%AB-%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/

Leave a comment

18/07/2013 · 12:18 PM

Leave a comment